Սոցիալական աջակցության ոլորտում առաջարկվում են համալիր փոփոխություններ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

  • Նախագծով առաջարկվում են համալիր փոփոխություններ «Սոցիալական աջակցության մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-414-Ն օրենքում՝ ուղղված իրավական բացերի վերացմանը և կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորմանը։

· «Անօթևան» հասկացության վերանայում

  • Օրենքի 3-րդ հոդվածում առաջարկվում է նոր խմբագրությամբ սահմանել «անօթևան» հասկացությունը։
  • Նախատեսվում է, որ անօթևան կհամարվի այն անձը կամ ընտանիքը, որը չունի սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով բնակելի տարածություն և նախորդ երեք տարիների ընթացքում չի օտարել իրեն պատկանող բնակելի տարածությունը։
  • Միաժամանակ սահմանվում է, որ եթե անձը կամ ընտանիքի անդամները միասին ունեն նույն գույքի նկատմամբ մինչև 25 տոկոս մասնաբաժին, ապա դա ինքնին չի բացառի անօթևան համարվելու հնարավորությունը։
  • Այս փոփոխությամբ լուծվում է այն խնդիրը, երբ նույնիսկ աննշան բաժնեմաս ունենալու պարագայում անձը չէր կարող օգտվել կացարանով ապահովման ծառայությունից։

· Հրատապ իրավիճակներում շահառուների շրջանակի ընդլայնում

  • Օրենքի 4-րդ հոդվածում առաջարկվում է սահմանել, որ հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում սոցիալական աջակցություն կարող են ստանալ նաև Կառավարության որոշմամբ նախատեսված այլ անձինք՝ անկախ բնակության կամ կացության կարգավիճակից։

· Սոցիալական սպասարկողների ինստիտուտի ներդրում

  • Նախագծով օրենքում համակարգված կերպով ներառվում է «սոցիալական սպասարկող» հասկացությունը։
  • Սահմանվում են սոցիալական սպասարկողին ներկայացվող պահանջները, մասնագիտական որակավորումը, հավաստագրման կարգը և սոցիալական երաշխիքները։
  • Սոցիալական սպասարկողը պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն և ավարտած լինի հատուկ ուսուցման դասընթաց՝ ստանալով համապատասխան վկայական, եթե չունի սոցիալական աշխատանքի մասնագիտական որակավորում։
  • Միաժամանակ նախատեսվում է հավաստագրման ժամկետային կարգավորում և չհավաստագրվելու դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման հնարավորություն։

· Խնամքի և կենցաղավարման օգնության նոր կարգավորում

Օրենքի 20-րդ, 24-րդ և 26-րդ հոդվածները շարադրվում են նոր խմբագրությամբ։

Կենցաղավարման օգնությունը հստակեցվում է որպես անձի կամ ընտանիքի կենցաղային պահանջմունքները բավարարելու նպատակով տրամադրվող աջակցություն, որը կարող է ներառել՝

  • ֆինանսատնտեսական և սոցիալական հմտությունների զարգացման դասընթացներ,
  • բաղնիքի, լվացքատան կամ սոցիալական տաքսիի կազմակերպում,
  • այլ ձևեր՝ Կառավարության սահմանմամբ։

Խնամքը սահմանվում է որպես տարեց, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների կամ այլ շահառուների համար ընտանեկան միջավայրին առավել մոտ պայմանների ապահովում՝ տնային պայմաններում, ցերեկային կենտրոններում, համայնքային փոքր տներում, խնամատար ընտանիքներում և այլ կազմակերպություններում։

Խնամքի տրամադրման կարգերը, ձևերը և շահառուների խմբերը կսահմանվեն Կառավարության որոշմամբ։

· Ընտանիքի անապահովության գնահատման նոր կարգավորումներ

Օրենքի 18-րդ հոդվածում նախատեսվում է, որ ընտանիքի կազմը ճշգրտելու նպատակով նույն հասցեում հաշվառված այլ անձանց տվյալները կարող են մշակվել առանց նրանց համաձայնության։

Միաժամանակ հստակեցվում են դիմումի մերժման հիմքերը, այդ թվում՝

  • ոչ հավաստի կամ կեղծ տվյալների ներկայացումը,
  • հասցեում հաշվառման բացակայությունը,
  • աշխատանք փնտրող անձի կողմից համապատասխան դիմում չներկայացնելը։

· Բնակարանային և կոմունալ ծառայությունների աջակցություն

Օրենքի 31-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ՝ սահմանելով բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցման կամ հատուցման հստակ կարգավորում։

Բացի այդ, վերանայվում են սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանի տրամադրման պայմանները՝ դրանք համապատասխանեցնելով սոցիալական ծառայության առանձնահատկություններին։

· Բնաիրային օգնության ձևերի հստակեցում

23-րդ հոդվածում նախատեսվում է, որ բնաիրային օգնությունը կարող է ներառել մթերքի, հագուստի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների, դեղերի, ինչպես նաև վառելանյութի տրամադրում կամ դրանց ձեռքբերման համար հատուցում։

· Հավաստագրման և նվազագույն չափորոշիչների կարգավորում

Նախագծով սահմանվում են սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչներ սահմանող ենթաօրենսդրական ակտերի ընդունման ժամկետները և սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների հավաստագրման պարտականությունները։

Նշվում է նաև, որ օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական ակտերը պետք է ընդունվեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում։

Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրառման արդյունքում ծագած խնդիրները և բացերը։

Մասնավորապես՝

  • անհրաժեշտություն է առաջացել վերանայել «անօթևան» հասկացությունը,
  • կարգավորել հրատապ իրավիճակներում շահառուների շրջանակը,
  • սահմանել սոցիալական սպասարկողների մասնագիտական պահանջները և երաշխիքները,
  • հստակեցնել խնամքի և կենցաղավարման օգնության ձևերը,
  • կարգավորել ընտանիքի անապահովության գնահատման գործընթացում տվյալների մշակման և դիմումների ճակատագրի հարցերը,
  • ապահովել սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչների սահմանում և հավաստագրման միասնական մոտեցում։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունումը պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում։

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝

  • կատարելագործել սոցիալական աջակցության ոլորտի իրավական դաշտը,
  • ապահովել սոցիալական ծառայությունների միասնական և հստակ կարգավորում,
  • բարձրացնել սոցիալական ծառայությունների որակն ու հասանելիությունը,
  • խրախուսել շահառուների սոցիալ-տնտեսական ակտիվացումը։

Leave a Comment