Արվեստագետի ներաշխարհը ծնվում է այն պահին, երբ նրա սիրտը բաց է աշխարհի հանդեպ․ բաց է լսելու բնության անհաղթահարելի լռությունը, տեսնելու գույների գաղտնի շփոթը, զգալու լույսի ու ստվերի անսպառ խաղը։ Երբ այդ ամենը արձագանքում է հոգու խորքում և մաս առ մաս, երանգ առ երանգ կենդանանում է կտավի վրա՝ դառնալով նոր շունչ ու նոր իմաստ, այնտեղ էլ բացվում է մարդու իսկական էությունը։ Երբ արվեստը գալիս է հայրենի հող
ից, ծնվում է հարազատ եզերքի թրթիռներից, դա այլևս ոչ թե զբաղմունք է, այլ՝ նախասահմանում, առաքելություն։
«Ես շատ փոքրից եմ սկսել նկարել»,– հիշում է գեղանկարիչ Վլադիմիր Սիմոնյանը։ «Երրորդ դասարանից արդեն խմբակ էի գնում։ Մյուս երեխաներին միշտ հարցնում էին՝ մեծանաս ինչպե՞ս ես դառնալու, բայց ինձ այդ հարցը չէր էլ պետք տալ։ Ես արդեն ապրում էի այդ սիրով՝ նկարելու սիրով։ Լավ դասատու ունեի, մեզ պլեներ էր տանում։ Երևի հենց այդ բնության մեջ արված առաջին աշխատանքներն էլ ուսուցանեցին ինձ ամենակարևորը»։
Այս ճանապարհը շարունակվեց նկարչական դպրոցում, հետո՝ Թերլեմեզյանում։ Բայց մանկության հեքիաթային հայացքը երբեք չկորավ․ բնությունը դարձավ նրա հավերժ ուղեկիցը։
«Մանկացած աչքերով էր ամեն ինչն այլ։ Բայց հիմա էլ՝ այս տարիքին, ամեն անգամ մի նոր բան եմ բացում բնության մեջ։ Աստված է ստեղծել բնությունը, մենք պարզապես վերցնում ենք նրանից մի կտոր և փոխադրում կտավի վրա։ Յուրաքանչյուրս՝ մեր ձևով, մեր ոճով»։
Նրա համար ամենամեծ ուրախությունը ստեղծագործության ավարտն է․ այն պահը, երբ զգում ես, որ բնությունից վերցրած մի մասնիկ արդեն ապրում է գույների մեջ։ Դա երբեք նույնը չէ․ «Նույն գույները չեն լինում, նույն տրամադրությունը չի կրկնվում, բայց դու զգում ես, որ այդ աճի մեջ ես՝ բնության հետ, բնության կողքին»։
Սիմոնյանի իսկական արվեստանոցը բաց երկինքն է։ «Հաճախ հարցնում են՝ որտե՞ղ է իմ արվեստանոցը։ Ասում եմ՝ բնությունն է։ Ես այնտեղ եմ աշխատում։ Իհարկե արվեստանոցում էլ բաներ եմ անում, բայց բնության մեջ արված աշխատանքներին գրեթե չեմ համարձակվում ձեռք տալ՝ այն պահը, որ բռնել ես, այլևս չի կրկնվի»,- ասում է նա։
Նա նկարում է այնտեղ, որտեղ զգացողությունը նրան կանգնեցնի։ «Կարող է տաս կիլոմետր քայլեմ ու ոչինչ չգտնեմ։ Բայց մի պահ տեսնում եմ մի անկյուն, որ ասես ինձ ասում է՝ պետք է հենց այստեղ կանգնես ու աշխատես»։
«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:
Վլադիմիր Սիմոնյանի կտավների գույները տաք են, հարազատ, կանչող։ Նույնիսկ ձմեռներն են թվում մեղմ։ Լեռները հավաքել են փեշերը, ասես հրավիրում են, որ ծաղիկներն ու ծառերը գան ու մնան իրենց մոտ։ Գույները պայթում են ամեն քայլափոխի՝ գունագեղ, լուսավոր, հոգուց պոկված։ Պատկերը քարանում է, բայց խորքում ապրում է լուռ սերը՝ դարերի հանդարտությամբ։
Նկարչի աճը երբեք չի դադարում։ «Այսօր ինչ արեցի, վաղը գնամ աշխատեմ՝ նոր բան պիտի սովորեմ։ Նույն բանը չի կրկնվում։ Տարի առ տարի նայում եմ հին աշխատանքներիս․ բոլորն էլ տարբեր են։ Բայց ամեն տեղ մի լավ բան եմ գտնում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը։