Մեկ օր ապրեցի դժոխքում. ինչպես տեր Արտաշեսը հետ կանգնեց եկեղեցին «բարենորոգելու» իշխանական նախաձեռնությունից

Մասյացոտնի թեմի Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը Aravot.am-ին պատմեց՝ ինչու մեկ օրվա մեջ իրար հակասող հայտարարություններ արեց՝ մեկ Հայ Առաքելական եկեղեցու «բարենորոգմանը» միանալու, մեկ՝ Մայր Աթոռին հավատարիմ մնալու մասին:

«Ոչ մեկ ինձ հետ սպառնալիքի լեզվով չի խոսել: Թող շատ մեծամտություն չլինի, դժվար էլ կարողանան այդպես խոսել: Եղել է հանգիստ զրույց տեղական իշխանությունների կողմից: Ինձ մի պահ թվաց, թե դա ճշմարտություն է, ինչ ասում են: Չեմ կարող մարդկանց հետ անձնական զրույցը հրապարակել, ասել, թե ինչ էին ասում»,- պատմեց Տեր Արտաշեսը:

Նրա խոսքով՝ ՀԱՅ Առաքելական եկեղեցու «բարենորոգմանը» միանալու իր հայտարարությունից հետո Մայր Աթոռից որևէ մեկը իր հետ չի կապվել, փորձի հետ համոզել. «Իմ խիղճն ինձ արձագանքեց: Ես մեկ օր, մեկ գիշեր ապրեցի դժոխքում, իմ ներքին իրավիճակն եմ ասում, ընդամենը չեմ ուզում, որ որևէ հոգևորական կամ որևէ անձ այդ ամենը ապրի: Ամեն մարդ իր ընտրության ու խղճի հետ, եթե հաշտ է, ես ավելացնելու որևէ բան չունեմ»:

Տեր Արտաշեսը պնդում է՝ որ ողջ գիշեր իր հայտարարության մասին խորհելուց հետո է որոշել՝ ներողություն խնդրել այդ հապճեպ հայտարարության համար. «Եկեք այսքանով սահմանափակվենք ես որևէ մեկին քննադատելու, նվաստացնելու, վատ բան ասելու ցանկություն չունեմ: Թող լինի Աստծո կամքը»:

Հիշեցնենք, որ երեկ իշխանական «Հայկական ժամանակ» լրատվամիջոցով տեղեկություն տարածվեց, որ Տեր Արտաշեսը միանում է Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը: Այսօր Տեր Արտաշեսն արդեն հայտարարել է, որ փոշմանել է, չի միանում. «Խորապես ափսոսում և ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության։ Այդ հայտարարությունը չի արտահայտում իմ իրական միտքը և համոզմունքները։ Ես վերահաստատում եմ Մասյացոտն թեմի հոգևորականներիս 17.01.2026թ. հայտարարությունը»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment