
«Ոչ թե անվտանգության ցուցիչ է այդ պեռաշկին, այլ ձեր ոչ ադեկվատության ցուցիչը», – այսօր Ազգային ժողովում վարչապետին ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Հիմա մենք կարկանդակ ենք ուտում … և մենք ինչքան կարկանդակ ենք ուտում, իրենց քաղաքական վստահելիությունը փլուզվում է: Իրենց խնդիրը հո կարկանդակը չի՞, ու ոչ էլ տարածաշրջանը: Իրանց խնդիրը իրենք են, որ խորհրդարան չեն անցնելու, հասկանում եք», – հակադարձեց Նիկոլ Փաշինյանը:
«Պեռաշկու» վերաբերյալ հարցը վարչապետին այսօր այնքան հունից հանեց, որ ինքնահրկիզվելու կոչից բացի, Փաշինանը պնդեց՝ խորհրդարանական ընդդիմությունը դուրս է մնալու հաջորդ խորհրդարանից:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Խամոյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանին Փաշինյանին հարցրեց՝ որքա՞ն անլուրջ է վարչապետը վերաբերվել Հայաստանի Արտաքին հետախուզական ծառայության զեկույցին, երբ Իրան-Իսրայել-ԱՄՆ պատերազմի առաջին օրը անհոգ «պեռաշկի» էր ուտում ներկուսակցական քարոզարշավի ավտոբուսում: Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց՝ հենց Հայաստանի Արտաքին հետախուզական ծառայությունն է պնդել, որ Իրանում անկայունության աճը կմեծացնի Հայաստանի ավտանգային ռիսկերը:
Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է վարչապետը և ինչով է զբաղվում, Հայաստանում կան ինստիտուտներ, որոնք իրենց աշխատանքը կատարում են:
Վարչապետը վստահեցրեց՝ այն, ինչ կատարվում է Իրանում, Հայաստանի պետական մարմինների համար նորություն չէ, իսկ Իրանում ծավալվող պատերազմի նախորդող և հաջորդող օրերին էլ Հայաստանի Անվտանգության խորհուրդը նիստեր է հրավիրել, պաշտպանության նախարարն էլ անցած շաբաթ եղել է Իրանում:
««Ձեզնից չի երևում, որ ինչ-որ հացադուլ հայտարարած և քուրձ հագած վիճակում եք, ինչի՞ գլխներիդ մոխիր լցրած չի և ինչի՞ քուրձ չեք հագել, կամ ինչի՞ չեք ինքնահրկիզվում ընդհանրապես, ես չեմ հասկանում», – հայտարարեց Փաշինյանը:
«Ձեր հարցի համատեքստում անհասկանալի է՝ ինչի՞ ԱԺ նիստը չենք չեղարկել ընդհանրապես, որ գանք էստեղ ինչ-որ սադրիչ, անկապ հարցեր հնչե՞ն, չեղարկեք նիստը», – ասաց վարչապետը՝ հավելելով. – «Իմիջիայլոց, պեռաշկու տեղը կարող ենք ասել, եթե հանկարծ շատ սովեք, դուք էլ ուտեք»:
«Ձեզ բացառապես մի բան է հետաքրքրում, պարոն Փաշինյան՝ ձեր աթոռի պաշտպանությունը, ու դրա համար դուք ամեն ինչ կանեք, ամեն ինչ», – արձագանքեց ընդդիմադիր պատգամավորը: