Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
- Նախագծով առաջարկվում են համալիր փոփոխություններ «Սոցիալական աջակցության մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-414-Ն օրենքում՝ ուղղված իրավական բացերի վերացմանը և կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորմանը։
· «Անօթևան» հասկացության վերանայում
- Օրենքի 3-րդ հոդվածում առաջարկվում է նոր խմբագրությամբ սահմանել «անօթևան» հասկացությունը։
- Նախատեսվում է, որ անօթևան կհամարվի այն անձը կամ ընտանիքը, որը չունի սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով բնակելի տարածություն և նախորդ երեք տարիների ընթացքում չի օտարել իրեն պատկանող բնակելի տարածությունը։
- Միաժամանակ սահմանվում է, որ եթե անձը կամ ընտանիքի անդամները միասին ունեն նույն գույքի նկատմամբ մինչև 25 տոկոս մասնաբաժին, ապա դա ինքնին չի բացառի անօթևան համարվելու հնարավորությունը։
- Այս փոփոխությամբ լուծվում է այն խնդիրը, երբ նույնիսկ աննշան բաժնեմաս ունենալու պարագայում անձը չէր կարող օգտվել կացարանով ապահովման ծառայությունից։
· Հրատապ իրավիճակներում շահառուների շրջանակի ընդլայնում
- Օրենքի 4-րդ հոդվածում առաջարկվում է սահմանել, որ հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում սոցիալական աջակցություն կարող են ստանալ նաև Կառավարության որոշմամբ նախատեսված այլ անձինք՝ անկախ բնակության կամ կացության կարգավիճակից։
· Սոցիալական սպասարկողների ինստիտուտի ներդրում
- Նախագծով օրենքում համակարգված կերպով ներառվում է «սոցիալական սպասարկող» հասկացությունը։
- Սահմանվում են սոցիալական սպասարկողին ներկայացվող պահանջները, մասնագիտական որակավորումը, հավաստագրման կարգը և սոցիալական երաշխիքները։
- Սոցիալական սպասարկողը պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն և ավարտած լինի հատուկ ուսուցման դասընթաց՝ ստանալով համապատասխան վկայական, եթե չունի սոցիալական աշխատանքի մասնագիտական որակավորում։
- Միաժամանակ նախատեսվում է հավաստագրման ժամկետային կարգավորում և չհավաստագրվելու դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման հնարավորություն։
· Խնամքի և կենցաղավարման օգնության նոր կարգավորում
Օրենքի 20-րդ, 24-րդ և 26-րդ հոդվածները շարադրվում են նոր խմբագրությամբ։
Կենցաղավարման օգնությունը հստակեցվում է որպես անձի կամ ընտանիքի կենցաղային պահանջմունքները բավարարելու նպատակով տրամադրվող աջակցություն, որը կարող է ներառել՝
- ֆինանսատնտեսական և սոցիալական հմտությունների զարգացման դասընթացներ,
- բաղնիքի, լվացքատան կամ սոցիալական տաքսիի կազմակերպում,
- այլ ձևեր՝ Կառավարության սահմանմամբ։
Խնամքը սահմանվում է որպես տարեց, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների կամ այլ շահառուների համար ընտանեկան միջավայրին առավել մոտ պայմանների ապահովում՝ տնային պայմաններում, ցերեկային կենտրոններում, համայնքային փոքր տներում, խնամատար ընտանիքներում և այլ կազմակերպություններում։
Խնամքի տրամադրման կարգերը, ձևերը և շահառուների խմբերը կսահմանվեն Կառավարության որոշմամբ։
· Ընտանիքի անապահովության գնահատման նոր կարգավորումներ
Օրենքի 18-րդ հոդվածում նախատեսվում է, որ ընտանիքի կազմը ճշգրտելու նպատակով նույն հասցեում հաշվառված այլ անձանց տվյալները կարող են մշակվել առանց նրանց համաձայնության։
Միաժամանակ հստակեցվում են դիմումի մերժման հիմքերը, այդ թվում՝
- ոչ հավաստի կամ կեղծ տվյալների ներկայացումը,
- հասցեում հաշվառման բացակայությունը,
- աշխատանք փնտրող անձի կողմից համապատասխան դիմում չներկայացնելը։
· Բնակարանային և կոմունալ ծառայությունների աջակցություն
Օրենքի 31-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ՝ սահմանելով բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցման կամ հատուցման հստակ կարգավորում։
Բացի այդ, վերանայվում են սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանի տրամադրման պայմանները՝ դրանք համապատասխանեցնելով սոցիալական ծառայության առանձնահատկություններին։
· Բնաիրային օգնության ձևերի հստակեցում
23-րդ հոդվածում նախատեսվում է, որ բնաիրային օգնությունը կարող է ներառել մթերքի, հագուստի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների, դեղերի, ինչպես նաև վառելանյութի տրամադրում կամ դրանց ձեռքբերման համար հատուցում։
· Հավաստագրման և նվազագույն չափորոշիչների կարգավորում
Նախագծով սահմանվում են սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչներ սահմանող ենթաօրենսդրական ակտերի ընդունման ժամկետները և սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների հավաստագրման պարտականությունները։
Նշվում է նաև, որ օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական ակտերը պետք է ընդունվեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում։
Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրառման արդյունքում ծագած խնդիրները և բացերը։
Մասնավորապես՝
- անհրաժեշտություն է առաջացել վերանայել «անօթևան» հասկացությունը,
- կարգավորել հրատապ իրավիճակներում շահառուների շրջանակը,
- սահմանել սոցիալական սպասարկողների մասնագիտական պահանջները և երաշխիքները,
- հստակեցնել խնամքի և կենցաղավարման օգնության ձևերը,
- կարգավորել ընտանիքի անապահովության գնահատման գործընթացում տվյալների մշակման և դիմումների ճակատագրի հարցերը,
- ապահովել սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչների սահմանում և հավաստագրման միասնական մոտեցում։
Ֆինանսական ազդեցությունը
Նախագծի ընդունումը պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝
- կատարելագործել սոցիալական աջակցության ոլորտի իրավական դաշտը,
- ապահովել սոցիալական ծառայությունների միասնական և հստակ կարգավորում,
- բարձրացնել սոցիալական ծառայությունների որակն ու հասանելիությունը,
- խրախուսել շահառուների սոցիալ-տնտեսական ակտիվացումը։