Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում Ռուսաստանի ներգրավումը Հայաստանից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ երկաթուղային հատվածների վերականգնման գործում, որոնք այնուհետև կմիանան «Թրամփի երթուղուն»։ Դա հնարավորություն կտա քննադատության դեպքում «սլաքներն ուղղել» ՌԴ-ի վրա։ Այս մասին НСН-ի հետ զրույցում նշել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
Հայաստանը Ռուսաստանից օգնություն է խնդրել Հայաստանից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ երկաթուղային հատվածների վերականգնման հարցի լուծման գործում։
«Սա տեղի ունեցավ երեք օր առաջ «Թրամփի երթուղու» կառուցման վերաբերյալ համաձայնագրերի բովանդակության շուրջ արված հայտարարություններից հետո, որոնք մասամբ բացահայտեցին ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը: Այս փաստաթղթերից հետևում է, որ այս միջանցքով տարանցումից շահույթ ստացող ընկերության 76%-ը կպատկանի Միացյալ Նահանգներին, իսկ 24%-ը՝ Հայաստանին: Ուրիշ ոչ ոք չի կարող մասնակցել: Ռուսաստանը կարող է ներգրավված լինել որոշ գործառույթներում, բայց չի կարող լինել այս ընկերության հիմնադիրների կամ բաժնետերերի շարքում: Դրանից հետո Փաշինյանը մտահոգվեց ինչ-որ ժեստ անել՝ խուսափելու համար քննադատությունից, թե անտեսում է Ռուսաստանի շահերը», – նշել է նա։
«Հայաստանը ցանկանում է «սլաքներն ուղղել» Ռուսաստանի վրա. նրան չեն հետաքրքրում Մոսկվայի շահերը»,- ասել է Զատուլինը։
Նրա կարծիքով՝ խոսքն Ադրբեջանին և Թուրքիային հարակից հատվածների մասին է։ Փաշինյանը ցանկանում է Ռուսաստանին ներքաշել այս աշխատանքի մեջ, որպեսզի հետո կարողանա ամենուրեք պնդել, որ Ռուսաստանը մասնակցում է դրան։
«Սա մոտավորապես նույնն է, ինչ տեղի ունեցավ մեր խաղաղապահ զորախմբի հետ, որը սկզբում հրավիրվեց Ղարաբաղ, բայց հետո նրա ներկայությունը գործնականում անտեսվեց։ Մենք պարզապես պետք է հասկանանք, որ Փաշինյանը չի գործում մեր շահերից ելնելով. նա խաղադրույք է կատարում Արևմուտքի հետ դաշինքի և բարեկամության վրա։ Նրա առաջարկները պետք է բազմիցս վերլուծվեն՝ համոզվելու համար, որ թաքնված օրակարգ չկա», – եզրափակել է պատգամավորը։