Բարձրահարկերի «մուտքը» Արմավիր․ թարմացվում է քաղաքի բնակարանային ֆոնդը

Արմավիր քաղաքի բնակարանային ֆոնդը թարմացվում է: Այստեղ սկսում են բազմաբնակարան բարձրահարկ շենքեր կառուցել: Արմավիրի ավագանին նախնական համաձայնություն է տվել 12 և 16 հարկանի շենքեր կառուցելու համար հողի նպատակային նշանակությունը փոխելու որոշմանը: Բացի այդ, քաղաքի հյուսիսային հատվածում արդեն սկսվել է բնակարանային համալիրի շինարարությունը:

Արմավիրում բազմաբնակարան շենքեր կառուցել են 1960-ական թվականներից մինչև 80-ական թվականների կեսը: Դրանից հետո մի քանի շենք կառուցել են 2000-ականներին՝ զինծառայողների ընտանիքների համար: Անցած տարվա վերջին Արմավիրում 4.6 հա հողատարածքի վրա սկսվեց «Նորք» բնակելի թաղամասի շինարարությունը: Նախագիծը ներկայացնում է կառուցապատող ընկերության ներկայացուցիչը:

«Կառուցվում է բնակելի համալիր, որը բաղկացած է 28 մասնաշենքից: Ունենք 2-3 սենյականոց բնակարաններ, որոնց մակերեսը 36-ից 72 քմ է: Առաջին հարկերը հասարակական նշանակության են, 2-րդ հարկից սկսած՝ բնակելի: Շենքերը 8-15 հարկանի են, ունենք 8, 10,11 և 15 հարկանի շենքեր»:

Այս բարձրության շենքեր Արմավիրում առաջին անգամ են կառուցվելու։ Նախկինում կառուցվել են միայն 3-5 հարկանի շենքեր: Արմավիրի ամենաբարձր շինությունը 70-ականներին կառուցված 7 հարկանի հյուրանոցն է, որն արդեն 35 տարի չի գործում: Իսկ 80-ականների վերջին սկսած ու կիսատ թողած կոոպերատիվ հիմունքներով կառուցվող շենքերի ճակատագիրը դեռ անորոշ է: Նոր կառուցվող բնակելի համալիրը ամբողջությամբ կառուցվելու է 8 տարում՝ ասում է կառուցապատող ընկերության ղեկավար Արսեն Ղահրամանյանը:

«2.5 տարուց հետո սկսվում է շահագործումը 1 մասնաշենքի, հետո 2-րդ, 3-րդ…»:

Նոր բարձրահարկ շենքեր կկառուցվեն նաև նախկին կաթսայատան, ռելեի ու հաստոցաշինական գործարանների արտադրական տարածքներում: Դրանց սեփականատերերը դիմել են Արմավիրի ավագանուն՝ հողի նպատակային նշանակությունը փոխելու թույլտվության համար: Համայնքի ղեկավարի օգնական, ճարտարապետ Արմեն Աբգարյանը ներկայացնում է հաստոցաշինական գործարանի տարածքում բարձրահարկ շենք կառուցելու նախնական թույլտվության որոշումը:

«Սեփականության իրավունքով պատկանող 6.45397 հա արդյունաբերական և այլ արտադրական նպատակային նշանակության հողամասից 5.21397 հա փոխադրելու բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 6 մասնաշենքերից բաղկացած 16 հարկանի՝ ստորգետնյա հարկով, բազմաֆունկցիոնալ բնակելի շենքեր կառուցելու և 1.24 հա փոխադրելու հասարակական կառուցապատման համար»:

Հաջորդ նոր կառուցվող բազմահարկ շենքը Արմավիրի նախկին կաթսայատան տարածքում է:

«Տալ համաձայնություն Արմավիր քաղաքի Մաշտոցի -5 հասցեում գտնվող 0.3672 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության հողամասը փոխադրել բնակելի կառուցապատման հողերի գործառնական նշանակության 12 հարկ՝ մեկ ստորգետնյա հարկով, բազմաֆունկցիոնալ բնակելի շենք կառուցելու համար»:

Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի կարծիքով համայնքը լավ միջավայր է ներդրողների համար։ Բնակարանաշինությունն առաջիկա տարիներին լիովին կփոխի բնակավայրի դիմագիծը:

«Արմավիր համայնքը շատ ավելի գրավիչ է դարձել ներդրողների համար և բիզնեսմենները, եթե մտածեն, որ այդ գումարները չեն հանելու, այսինքն՝ եկամուտ չեն ստանալու, բնականաբար, այստեղ այդ գործունեությունը չեն սկսի: Բայց, քանի որ այդ բիզնեսմենների վերլուծությունն էլ է ցույց տալիս, որ Արմավիր համայնքն այս պահին շատ ակտիվ զարգացում է ապրում, դա մեզ բոլորիս ուրախացնում է»:

Արմավիր համայնքի միամանդատ ավագանին համաձայնել է նոր բազմահարկ շենքերի կառուցմանն ու կողմ է քվեարկել առաջադրված նախագծերին: Քաղաքի Երևանյան փողոցում արդեն մեկ բազմահարկ բնակելի շենք է կառուցվել։ Շինարարությունն ավարտվել է ամռանը, բայց շենքը դեռ չի բնակեցվել:

Leave a Comment