Համապետական ընտրություններից 4 ամիս առաջ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է փոխել «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը՝ այդ նպատակով հրավիրելով արտահերթ նիստ։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամները բոյկոտել են հարցի քննարկումը՝ քողարկված միտումներ տեսնելով ընտրություններից առաջ արվող փոփոխություններում։
Խորհրդարանական մեծամասնությունը վստահեցրել է, որ փոփոխությունները չեն առնչվում խաղի հիմնական կանոններին, այլ վերաբերում են դիտորդական առաքելություններին։ Նրանց համար քաղաքական չեզոքության ստուգման նոր պահանջներ են սահմանվում, հստակացվում են գործող կանոնները և ընդլայնվում պատասխանատվության մեխանիզմները:
Խորհրդարանական մեծամասնության երեք պատգամավորների նախաձեռնությամբ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները նոր կանոններ են նախատեսում չորս ամիս հետո սպասվող համապետական ընտրություններում դիտորդական առաքելությունների համար։ Իշխանական պատգամավորներն ասում են, որ հաշվի են առել վերջին ընտրությունների փորձը։ Նախագծի համահեղինակ Լիլիթ Մինասյանի ներկայացմամբ՝ նախաձեռնությունը նաև հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի տրամաբանության մեջ է։
«Այս տարիների ընթացքում մեր փորձառությունը համայնքային ընտրությունների, նաև հետսովետական երկրներում ընտրական փորձը ուսումնասիրելով հասկացել ենք, որ հիբրիդային սպառնալիքի մի տեսակ կա` ընտրություններից հետո ընտրությունները դելեգիտիմացնելը, ցույց տալը, որ ընտրական պրոցեսն անցել է ոչ իրավաչափ»։
Նախագիծը ներկայացնող Արուսյակ Ջուլհակյանը նախընտրեց խոսել օրինակներով։
«Առաջին անգամ այս խնդիրը բարձրաձայնել է «Ականատես» դիտորդական առաքելությունը։ Զեկույցում նշվել է հետևյալը․ «Չնայած քարոզչություն անելու արգելքին, Գյումրու ավագանու ընտրություններում դիտարկվել են քաղաքական կողմնակալության դրսևորումներ ԿԸՀ կողմից հավատարմագրված «ՀայաՔվե» դիտորդական առաքելության կողմից, որն ընդգրկել է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» և «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ–ները։ Իրականացրել են ակտիվ քարոզչություն հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ։ Նույն խնդիրը արձանագրվել է Վաղարշապատի ընտրությունների ժամանակ և կրկին «Ականատես» դիտորդական առաքելությունը և «Անկախ դիտորդ» առաքելությունը ԿԸՀ են դիմել այս հարցով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարողանա գործողություններ կատարել նշված խախտման հետ կապված։ Կան կազմակերպություններ, որոնք, ըստ էության, դիտորդի շապիկի տակ քաղաքականությամբ են զբաղվում»։
Սա է պատճառը, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների համար քաղաքական չեզոքության ստուգման նոր պահանջներ սահմանել, հստակացնել արդեն գործող կանոնները և ընդլայնել թե՛ բարեվարքության ստուգման մեխանիզմները, թե՛ իրավասու մարմնի, տվյալ դեպքում ԿԸՀ-ի լիազորությունները խախտումներ արձանագրելու դեպքում։ Նախագծի համահեղինակ Արուսյակ Ջուլհակյան․
«Մենք հստակացրել ենք, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների օգտին քարոզչություն կամ հակաքարոզչություն անող կազմակերպությունը հավատարմագրում կարող է չստանալ կամ եթե նույնիսկ ստացել է, և հետո է ի հայտ եկել, որ քարոզչություն կամ հակաքարոզչություն է անում, այդ դեպքում ԿԸՀ–ն իրավունք ունի վարույթ հարուցելու և այդ վարույթի արդյունքներով ուժը կորցրած ճանաչելու հավատարմագրումը։ Նաև մի կարևոր բաղադրիչ ենք ներմուծում, որ դիտորդական կազմակերպությունները պետք է կարողանան ի ցույց դնել, որ իրենք բարեվարք են։ Նպատակ ունենալով ընտրությունների թափանցիկությունը դիտարկել՝ նաև իրենք են թափանցիկ և հաշվետվողական մեր քաղաքացիների առաջ, և այս հավատարմագրման դիմումը ներկայացնելիս ԿԸՀ–ն հաշվի է առնում նաև տարեկան հաշվետվությունը, որ արդեն իսկ օրենքով նախատեսված պահանջ է․ ներկայացրե՞լ են, թե՞ ոչ, և արդյո՞ք բացահայտել են իրենց ֆինանսավորման աղբյուրները»։
