
Տարածաշրջանում լարվածության աճի, Լիբանանում զարգացումների ֆոնին լիբանանյան կողմի հետ խորհրդակցությունների արդյունքում որոշում է կայացվել Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախումբ-համույթի՝ /ուղեկիցներով՝ 87 անձ/ ժամանակից շուտ դեպի Հայաստան վերադարձի վերաբերյալ, տեղեկացնում են Լիբանանում ՀՀ դեսպանությունից:
«Middle East Airlines» ավիաընկերության հետ դեսպանության բանակցությունների արդյունքում, ավիաընկերությունը, ընդառաջելով ստացված դիմումին, որոշում է կայացրել հավելյալ, հատուկ այդ նպատակի համար չվերթ կազմակերպել։ Մշտական կապ է պահպանվել նաև Երևանի քաղաքապետարանի հետ:
Դեսպանության կողմից գործարկված թեժ գծի միջոցով Լիբանանից այդ պահին մեկնել ցանկացող քաղաքացիներն ուղղորդվել են ցուցակագրվել տվյալ չվերթին՝ Հայաստան մեկնելու նպատակով։
Դեսպան Սարմեն Բաղդասարյանը և դեսպանության դիվանագետներն իրականացրել են ռմբահարվող տարածքներով դեպի օդանավակայան համույթի տեղափոխման և ուղեկցման աշխատանքներ։ Թռիչքը վայրէջք է կատարել Երևանում»,- ասվում է հաղորդագրությունում: