
Իշխող ՔՊ-ում համոզված են՝ Սահմանադրության 148-րդ հոդվածը փոխելու և միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին վարչապետ ընտրելու Կարապետյանների պլանը չի աշխատի:
«Իրենք նույն հաջողությամբ կարող են, օրինակ, Հովհաննես Այվազովսկիին առաջադրել որպես վարչապետի թեկնածու, որովհետև նա նույնքան կարող է լինել վարչապետի թեկնածու, որքան ձեր կողմից մատնանշված հարգարժան ռուսաստանցի բիզնեսմենը», – այսօր հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանը պնդում է՝ Սահմանադրության՝ վարչապետին վերաբերող հոդվածը հնարավոր չէ փոխել, քանի դեռ նախագահի կողմից վարչապետ նշանակված չէ: Այսինքն, ըստ Ազգային ժողովի փոխխոսնակի, սկզբից պետք է վարչապետը նշանակվի, հետո՝ օրենքը փոխվի, և ոչ թե հակառակը:
«Ընտրություններից հետո, քաղաքական մեծամասնության կազմավորումից հետո անհապաղ նախագահը նշանակում է մեծամասնության ներկայացրած վարչապետի թեկնածուին», – ասաց Ռուբինյանը՝ շարունակելով. – «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի՝ առաջին նստաշրջանի օրակարգը ֆիքսված է՝ ԱԺ նախագահի ընտրություն, փոխնախագահների ընտրություն, հանձնաժողովի նախագահների ընտրություն: Էս հարցերը մինչև չքննարկվեն, որևէ այլ նախագիծ Ազգային ժողովում չի կարող քննարկվել: Բայց որպեսզի էս հարցերը քննարկվեն, պիտի լինի նշանակված վարչապետ: Հետևաբար՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ»:
Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Սա նշանակում է, որ մեծամասնության վարչապետը նշանկակվում է հենց առաջին նիստին:
Ինչ վերաբերում է առաջին նստաշրջանի օրակարգին, ապա այն հստակ է: Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 33-րդ հոդվածը հստակ սահմանում է՝ առաջին նստաշրջանի օրակարգում կարող է լինել միայն մեկ օրենքի նախագիծ, դա էլ պետք է վերաբերի միայն Կառավարության կառուցվածքի փոփոխությանը:
Սա նշանակում է, որ Կարապետյանները, եթե նույնիսկ կարողանան մեծամասնություն կազմել խորհրդարանում, Սամվել Կարապետյանից բացի պետք է ունենան վարչապետի մեկ այլ թեկնածու, ով համապատախանում է Սահմանադրության պահանջներին և որին նախագահը անմիջապես պետք է նշանակի:
Միայն վարչապետի նշանակումից և առաջին նստաշրջանի օրակարգը սպառելուց հետո, հաջորդ նստաշրջանում մեծասնությունը կկարողանա փոխել Սահմանադրության 148-րդ հոդվածը: Փաստացի միայն այս կերպ կարող է Սամվել Կարապետյանը վարչապետ դառնալու հնարավորություն ստանալ:
Այսինքն՝ իրականում նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սամվել Կարապետյանի դեմքով, բայց իրականում այլ վարչապետի թեկնածուով պետք է մասնակցի ընտրություններին:
«Եթե մենք հիմա քննարկում ենք այն տարբեր ձևերը, թե ինչպես կարող են տարբեր մարդիկ փորձել իշխանություն բռնազավթել Հայաստանում, դրանք կարող են լինել տարբեր լինել՝ նայած ում որ ֆանտազիան ինչպիսին կարող է լինել, բայց չեմ կարծում, որ մեր ժողովուրդը դա թույլ տա», – ասաց Ռուբեն Ռուբինյանը:
Վարչապետի պաշտոնին հավակնող միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանն իրավունք չունի լինել վարչապետի թեկնածու, քանի որ մի քանի երկրի քաղաքացի է, մինչդեռ Սահմանադրության համաձայն՝ վարչապետի թեկնածուն պետք է վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի լինի և վերջին չորս տարում մշտապես Հայաստանում բնակված լինի:
Սահմանադրական այս արգելքը շրջանցելու Կարապետյանների մտադրությունը, որը երեկ հնչեցվեց «Ուժեղ Հայաստան»-ի շնորհանդեսին, Փաշինյանի ղեկավարած ուժը հակասահմանադրական և անթույլատրելի է համարում:
«Ի սկզբանե սա սահմանադրական խախտում է, և չի կարող ուղղակի տենց թղթեր դզելով, գործ սարքելով, ինչ-որ, իրեն հարմարեցնել պետությունը օրենքները», – ասաց ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ ընդգծելով. – «Տեսեք, մենք հիմա կարող ենք, մեծամասնություն ունենք, կարող ենք օրենք ընդունել և ասել՝ բոլոր, ենթադրենք, Սամվել անունով մարդիկ չեն կարո՞ղ լինել թեկնածու: Կարող ենք չէ՞ անել, տեսականորեն կարող ենք վերցնել և անել դա»: