Թշնամու ցանկացած քայլ կհանդիպի ջախջախիչ պատասխանի. Խամենեիի ներկայացուցիչ

30 Հունվարի, 2026

Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կվտանգի Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների ամբողջ ռազմական ենթակառուցվածքը Մերձավոր Արեւելքում, որը գտնվում է իսլամական հանրապետության զինված ուժերի հասանելիության սահմաններում։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ, էլիտար ռազմական զորամասեր) Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Աբդալա Հաջի Սադեղին։

«Այսօր մեր հասանելիության սահմաններում է ոչ միայն մեկ բազա, այլեւ Միացյալ Նահանգների եւ նրա տարածաշրջանային վարձկանների ամբողջ ենթակառուցվածքը։ Զինված ուժերը պատրաստ են մարտի, եւ թշնամու ցանկացած քայլ կհանդիպի ջախջախիչ պատասխանի ցամաքում, ծովում եւ տարածաշրջանի բոլոր ամերիկյան բազաներում»,- նրա խոսքերը մեջբերել է IRNA գործակալությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան։ Նա հույս էր հայտնել, որ Թեհրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ եւ կկնքի «արդար եւ իրավահավասար» գործարք, որը կներառի միջուկային զենքից լիակատար հրաժարումը։ ԱՄՆ առաջնորդը հիշեցրել է, որ անցյալ տարվա հունիսին Միացյալ Նահանգները հարվածել է իսլամական հանրապետության միջուկային օբյեկտներին «Կեսգիշերային մուրճ» (Midnight Hammer) գործողության շրջանակում։ Նա զգուշացրել է, որ «հաջորդ գրոհը կլինի ավելի վատ»՝ կոչ անելով «այնպես անել, որ դա տեղի չունենա»։

Leave a Comment