«Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 2-ի հերթական նիստում ներկայացրել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Նախարարը նշել է, որ ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում անհայտ կորած անձանց մասին համապարփակ օրենսդրություն չկա: Քննարկվող օրենսդրական փաթեթով առաջարկվում է սահմանել, թե ով է համարվում անհայտ կորած անձ, ինչպես նաեւ ամրագրել անհայտ կորած անձանց ու նրանց ընտանիքների անդամների իրավունքները: Սահմանվում են անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգերը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթները եւ հետախուզման դադարեցման դեպքերը: Նախատեսվում է լիազոր մարմնի ներքո ստեղծել անհայտ կորած անձանց միասնական ռեեստր, որի տվյալները հասանելի են լինելու անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին: Սահմանվելու է անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունների շրջանակը:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են տեխնիկական եւ բովանդակային փոփոխություններ: Նպատակն է բացառել «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված հանգամանքներում եւ պայմաններում անհայտ կորած անձանց մասին» օրենքի եւ գործող մի շարք օրենքների դրույթների միջեւ հնարավոր հակասությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter