Հունվարի 24-ի գիշերը ռուսական զորքերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով կրկին հարվածել են Կիևին, թիրախում են եղել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է մայրաքաղաքի Դնեպր գետի ձախ ափին գտնվող թաղամասերում ջեռուցման և ջրամատակարարման խափանումների մասին։ Բացի այդ, անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել։ Մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը, իր հերթին, հայտնել է, որ քաղաքը գրեթե երկու ու կես ժամ անօդաչու թռչող սարքերի հարձակման տակ է եղել: Խարկովի վրա արձակվել է առնվազն 25 անօդաչու թռչող սարք, քաղաքի մի քանի թաղամասերում վնասվել են բազմահարկ շենքեր, մասնավոր տներ, տեղական հիվանդանոցը և ծննդատունը:
Վերջին հաղորդագրությունների համաձայն՝ Խարկովում ռուսական հարվածներից վիրավորվել է 14 մարդ, այդ թվում՝ հղի կին և երեխա: «Սա դիտավորյալ հարձակում էր խաղաղ քաղաքի վրա՝ այն մարդկանց վրա, ովքեր պարզապես ապրում, աշխատում և երեխաներ են մեծացնում», — ավելի ուշ գրել է Տերեխովը:
Հունվարի 20-ի գիշերը Ռուսաստանը կրկին հարվածել էր Կիևի էներգետիկ ենթակառուցվածքներին, 5635 բազմահարկ շենք մնացել է առանց ջեռուցման։