Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրայինն քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2026/2027 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որն ընդունվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան:
Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է:
Հայաստանի Հանրապետությունում 2026/2027 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերն՝ ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել.
- հավանական գիտական ղեկավարների կողմից ներկայացված հայտերը (մինչև 2025 թվականի հոկտեմբերի 20-ը գիտական թեմաների հավանական ղեկավարները Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով ներկայացրել են հետազոտության ընդհանուր թեմայի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն),
- ապագա հետազոտության բովանդակությունը, ինչպես նաև հավանական գիտական ղեկավարի գիտաչափական տվյալները,
- գերատեսչությունների ներկայացրած հայտերը,
- սովորող ասպիրանտների թիվը, ինչպես նաև անհրաժեշտ համապատասխան մասնագետների քանակը,
- նախորդ տարիներին հատկացված տեղերի և փաստացի ընդունելության արդյունքների վերլուծությունը (թափուր տեղեր, համալրված տեղեր),
- մրցույթի արդյունքում թափուր տեղերի առաջացման պատճառները:
Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման անկյունաքարային ոլորտներից մեկը գիտությունն է: Երիտասարդ կադրերին գիտության ոլորտում ներգրավելու նպատակով ներդրվել են մրցութային ծրագրեր, որոնց կարող են մասնակցել ասպիրանտուրայի սովորողները, սակայն վերջին տարիներին ասպիրանտուրա ընդունվողների թիվը նվազում է:
- 2025/2026 ուսումնական տարում առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 144 տեղերից համալրվել է 90-ը (62,5 %-ը), իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 36 տեղերից համալրվել է 15-ը (41,7 %-ը):
- 2024/2025 ուսումնական տարում առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 180 տեղերից համալրվել է 90-ը (50 %-ը), իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 90 տեղերից համալրվել է 35-ը (39 %-ը):
- 2023/2024 ուսումնական տարում առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 151 տեղերից համալրվել է 105-ը (69.5 %-ը), իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 35 տեղերից համալրվել է 15-ը (42.9 %-ը):
- 2022/2023 ուսումնական տարում առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 151 տեղերից համալրվել է 127-ը (84.1 %-ը), իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 35 տեղերից համալրվել է 19-ը (54.3 %-ը):
Հաշվի առնելով նախորդ տարիների ընդունելության արդյունքները, ինչպես նաև ներկայացված հայտերը՝ 2026/2027 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսվում է հատկացնել պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 252 տեղ, որից 207-ը առկա և 45-ը հեռակա:
Նշված 252 տեղերից 158-ը հատկացվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններին՝ 137 առկա և 21 հեռակա, իսկ 24-ը հայագիտությանը՝ 19 առկա և 5 հեռակա:
Վերջին տարիների ասպիրանտուրայի ընդունելության արդյունքների վերլուծությունից պարզ է դառնում, որ համալրվում է հատկացված տեղերի 55-ից 60 տոկոսը:
Համաձայն ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 29-ի N 113 – Լ որոշման N 3 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցի 1.1.2 կետի՝ 2026 թվականին նախատեսվում է դոկտորանտուրայում (ասպիրանտուրայում) սովորողների քանակը հասցնել 600-ի :
Ներկայում, բուհերում և գիտական կազմակերպություններում պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ սովորող ասպիրանտների թիվը 386 է, որոնցից 288-ը ստանում են կրթաթոշակ, նրանցից 74-ը 2026 թվականի հուլիսին ուսումնառությունն ավարտելու են: 2026/2027 ուսումնական տարվա ընդունելության համար հատկացված 252 տեղերը ամբողջությամբ համալրվելու դեպքում 2026 թվականի 2-րդ կիսամյակում ասպիրանտների թիվը կլինի 564 (386-74+252=564):
Նախագծում ընդգրկված մասնագիտությունները և նրանց դասիչները համապատասխանում են Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկում ներառված մասնագիտություններին և նրանց դասիչներին:
ՀՀ 2026-2027 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը
| Կազմակերպությունը | առկա տեղերի քանակը | հեռակա տեղերի քանակը |
| «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ | 57 | 9 |
| «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ | 3 | 1 |
| «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ | 10 | 4 |
| «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ | 13 | 4 |
| «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամ | 2 | 0 |
| «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ | 5 | 2 |
| «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամ | 5 | 0 |
| «Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ | 1 | 1 |
| «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ | 11 | 0 |
| Հայ-ռուսական համալսարան ԲՄԿ ՊՈՒՀ | 7 | 0 |
| «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ | 2 | 0 |
| «Մատենադարան» Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամ | 2 | 1 |
| «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ | 4 | 3 |
| «Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ | 2 | 2 |
| Գիտությունների ազգային ակադեմիա | 81 | 16 |
| ՀՀ ՎԱ «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ | 2 | 2 |
| Ընդհանուր | 207 | 45 |
Ըստ մասնագիտությունների ցանկը այստեղ։