Ռուսաստանը պատրաստ է ուսումնասիրել ԹՐԻՓՓ-ին միանալու տարբերակները. Զախարովա

30 Հունվարի, 2026

Ռուսաստանը պատրաստ է ուսումնասիրել «Թրամփի ուղուն» միանալու տարբերակները: Ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռուսական կողմը կապի մեջ է իր հայ գործընկերների հետ, այդ թվում՝ տնտեսական բլոկի միջոցով։ Այս մասին նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան Հայաստանի տարածքում երկաթուղու գծերը վերականգնելու վերաբերյալ հարցին։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական կողմին խնդրել էր վերականգնել Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններ տանող  հատվածները, հետո նշել, որ հայկական կողմը պատրաստ է հանել այդ հատվածները կոնցեսիայից և վերականգնել սեփական միջոցներով, եթե ռուսական կողմը չկարողանա արագորեն իրականացնել դրանց վերանորոգումը։

«Երևանից ստացված բոլոր հարցումները օպերատիվ կերպով մշակվում են համապատասխան գերատեսչությունների կողմից։ ԹՐԻՓՓ ուղի նախագծի վերաբերյալ մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու մեր մասնակցության հնարավոր տարբերակները, այդ թվում՝ հաշվի առնելով «Ռուսական երկաթուղիներ»-ի եզակի փորձը։ Սակայն արժե ուշադիր ուսումնասիրել այս նախաձեռնության իրականացման և շահագործման բոլոր մանրամասները։ Մենք հասկանում ենք, որ դրա մշակումը միայն սկզբնական փուլում է։

Մեր առաջարկը՝ մանրամասն խորհրդակցություններ անցկացնել բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ, մնում է ուժի մեջ», — ասել է Զախարովան։

Leave a Comment