Երկխոսություն գույների հետ․ Հայդուկ Սմբատյանի «Պատուհաններ» ցուցահանդեսը

Փետրվարի 11-28-ը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունենում հայ գեղանկարիչ Հայդուկ Սմբատյանի «Պատուհաններ» խորագրով ցուցահանդեսը։

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից յուրաքանչյուրը յուրահատուկ պատուհան է, որը բացվում է դեպի նկարչի ընկալած իրականություն՝ հնարավորություն տալով դիտողին հաղորդակցվել արվեստագետի մտքերի ու զգացողությունների հետ։

Նկարչի համար ոգեշնչման գլխավոր աղբյուրը հենց կյանքն է՝ իր շարունակական ընթացքով, փոփոխություններով ու բազմաշերտ իրականությամբ, որի անբաժանելի մասն ենք բոլորս։

Արվեստագետի համոզմամբ՝ արվեստը պետք է ծառայի մարդուն՝ չկտրելով նրան իրականությունից, չխճճելով կամ շփոթեցնելով, այլ հակառակը՝ լուսավորելով միտքը, փոխանցելով ներդաշնակություն և արթնացնելով դրական զգացողություններ։ Նրա կարծիքով ստեղծագործողի ամենակարևոր հատկանիշները մասնագիտական վարպետությունն են, նվիրվածությունն ու սեփական գործի նկատմամբ խոր սերը։

Շտապեք մինչև փետրվարի 28-ը այցելել Երևանի ժամանակակից արվեստի թանգարան՝ վայելելու և բացահայտելու Հայդուկ Սմբատյանի ինքնատիպ և աբստրակտ աշխարհը։

Leave a Comment