Խորհրդարանական ուժերը «ճանապարհում» են իրար․ կանխատեսումների պայքար՝ նախընտրական մենամարտից առաջ

ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանով  գործող խորհրդարանը կավարտի աշխատանքը։ Պատգամավորական այս կազմը կաշխատի ևս 5 ամիս, իսկ հունիսին ՀՀ քաղաքացիները նոր ԱԺ կընտրեն։

Չշրջանցելով այս իրողությունը՝  վերջին նստաշրջանի առաջին աշխատանքային օրը քաղաքական ուժերը քննարկում են ծավալել խորհրդարանական ապագայի և առաջիկա ընտրություններում իրենց հնարավորությունների մասին։ Կանխատեսումներ են հնչել, թե ով կլինի և ով չի լինի հաջորդ խորհրդարանում։

Այս գումարման խորհրդարանի վերջին նստաշրջանի առաջին աշխատանքային օրը խորհրդարանական մեծամասնությունն ու ընդդիմությունն իրար ուղղված մաղթանքներ փոխանակեցին․ համոզված ակնկալում են, որ հաջորդ խորհրդարանում միմյանց չեն տեսնի։ Օրն ու աշխատանքն այդպիսի բանավեճով սկսեցին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

-Վերջին նստաշրջանն է, և ես հույս ունեմ, որ հաջորդ նստաշրջանին՝ արդեն նոր գումարման Ազգային ժողովում, այստեղ նստած չի լինի ՔՊ–ն, առնվազն իշխանության մակարդակով, որպեսզի սահմանադրական կարգը վերականգնվի մեր երկրում։ Դուք տապալել եք։

-Գործի չեք գալիս, վատ աշակերտի պես դասի չեք գալիս։ Հիմա ուզում եք այդ խոսակցությունը բացեք, լավ, խնդիր չկա, կհրապարակեմ, կխնդրեմ քարտուղարությանը, կկազմակերպեն ձեր բացակաները, ես անուն առ անուն կհրապարակեմ։ Իսկ ընտրությունների ժամանակ ասելո՞ւ եք, որ Ազգային ժողովի նիստերի մի մեծ մասին նիստերի դահլիճ չեք եկել։ Ասելո՞ւ եք, որ հանձնաժողովներում ձեր ներկայացուցիչները չեք ունեցել և չեք մասնակցել, որ փոխնախագահի պաշտոնը ունեք, չեք զբաղեցրել։ Այսինքն՝ գնալու եք մարդկանց, ի՞նչ ասեք, ասելու եք՝ ընտրեք մեզ, որ մենք նորից նիստերի դահլիճ չգնա՞նք։ Վերջ ի վերջո գործի գալո՞ւ եք հաջորդ գումարման Ազգային ժողովում, եթե, իհարկե, հայտնվեք, ինչում խիստ կասկածում եմ»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մտավախություններն առնչվում են ինչպես «Հայաստան», այնպես էլ «Պատիվ ունեմ» խմբակցություններին։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» մասով ասում է, որ նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար հաստատվել է մոտավորապես 300 թեկնածություն։ Կուսակցության վարչությունում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «լսումների» ու ընտրության փուլն ավարտվել է։ Ամբողջական ցուցակը ձևավորելու է համաժողովը․ շուրջ հազար պատվիրակներ ընտրություն են կատարելու։ Այնպես որ, ՔՊ նախընտրական ցուցակ կազմելը մեկ–երկու հոգու գործ չէ։ ԱԺ նախագահի ներկայացմամբ՝ նախընտրական աշխատանքը պատրաստվում են սկսել զրոյից։

 «Ես համարում եմ, որ ռեյտինգը կայուն բան չէ։ Զրոյից սկսելու ենք քարոզարշավ անել և գնալ առաջ։ Բայց ակնհայտ է, որ մասնավորապես օգոստոսի 8–ին ստորագրված փաստաթղթից հետո, դրան հետևած իրադարձություններից հետո մենք անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր չունենք, թեպետ, ես կարծում եմ, որ  դրանից առաջ էլ չունեիք։ Մեզ համար շատ կարևոր է սահմանադրական մեծամասնություն ձևավորելը, և մենք գնում ենք այդ ուղղությամբ»։

Ալեն Սիմոնյանի տպավորությամբ՝ 2026–ի ընտրություններին  իշխող թիմը կարող է ակնկալել ավելին, քան 2021–ին ստացած 54%-ը։

2025-ի դեկտեմբերին «Ռադիոլուր»-ը փորձել էր հասկանալ, թե ինչ պատկեր է ձևավորվում 2026-ի ընտրություններից առաջ։ Արձանագրել էինք, որ շուրջ երեք տասնյակ քաղաքական միավոր արդեն հայտարարել է առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին։ Դեռ դեկտեմբերից  ընդդիմադիր դաշտը քննարկում է նաև միավորվելու, խոշոր դաշինքներով ներկայանալու հարցը։ Մինչև այս պահը, սակայն, վերջնական որոշումներ չկան։ «Դաշինքային» տրամադրությունների մեջ է, օրինակ, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ Բայց կոնկրետ պայմանավորվածությունների մասին Իշխան Սաղաթելյանը չի շտապում խոսել։