Այս պահանջը նույնպես նախորդ ընտրությունների փորձով է պայմանավորված, որը հիշեցնում է պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
«Մենք պրակտիկայում ի՞նչ ենք տեսել միշտ․ որ քաղաքական ուժերը դիմել են դիտորդական առաքելության ղեկավարներին, առաջարկել մարդկանց, որոնք իբրև թե անաչառ դիտորդ են, բայց իրականում սպասարկել են տվյալ քաղաքական ուժի շահերը»։
Նախագծի համահեղինակների կարծիքով՝ ընտրական օրենսդրության գործող մեխանիզմները բավարար չեն այն իրավիճակներում, երբ դիտորդի անաչառության կանոնը խախտվում է: Առաջարկների հիմնական նպատակը հենց այդ մեխանիզմների սահմանումն է:
Պատգամավոր Հովիկ Աղազարյանին մտահոգում են ոչ թե առաջարկվող փոփոխությունները, այլ դրանց համար ընտրված ժամկետը։ Համոզված է, որ խաղի կանոնները պետք է փոխվեն ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ։ Պատգամավոր Ջուլհակյանը, սակայն, հավաստիացնում է՝ միջազգային հեղինակավոր՝ Վենետիկի հանձնաժողովի ուղեցույցը չի խախտվում։
«Այդ ուղեցույցը ասում է, որ ցանկալի չէ ընտրական օրենսգրքի ֆունդամենտալ տարրերի փոփոխությունը ընտրություններից անմիջապես առաջ և մասնավորեցնում է, թե որոնք են այդ ֆունդամենտալ տարրերը․ ընտրական կարգը, այսինքն` համամասնական, թե մեծամասնական, երկրորդը՝ ընտրական հանձնաժողովներում անդամության առնչվող հարցերը, և երրորդը՝ ընտրատարածքների սահմանների փոփոխությունները։ Այսինքն` Վենետիկի հանձնաժողովի այդ դիրքորոշումը վերաբերելի է ոչ հենց ֆունդամենտալ տարրերին։ Մենք այստեղ որևէ գլոբալ փոփոխություն չենք անում, և խաղի որևէ կանոն չի փոխվում։ Այս նախագծով ընդամենը հստակացվում է արդեն գործող կանոնը»։
Մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունն այլ կարծիքի է։ Ավելի խորքային խնդիրներ են տեսնում, ինչի մասին ահազանգում է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Սա հերթական փորձն է ընտրական գործընթացներն ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ բերելու և ընտրակեղծիքները օրինականացնելու։ Այս ամենը ընդունելի չէ, մերժելի է։ Մենք նաև միջազգային կառույցների ուշադրությունն ենք հրավիրում այս հարցի վրա, տեղական դիտորդական կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում։ Մենք մտադիր չենք մասնակցելու հարցի քննարկմանը, հետևաբար «Հայաստան» խմբակցությունը հայտարարում է, որ սա հերթական հակապետական, հակաժողովրդավարական, հակաօրինական ընթացքն է»։
Արծվիկ Մինասյանը սա հայտարարեց նիստի սկզբում։ Խմբակցությունը բոյկոտեց քննարկումը, հետևաբար Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները քննարկվեցին միայն խորհրդարանական մեծամասնության մասնակցությամբ։ Օրենքի համահեղինակները չհասկացան «Հայաստան» խմբակցության գործընկերների ընդվզումը։ Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ ակնկալում էր շահագրգիռ քննարկում ընդդիմադիրների մասնակցությամբ։
«Տպավորություն է, որ «Հայաստան» խմբակցությունը շահագրգռված է նրանում, որ դիտորդի շապիկ հագած քաղաքական գործիչները շարունակեն զբաղվել քաղաքականությամբ դիտորդական առաքելությունների շրջանակում, ընտրատեղամասերում և այդ ընտրական, այսպես ասած, «խուժանությունները» շարունակական լինեն։ Սա, կարծում եմ, անընդունելի է»։
Ջուլհակյանը տեղեկացրեց, որ նախագիծը քննարկել են չորս հասարակական կազմակերպությունների հետ, որոնցից են «Ականատես» և «Անկախ դիտորդ» կազմակերպությունները, ինչպես նաև IFES-ի՝ ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ։
«Կեղծ դիտորդական կազմակերպությունների հետ բնականաբար նախագիծը չի քննարկվել, որովհետև այս նախագիծը ուղղված է հենց կեղծ դիտորդությունը վերացնելուն, կանխելուն»։
Քանի որ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, ԱԺ կանոնակարգով սահմանվում է քվեարկության ավելի բարձր շեմ․ անհրաժեշտ է 65 պատգամավորի մասնակցություն քվեարկությանը։ Ակնհայտ է, որ 69 պատգամավոր ունեցող խորհրդարանական մեծամասնությունը այս հարցում խնդիրներ չունի։