Նախատեսվում է ստեղծել անհայտ կորած անձանց միասնական ռեեստր․ Սրբուհի Գալյան

«Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 2-ի հերթական նիստում ներկայացրել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Նախարարը նշել է, որ ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում անհայտ կորած անձանց մասին համապարփակ օրենսդրություն չկա: Քննարկվող օրենսդրական փաթեթով առաջարկվում է սահմանել, թե ով է համարվում անհայտ կորած անձ, ինչպես նաեւ ամրագրել անհայտ կորած անձանց ու նրանց ընտանիքների անդամների իրավունքները: Սահմանվում են անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգերը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթները եւ հետախուզման դադարեցման դեպքերը: Նախատեսվում է լիազոր մարմնի ներքո ստեղծել անհայտ կորած անձանց միասնական ռեեստր, որի տվյալները հասանելի են լինելու անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին: Սահմանվելու է անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունների շրջանակը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են տեխնիկական եւ բովանդակային փոփոխություններ: Նպատակն է բացառել «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված հանգամանքներում եւ պայմաններում անհայտ կորած անձանց մասին» օրենքի եւ գործող մի շարք օրենքների դրույթների միջեւ հնարավոր հակասությունները:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment