Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը միջազգային և տեղական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ին, հայ-թուրքական հարաբերություններին և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։
Նա մասնավորապես նշել է. «Հուսով ենք, որ մենք կտեսնենք Զանգեզուրի միջանցքի իրականացումը այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, քանի որ այն կարևոր է Միջին միջանցքի համար: Մեծ ռազմավարական պատկերի և ավելի տեղային մակարդակում՝ դա կարևոր է նաև Նախիջևանի՝ Ադրբեջանի մայր տարածքին միավորման տեսակետից։ Իհարկե, այս միջանցքի միջոցով Թուրքիայի՝ թյուրքական աշխարհին և Կենտրոնական Ասիային ուղղակի հասանելիություն ունենալն էլ է կարևոր: Այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում»:
Ֆիդանը նաև անդրադարձել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ օրերս ԱՄՆ կատարած այցին։ Նա նշել է, որ երբ Հայաստանի արտգործնախարարը գտնվում էր Ամերիկայում, հրապարակվեց մի փաստաթուղթ, որը նրանք անվանում են «TRIPP», նկատի ունենալով այն, ինչ Թուրքիան անվանում է «Զանգեզուրի միջանցք»։ Անդրադառնալով դրա կյանքի կոչմանը Թուրքիայի արտգործնախարարը նշել է.
«Հիմա կան որոշ տեխնիկական հարցեր, որոնք կապված են դրա հետ: Մենք այն շատ մանրամասն ուսումնասիրել ենք։ Ապա, ես մոտ երկու ժամ խոսեցի իմ հարգարժան գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելով, թե ինչ է գրված այս փաստաթղթում, ինչպես են նրանք դիտարկում դա, քանի որ նրանց տեսակետը կարևոր է։
Կան բազմաթիվ տեխնիկական հարցեր, բայց մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված համաձայնագիրը ստորագրվի, որից հետո հնարավորինս շուտ կյանքի կոչվի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, որպեսզի մենք կարողանանք շարունակել մեր ուղին՝ տարածաշրջանում կայունության և բարգավաճման համար»,- ընդգծել է Ֆիդանը։
Ըստ Ֆիդանի՝ այս պահին ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում և Թուրքիայում՝ քաղաքական ղեկավարության մակարդակում կա այդ կամքը։ Կան ընդամենը մի քանի բաներ, որոնք Հայաստանը պետք է անի հիմա։ Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են։ Դա ևս կարևոր փուլ է։
«Մենք տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը ներկայում սոցհարցումներում առաջատար է։ Նա այս գործընթացում իրականում կառուցողական դեր է խաղում, և մենք աջակցում ենք այդ դերակատարությանը։ Այս ուղղության, այս կամքի շարունակությունը կարևոր է»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: