«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Իրան՝ Ծառ տնկելու օր։
Ղրղզստան՝ Դատական համակարգի աշխատողների օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1873 — ծնվել է բանասեր, հրատարակիչ Թեոդիկը (Թեոդորոս Լապճինճյան)։
1905 — ծնվել է քիմիկոս, դոկտոր Սերոբեր Եղիկյանը։
1909 — վախճանվել է նշանավոր աշուղ Ջիվանին։1927 — Բեյրութում հրատարակվել է «Ազդակ» շաբաթաթերթը, որը հետագայում դարձել է օրաթերթ։
1932 — ծնվել է նկարիչ, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը։
1959 — ծնվել է հասարակական, քաղաքական և զինվորական գործիչ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ, Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանը։
1962 — ծնվել է ֆրանսահայ դերասան, «Արամ», «Արարատ» ֆիլմերի գլխավոր դերակատար Սիմոն Աբգարյանը։
2003 — Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ ընտրվել է Հայաստանի նախագահ։
2007 — IBF և IBO վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը պաշտպանել է իր տիտղոսը՝ պարտության մատնելով աշխարհի նախկին չեմպիոն մեքսիկացի Վիկտոր Բուրգոսին, որը մենամարտից հետո հայտնվել է հիվանդանոցում։
2010 — Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հանդես է եկել Էմիր Կուստուրիցան իր The No Smoking Orchestra խմբով։
2013 — որպես էպոսագետ ներկայացող նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը կալանավորվել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի առնչությամբ։
2023 — ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը Արցախի «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, զոհվել է ոստիկանության 3 ծառայող։
ԱՇԽԱՐՀ
1133 — ծնվել է Անգլիայի թագավոր Հենրի II Պլանտագենետը։
1512 — ծնվել է ֆլամանդացի քարտեզագիր, մաթեմատիկոս, փիլիսոփա Գերհարդ Մերկատորը։
1534 — վախճանվել է իտալացի նկարիչ Կորեջիոն։
1558 — բժիշկ Ֆրանցիսկո Ֆերնանդեսը Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի կողմից ուղարկվել է Մեքսիկա՝ եվրոպացիներին անհայտ բույսերը և սնունդը ուսումնասիրելու համար. այդ օրը համարվում է Եվրոպայում ծխախոտի հայտնման օր։
1770 — տեղի է ունեցել «Բոստոնյան սպանդը». Բոստոնում անկարգությունների ժամանակ անգլիացի զինվորները կրակ են բացել քաղաքի բնակիչների ուղղությամբ, որի արդյունքում զոհվել է հինգ մարդ։
1792 — Ֆրանսիայի հեղափոխական կառավարությունը փակել է Սորբոնի համալսարանը և երկրի բոլոր աստվածաբանական ֆակուլտետները։
1827 — վախճանվել է իտալացի ֆիզիկոս և քիմիկոս Ալեսանդրո Վոլտան, որի պատվին է կոչվել «վոլտ» չափման միավորը։
1854 — ծնվել է լոնդոնցի կին գործարար Ռութ Բելվիլը, որն իր հաճախորդներին ժամանակ է վաճառել։
1868 — Անգլիայում արտոնագրվել է ստեպլերը։
1871 — ծնվել է հրեական ծագումով գերմանացի տնտեսագետ և փիլիսոփա Ռոզա Լյուքսեմբուրգը։
1913 — ծնվել է հնդիկ դասական երգչուհի Գանգուբայ Հանգալը։
1933 — Ադոլֆ Հիտլերի նացիստական կուսակցությունը Գերմանիայի Ռայխսթագի ընտրություններում հավաքել է ձայների 43,9 %-ը։
1940 — խորհրդային ղեկավարությունն արձակել է 25 700 լեհ մտավորականների ոչնչացման հրաման։
1940 — վախճանվել է ռուս կոմպոզիտոր, թավջութակահար, ավելի ուշ՝ կառավարիչ, արդյունաբերող և գործարար Ալեքսեյ Դավիդովը։
1946 — Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Ֆուլտոն քաղաքում ելույթի ժամանակ արտասանած ճառում ասել է, որ Եվրոպայի վրա իջել է «երկաթյա վարագույր». սկսվել է «սառը պատերազմը»։
1947 — վախճանվել է իտալացի դաշնակահար, կոմպոզիտոր Ալֆրեդո Կազելլան։
1953 — վախճանվել է ռուս նշանավոր կոմպոզիտոր և դաշնակահար Սերգեյ Պրոկոֆևը։
1953 — վախճանվել է խորհրդային քաղաքական գործիչ, ԽՍՀՄ երկրորդ ղեկավար Իոսիֆ Ստալինը (Ջուղաշվիլի)։
1958 — կատարվել է Յակ-28 ինքնաթիռի առաջին թռիչքը։
1979 — ամերիկյան «Վոյաջեր-1» տիեզերանավն իրականացրել է Յուպիտեր մոլորակին առավելագույն մոտեցումը։
1989 — «Disney Channel» հեռուստաալիքով կայացել է «Չիպն ու Դեյլը շտապում են օգնության» մուլտսերիալի պրեմիերան։
1997 — մեկ քառորդ դար անց Հարավային և Հյուսիսային Կորեաները նստել են բանակցությունների սեղանի շուրջ։
2000 — աշխարհում առաջին անգամ անգլիացի գիտնականները իրականացրել են խոզերի կլոնավորման հաջողված օպերացիա։
2013 — վախճանվել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում