Արվեստագետի ճանապարհը երբեք միայն արհեստ չէ, այն սկսվում է այնտեղից, որտեղ ծնվում է մարդը՝ իր քաղաքի շնչով, գույնով ու բնավորությամբ։ Սամվել Սևադայի համար այդ սկսումը Գյումրին էր՝ քաղաք, որի բակերն ու փողոցները, երկաթե դարպասների ձայնը, մարդկանց խոսքի անհրկագուշակ երգածայնը դարձել էին նրա առաջին ուսուցիչները։ Այդ քաղաքը, իր պարզությամբ ու խորությամբ, դարձավ այն հողը, որից պետք է աճեր ապագա արվեստագետը։
«Ես Լեննականում եմ ծնվել։ Ծնվել եմ պատերազմից հետո, աղքատության ու դժվարությունների այն ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ թանկ էր, բայց մարդը՝ հարուստ։ Մեր տունը մանկատան երկրորդ հարկում էր… այդ միջավայրը, այդ երեխաների հետ ապրած մանկությունը, կյանքի առաջին դառն ու քաղցր պատկերները դարձան իմ բնավորության, իմ աշխարհընկալման հիմքը»,– հիշում է Սևադան։
Չնայած դժվարություններին, արվեստը շատ շուտ գտավ նրան։ Վրձինները պատրաստվում էին կատվի մազերից, ներկերը՝ ամենահարուստ երևակայությունից, բայց ներսում մի ուժ կար, որը չդադարեց մղել նրա ձեռքը դեպի մաքուր թուղթը։ Այդ ներքին ձայնին աջակցեց նաև ընտանիքը․ քեռին առաջինը նկատեց նրա մեջ ծնվող նկարիչին և ճանապարհ հարթեց դեպի Մերկուրովի անվանի դպրոց, որտեղ Սամվել Սևադան պիտի սովորեր ոչ միայն նկարչության լեզուն, այլև պատասխանատվությունը՝ մեծ դպրոցի անունը պահելու պարտքը։
Սևադայի պատմությունը արվեստի հետ միահյուսված է նաև համարձակությամբ․ Երևանը նա տեսավ առաջին անգամ, երբ եկավ ընդունվելու։ Խորհուրդներին ու դժվարություններին հակառակ՝ ընդունվեց, սովորեց, բացեց իր առաջին ցուցահանդեսը, որը դարձավ իր նոր աշխարհի դռները բացող պահը։ Այդ ժամանակից սկսած նա միշտ ապրել է արվեստի ռիթմով՝ նկարել, գրել, խաղացել ֆիլմերում, ուսումնասիրել արվեստի տարատեսակ ոլորտներ։ Ըստ Սևադայի՝ արվեստագետ մարդը «քայլող արվեստ» է՝ իր ամբողջ էությամբ։
«Ամենակարևորը անկեղծությունն է։ Եթե ստեղծագործելիս սկսեցիր ձևացնել, գործը չի ստացվում։ Իսկ երբ դու անկեղծ ես, մի օր առավոտ արթնանում ես, նայում ես քո ստեղծածին ու չես հավատում, որ դա դու ես արել… էդ պահը քեզ է այցելում, քեզանից անկախ»,– ասում է նա։
Արվեստը Սամվել Սևադայի համար միայն կոչում չէ, այլ կենսակերպ։ Նա 51 տարի է, ինչ դասավանդում է, և հազարավոր աշակերտներ հաջողել են շոշափել արվեստի գեղեցկությունը նրա միջոցով։ Նրա համոզմամբ՝ արվեստագետը միշտ այլ գծի վրա է կանգնած՝ ոչ բարձր, ոչ ցածր, այլ՝ պարզապես ուրիշ։
Սևադայի կյանքի մեծ մասն անցել է հայրենիքի հետ անքակտելի կապով։ «Ես մի տեղ չկայ, որ Հայաստանում չլինեմ եղել… իմ երկրի ամեն սար ու քար իմ ձեռքով եմ նկարել, իմ աչքերով տեսել։ Ես Հայաստանի հետ մի տեսակ առեղծվածային կապ ունեմ, նույնքան խոր, որքան իմ մանկության Հոռոմ գյուղի դաշտերի հետ»։ Նրա պատմած գյուղական, գրեթե առասպելական տեսարանները՝ արածող կովերի, հողից եկող ժառանգության մասին, բացում են նրա ներաշխարհի արմատները՝ արվեստ և հող՝ մի ամբողջություն։
Սերը՝ իր բոլոր ձևերով՝ կնոջ, զավակների, հայրենիքի, մարդու հանդեպ, Սևադայի ստեղծագործական աշխարհի առանցքն է։ «Սերը գոյության հանճարն է»,– ասում է նա՝ հիշելով նաև մոր ասածները կյանքի ու մահվան մասին։ Նրա համար մահը վախեցնող չէ, այն պարզապես կյանքի շարունակությունն է։
«Արվեստի գաղտնիքը հնարավոր չէ բացատրել։ Արվեստը բացում է կյանքի ու մահվան բոլոր չբացված դռները։ Այն երջանկություն է՝ և ստեղծողի, և դիտողի համար»։
«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:
Սամվել Սևադայի պատմությունն ու ստեղծագործական աշխարհը ներկայացվում են «Արարման առեղծվածը» շարքի նոր թողարկման մեջ, որտեղ դիտողը հնարավորություն կունենա ոչ միայն լսելու նրա խոսքերը, այլև զգալու այն տիեզերքը, որտեղ ծնվում է նրա արվեստը։
Մանրամասները՝ տեսանյութում։
«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը։