ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է կիրառել «Ապստամբության մասին» օրենքը՝ Մինեսոտայում զորքեր տեղակայելու համար․ գրում է Reuters գործակալությունը։
Որոշումը կայացվել է Մինեապոլիսի փողոցներում ներգաղթային գործակալների թվի աճի դեմ մի քանի օր տևած բողոքի ցույցերից հետո։
Ցուցարարների և դաշնային պաշտոնյաների միջև բախումները սրվել են այն բանից հետո, երբ Ներգաղթի և մաքսային ծառայության գործակալն 8 օր առաջ Մինեապոլիսում մեքենայում սպանեց ԱՄՆ քաղաքացի 37-ամյա Ռենե Գուդին։ Դեպքից հետո բողոքի ցույցերը տարածվեցին այլ քաղաքներում ևս։
Թրամփի վերջին սպառնալիքը հնչել է ժամեր անց այն բանից հետո, երբ ներգաղթի ծառայության աշխատակիցը կրակել էր վենեսուելացի տղամարդու ոտքին։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը (DHS) հայտնել է, որ տղամարդն անօրինական կերպով էր գտնվում ԱՄՆ-ում։ Ըստ հաղորդագրության՝ նախքան կրակելը՝ դաշնային սպաները մեքենայով հետապնդել են տղամարդուն՝ փորձելով կանգնեցնել նրա մեքենան։
«Եթե Մինեսոտայի կոռումպացված քաղաքական գործիչները չենթարկվեն օրենքին և չկանգնեցնեն պրոֆեսիոնալ ագիտատորներին ու ապստամբներին՝ հարձակվելով ICE-ի վրա, որոնք միայն փորձում են կատարել իրենց աշխատանքը, ես կկիրառեմ «Ապստամբության մասին» օրենքը», – սոցցանցում գրել է Թրամփը։
Մինեապոլիսի տարածքում արդեն իսկ տեղակայված է դիմակավորված 3000 դաշնային սպա։