Վիճաբանություն և դանակահարություն Լոռու մարզում․ դանակահարված 2 եղբայրները տեղափոխվել են ԲԿ

Փետրվարի 22-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ երկաթի խողովակի վրա վայր ընկնելու հետևանքով «ակնագնդի տրավմատիկ վնասվածք» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Արշակ Ա-ն, իսկ քիչ անց նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Արտակ Ա-ն՝ «գլխի գագաթաքունքային կոտրվածք ձախից, կրծքավանդակի ձախ կեսի կտրած չթափանցող վերք» վնասվածքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լոռու մարզային քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 22-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ուսանողական 5 հասցեի մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի կողմից Լոռու մարզի բնակիչներ 22-ամյա Տիգրան Բ-ի, 50-ամյա Մարտիկ Ռ-ի, 22-ամյա Արմեն Ռ-ի, 26-ամյա  Ասատուր Ռ-ի, իսկ մյուս կողմից՝ Արշակ Ա-ի և Արտակ Ա-ի միջև, որի ընթացքում Ասատուր Ռ-ն դանակով հարվածներ է հասցրել Արշակ Ա-ին և Արտակ Ա-ին՝ պատճառելով վերոհիշյալ վնասվածքները։

Գ Շամշանի տեղեկություններով Լոռու մարզի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Տիգրան Բ-ին, Ասատուր և Արմեն Ռ-երին ու հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Լոռու մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արտակ և Արշակ Ա-երը հարազատ եղբայրներ են։

Leave a Comment