Հայտնի են 2026/2027 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերը և դրանց բաշխումը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրայինն քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2026/2027 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որն ընդունվում է  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան:

Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է:

Հայաստանի Հանրապետությունում 2026/2027 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերն՝ ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել.

  1. հավանական գիտական ղեկավարների կողմից ներկայացված հայտերը (մինչև 2025 թվականի հոկտեմբերի 20-ը գիտական թեմաների հավանական ղեկավարները Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով ներկայացրել են հետազոտության ընդհանուր թեմայի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն),
  2. ապագա հետազոտության բովանդակությունը, ինչպես նաև հավանական գիտական ղեկավարի գիտաչափական տվյալները,
  3. գերատեսչությունների ներկայացրած հայտերը,
  4. սովորող ասպիրանտների թիվը, ինչպես նաև անհրաժեշտ համապատասխան մասնագետների քանակը,
  5. նախորդ տարիներին հատկացված տեղերի և փաստացի ընդունելության արդյունքների վերլուծությունը (թափուր տեղեր, համալրված տեղեր),
  6. մրցույթի արդյունքում թափուր տեղերի առաջացման պատճառները:

Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման անկյունաքարային ոլորտներից մեկը գիտությունն է: Երիտասարդ կադրերին գիտության ոլորտում ներգրավելու նպատակով ներդրվել են մրցութային ծրագրեր, որոնց կարող են մասնակցել ասպիրանտուրայի սովորողները, սակայն վերջին տարիներին ասպիրանտուրա ընդունվողների թիվը նվազում է:

  • 2025/2026 ուսումնական տարում առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 144 տեղերից համալրվել է 90-ը (62,5 %-ը), իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 36 տեղերից համալրվել է 15-ը (41,7 %-ը):
  • 2024/2025 ուսումնական տարում առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 180 տեղերից համալրվել է 90-ը (50 %-ը), իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 90 տեղերից համալրվել է 35-ը (39 %-ը):
  • 2023/2024 ուսումնական տարում առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 151 տեղերից համալրվել է 105-ը (69.5 %-ը), իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 35 տեղերից համալրվել է 15-ը (42.9 %-ը):
  • 2022/2023 ուսումնական տարում առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 151 տեղերից համալրվել է 127-ը (84.1 %-ը), իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 35 տեղերից համալրվել է 19-ը (54.3 %-ը):

Հաշվի առնելով նախորդ տարիների ընդունելության արդյունքները, ինչպես նաև ներկայացված հայտերը՝ 2026/2027 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսվում է հատկացնել պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 252 տեղ, որից 207-ը առկա և 45-ը հեռակա:

Նշված 252 տեղերից 158-ը հատկացվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններին՝ 137 առկա և 21 հեռակա, իսկ 24-ը հայագիտությանը՝ 19 առկա և 5 հեռակա:

Վերջին տարիների ասպիրանտուրայի ընդունելության արդյունքների վերլուծությունից պարզ է դառնում, որ համալրվում է հատկացված տեղերի 55-ից 60 տոկոսը:

Համաձայն ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 29-ի N 113 – Լ որոշման N 3 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցի 1.1.2 կետի՝ 2026 թվականին նախատեսվում է դոկտորանտուրայում (ասպիրանտուրայում) սովորողների քանակը հասցնել 600-ի :

Ներկայում, բուհերում և գիտական կազմակերպություններում պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ սովորող ասպիրանտների թիվը 386 է, որոնցից 288-ը ստանում են կրթաթոշակ, նրանցից 74-ը 2026 թվականի հուլիսին ուսումնառությունն ավարտելու են: 2026/2027 ուսումնական տարվա ընդունելության համար հատկացված 252 տեղերը ամբողջությամբ համալրվելու դեպքում 2026 թվականի 2-րդ կիսամյակում ասպիրանտների թիվը կլինի 564 (386-74+252=564):

Նախագծում ընդգրկված մասնագիտությունները և նրանց դասիչները համապատասխանում են Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկում ներառված մասնագիտություններին և նրանց դասիչներին:

ՀՀ 2026-2027 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը

Կազմակերպությունը առկա տեղերի քանակը հեռակա տեղերի քանակը
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ 57 9
«Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ 3 1
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ 10 4
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ 13 4
«Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամ 2 0
«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ 5 2
«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամ 5 0
«Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ 1 1
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ 11 0
Հայ-ռուսական համալսարան ԲՄԿ ՊՈՒՀ 7 0
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ 2 0
«Մատենադարան» Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամ 2 1
«Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ 4 3
«Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ 2 2
Գիտությունների ազգային ակադեմիա 81 16
ՀՀ ՎԱ «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ 2 2
Ընդհանուր 207 45

Ըստ մասնագիտությունների ցանկը այստեղ։

Leave a Comment