«Ընդդիմադիր դաշտի ուժերը պետք է մի կողմ դնեն ամբիցիաները, տարաձայնությունները և մեկտեղեն իրենց ուժերն ու հնարավորությունները, ձևավորեն առնվազն 2–3–4 ազդեցիկ բլոկ, որպեսզի կարողանան նախ շեմը հաղթահարել և երկրորդ՝ գրանցել ավելի արդյունավետ արդյունք։ Այդ բլոկների հնարավորությունը կա, ու արդեն դաշտում մի քանիսը նշմարվում են»։

Թե ով ում հետ կհամագործակցի, դեռ չի բացահայտվում։ Առայժմ գրանցվում են  նոր կուսակցություններ, բացվում մարզային գրասենյակներ։ Տարբեր տեղեկությունների համաձայն, օրինակ, «Մեր ձևով» շարժման քաղաքական ուժը, հավանական է, որ այլ անվանումով ներկայանա ընտրողին։ Հայտնի է, որ  շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը կուսակցություն է հիմնել՝ «Հայամետ» անունով։ Նորաստեղծ կուսակցությունը 2025–ի դեկտեմբերի 29–ին հասցրել է արտահերթ համագումար հրավիրել՝ նորացնելով կանոնադրությունն ու ծրագիրը։

Հայ Ազգային Կոնգրեսը՝ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ, 2026–ի ընտրություններն արդեն ձևակերպել է որպես վերջին պատմական հնարավորություն։

«Ամեն ինչը հետ բերելը, շտկելը ահավոր ծանր է լինելու։ Այս ընտրությունները, միգուցե, վերջին պատմական շանսն են այս աղետը կանխելու համար, և մեր ժողովուրդը պետք է պատմական շանսից օգտվի»։

Ավանդական ուժերից Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2026-ի ընտրություններին մասնակցել–չմասնակցելու վերաբերյալ դեռ  վերջնական որոշում չունի՝ ասում է կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

 «Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը այդ հարցը չի քննարկել, և եթե այդ հարցը քննարկվի և որոշում կայացվի մասնակցելու ընտրություններին, ապա տարբեր ոլորտների վերաբերող պրոֆեսիոնալ, մշակված ծրագրեր տեղ կգտնեն մեր նախընտրական ծրագրում։ Այդ «եթե»–ն պետք է հաշվի առնվի, եթե մասնակցության հարցը քննարկվի և այդպիսի որոշում կայացվի։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանն այլընտրանք կա, և «պոստ Նիկոլը»՝ Նիկոլից հետո ժամանակահատվածը, լինելու է, և Հանրապետականն իր ինտելեկտուալ քաղաքական ներուժով այդտեղ լուրջ մասնակցություն կարող է ունենալ։ Ձևաչափերը, որոշումները կգան ըստ խրոնոլոգիայի»։

2026–ի ընտրությունների քաղաքական նորություններից է լինելու «Բոլորին դեմ եմ» նախաձեռնությունը։ Այն արդեն սկսել է իր աշխատանքը, բայց դիրքավորվում է որպես ապագայում ինքնալուծարվող կուսակցություն՝ 2026–ի ընտրություններում նախանշած արդյունքին հասնելուց հետո։ Շարժման հիմնադիրներից Հրաչ Մկրտումյանը հերքում է այն տեսակետը, թե շարժումը բոյկոտ է, հետևաբար նպաստալու է, որ ավելի քիչ մարդ գնա ընտրությունների։  

 «Կուզեմ հստակ նշել, որ ոչ, շարժումը բոյկոտի ձև չէ, շարժումը հնարավորություն է այն մարդկանց համար, որոնք մինչև այժմ չեն գնացել ընտրությունների, գուցե արդար պատճառներով, որովհետև ընտրելու բան չեն ունեցել, այս անգամ գալ ընտրությունների, ընտրել «Բոլորին դեմ»–ը և ստանալ քաղաքական համակարգի փոփոխություն։ Մասնավորապես, դրանք են երեք հիմնական օրակարգային կետերը կայուն մեծամասնության չեղարկում, 1% անցողիկ շեմի սահմանում և «բոլորին դեմ եմ» քվեաթերթիկի ավելացում։ Այս երեք փոփոխությունները իրականացնելու համար, որպես առաջին քայլ, «Բոլորին դեմ եմ» շարժումը հայտարարել է «Բոլորին դեմ եմ» կուսակցության հիմնումը, որն  ինքնալուծարվող կուսակցություն է լինելու»։  
 

Գործող իշխանության ներկայացուցիչները առաջիկա նախընտրական պայքարը ձևակերպում են ավելի կարճ, անգամ առանց կետերի։ Ըստ իշխանության ներկայացուցիչների՝ առաջիկա ընտրությունները լինելու են ՀՀ ինքնիշխանության և «չինքնիշխանության» մասին կամ միջև։  

Leave a Comment