Համահայկական Սենատը Նիկոլ Փաշինյանից և նրա վարչախմբից պահանջում է անհապաղ վերադառնալ սահմանադրականության դաշտ:
Մենք՝ Հայոց Ցեղասպանության ժառանգների իրավունքների պաշտպանության մանդատով օժտված և ժողովրդավարական ընտրություններով ձևավորված Սփյուռքի ներկայացուցչական մարմինը, խստագույնս դատապարտում ենք Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) նկատմամբ իրականացվող համակարգված հալածանքները։ Այս գործելաոճը որակում ենք որպես ոտնձգություն հայոց պետականության հիմքերի դեմ և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների խախտում։ Հայաստանի գործող իշխանությունների որդեգրած վարքագիծը վերակենդանացնում է տոտալիտար ռեժիմների ամենամռայլ էջերը։
ՀՀ կառավարության գործողությունները հակասում են Հայաստանի կողմից վավերացված միջազգային հիմնարար փաստաթղթերին և ներպետական օրենսդրությանը. ՀՀ Սահմանադրություն (Հոդված 18). Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա (Հոդված 9). Սահմանում է մտքի, խղճի և կրոնի ազատությունը, որն արգելում է պետական կամայական միջամտությունը կրոնական կառույցների ներքին կյանքին և ինքնավարությանը։
ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր. Պարտավորեցնում է հարգել կրոնական կազմակերպությունների ինքնուրույնությունը և բացառել որևէ հարկադրանք կամ հալածանք։ Մենք դատապարտում ենք իշխանությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին և հոգևոր սպասավորներին բռնության ենթարկելու համար։ Վերահաստատում ենք մեր լիակատար զորակցությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։
Ընդունում ենք, որ ՀԱԵ 1700-ամյա կառույցը կարող է ունենալ ներքին խնդիրներ, սակայն դրանք չնչին են նրա համազգային ավանդի առջև։ Մենք պնդում ենք՝ եկեղեցական ցանկացած հարց պետք է լուծվի բացառապես եկեղեցական կանոնակարգերով և եկեղեցու պատերից ներս։ Պետական ապարատի որևէ ներխուժում այս տիրույթ հանցավոր է։
Մենք պահանջում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և նրա վարչախմբից՝ անհապաղ վերադառնալ սահմանադրականության դաշտ։ Պահջում ենք դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի դեմ իրականացվող քաղաքականապես հրահրված և շինծու «իրավական» հետապնդումները։
Անվավեր ճանաչել Գերագույն հոգևոր խորհրդի անդամների և եկեղեցականների նկատմամբ կայացված բոլոր կամայական ու ապօրինի որոշումները։
Միաժամանակ դիմում ենք Եվրոպական Միության կրոնական կառույցների ղեկավարներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ ակնկալելով հրապարակային գնահատական և աջակցություն քրիստոնեական հնագույն Եկեղեցու դեմ իրականացվող բռնաճնշումների վերաբերյալ։
Մեր ձայնը լինելու է անզիջում և հնչեղ միջազգային բոլոր իրավական ու քաղաքական ատյաններում։
Համահայկական Սենատ
Համակարգող` Ա․Մկրտչյան
16.02.2026թ․
Գերմանիա
orer.eu