Մարտա Կոսը և Իլհամ Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի ֆորումի շրջանակներում ԵՄ ընդլայնման հանձնակատար Մարտա Կոսի հետ քննարկել է Բաքվի և Բրյուսելի միջև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում համագործակցությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների, մարդասիրական ականազերծման և այլ ոլորտներում համագործակցության հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ Ադրբեջանի ներդրմանը», – ասվում է Ադրբեջանի նախագահի կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Մարտա Կոսը նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանի գործունեությանը մարդասիրական ականազերծման ոլորտում, ինչպես նաև Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին։

Զրույցի ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև բազմաթիվ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման մեծ հեռանկարների առկայությունը, և տեղի է ունեցել մտքերի փոխանակում այս հարցի շուրջ։

«Հանդիպման ընթացքում նաև մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment