Կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլի C6 խմբի Ղազախստանի թիմի դեմ խաղից առաջ Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում:
Կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանի փոխանցմամբ, որակավորման C խմբում Հայաստանը կմրցի Ղազախստանի և Բելառուսի հետ:
«Այսօրվանից մեկնարկել է հավաքը: Պատրաստվում ենք աշխարհի առաջնության ընտրական փուլին C խմբում, որտեղ կմրցենք Ղազախստանի և Բելառուսի թիմերի հետ: Մեզ անհայտ է և մի փոքր խնդիր է Բելառուսի հավաքականը, որովհետև երբեք չենք խաղացել նրանց հետ: Ղազախստանի հետ շատ ենք խաղացել, գիտենք նրանց, միմյանց լավ ճանաչում ենք:
Մեր առջև դրված խնդիրը միշտ ամենաբարձրն է, խաղալու ենք հաղթանակի համար: Թե ինչպես կստացվի, արդեն խաղերը ցույց կտան: Ամեն դեպքում պատրաստվում ենք ամենալավ ձևով և լավ տրամադրվածությամբ խաղերին հաջող մասնակցելու համար», – ասել է Արտակ Ադամյանը:
Ղազախստան-Հայաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 4-ին։ Հավաքականը մրցավայր կմեկնի մարտի 1-ին։