
«Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: Ցավոք, Վազգենը կշարունակի մնալ բանտում»,- տեղեկացրել է Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին դատարանը ևս 3 ամսով երկարաձգեց փոդքասթերներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նախնական կալանքը։ Նարեկ Սամսոնյանը հացադուլ հայտարարեց։ 15-օրյա հացադուլից հետո նա տեղափոխվեց հիվանդանոց, ենթարկվեց վիրահատության։ Այդ ընթացքում Վերաքննիչ դատարանը փոխեց նրա խափանման միջոց կալանքը՝ սահմանելով տնային կալանք։ Երեկ հիվանդանոցից դուրս գրված Սամսոնյանին տարան իր բնակության վայր՝ տնային կալանքը կրելու։
Փոդքասթերների դեմ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցից հետո։ Դրան հաջորդող փոդքասթում Վազգեն Սաղաթելյանը բարձրաձայն ընթերցել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ Սիմոնյանը տղաներին անվանել էր «շան որդիներ»։
Ի պատասխան՝ Սաղաթելյանը նմանատիպ վիրավորանք էր հնչեցրել, ինչի համար էլ փոդքասթերները հետագայում ձերբակալվել և մեղադրվել են «խուլիգանության» մեջ։