«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «APRI-Հայաստան» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո, որոնք վարել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ու ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ համատեղ հայտարարությունը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ։
Այն պաշտոնապես հաստատում է, որ Երևանն ԱՄՆ կառավարության վերահսկողության տակ գտնվող հատուկ ընկերությանը երկարաժամկետ բացառիկ իրավունքներ է տրամադրելու երթուղու նկատմամբ, որը Սյունիքի մարզով կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ։
Ռուբիոյի և Միրզոյանի բանակցություններից հետո հրապարակված TRIPP-ի «իրականացման շրջանակի» համաձայն՝ հայ-ամերիկյան համատեղ ընկերությունը կկառուցի երկաթուղի, ավտոմայրուղի, էներգամատակարարման գծեր և այլ ենթակառուցվածքներ տարանցիկ միջանցքի երկայնքով, ինչպես նաև առնվազն 49 տարի կկառավարի դրանք։
«Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել TRIPP զարգացման ընկերության 74 տոկոս բաժնեմասը և իրեն պահել 26 տոկոսը: Սպասվում է, որ այս պայմանավորվածությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ բաժնեմաս տրամադրելով, ինչի արդյունքում նրա մասնաբաժինը կհասնի 49 տոկոսի»,- ասվում է 8 էջանոց փաստաթղթում։
Փաստաթղթում ասվում է, որ Հայաստանը կունենա լիակատար «իրավասություն սահմանային վերահսկողության և մաքսային գործառույթների նկատմամբ՝ TRIPP-ով իրականացվող առևտրի և տարանցման շրջանակում»։ «Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են և անքննելի»,- ասվում է հայտարարությունում։
Սերգեյ Մելքոնյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Ակնհայտ է, որ այս ճանապարհը, որը կապելու է Նախիջևանն Ադրբեջանին, շատ է տարբերվում Հայաստանի ու Վրաստանի, և Հայաստանի և Իրանի միջև եղած ճանապարհներից։ Սա նշանակում է, որ ադրբեջանցիները TRIPP-ով անցնելիս ունենալու են հատուկ պայմաններ, և թղթաբանական ու մաքսային սահմանային հարցերով զբաղվելու են Front օֆիսում, որի հետ Հայաստանը կապ չունի։
- Թուրքիան շարունակում է կառուցել Կարս-Նախիջևան երկաթգիծը, ինչը նշանակում է, որ եթե անգամ Թուրքիան բացի Գյումրի-Կարս երկաթգիծը, իր ապրանքները չի տեղափոխելու այդ ճանապարհով։
- Եթե TRIPP-ը կառավարելու է ԱՄՆ-ը, մենք այն չենք կարողանա օգտագործել որպես լծակ ԱՄՆ դաշնակից Թուրքիայի կամ դաշնակցի դաշնակից Ադրբեջանի դեմ։
- Իրանի փոխարտգործնախարարի այցը պայմանավորված էր TRIPP-ով, և ակնհայտ է, որ Իրանի համար ԱՄՆ ցանկացած ներկայություն տարածաշրջանում անընդունելի է։ Իրանում հասկանում են, որ այդ պարագայում Իրանի քաղաքացիների մուտքը Հայաստան վերահսկելու են ամերիկացիները։ Բացի այդ, Իրանում մտահոգված են, թե այդ ինչ սարքեր են լինելու սահմանային ու մաքսային կետերում ու ինչ ֆունկցիաներով։
- Եթե զենքի տրանզիտը գործում է միջազգային նորմերի համաձայն, ապա ինչո՞ւ TRIPP-ով չի կարելի իրականացնել զենքի տրանզիտ։
- Իրանն Իսրայելի և նրա դաշնակիցների ներկայությունն իր սահմաններին ընդունում է որպես սպառնալիք։ Հետևաբար՝ Իսրայելի ներկայությունն Արցախում և ամերիկացիների ներկայությունը Հայաստանի հարավում նույն շղթայի մեկ օղակն է։ Եվ դրանք ընկալվում են՝ որպես անվտանգային սպառնալիք։ Պատահական չէ, որ ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունը եղավ հենց Ռուբիո-Միրզոյան հայտարարությունից հետո։ Ակնհայտ է, որ Իրանի արտգործնախարարության հռետորաբանությունը փոխվում է։

- Որքան հասկանում եմ, վերջին կես տարում մեր ԱԳՆ-ի գործողություններն ուղղված են TRIPP-ի հետ կապված Իրանի մտահոգությունների չեզոքացմանը, և եթե Իրանի դեսպան Շիրղոլամին նման կոշտ հայտարարությամբ է հանդես գալիս, նշանակում է, որ այդ մտահոգությունները չեն չեզոքացվել։
- ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպան Շիրղոլամիի առաջին հայտարարությունների ֆոնը դրական չէր։ Բոլորը հասկանում են, որ եթե Իրանում լինի ռեժիմի փոփոխություն կամ պառակտում, մենք քաղաքական, տնտեսական ու անվտանգային լուրջ խնդիրների առաջ կկանգնենք։ Մենք կարող ենք Ադրբեջանի հետ նոր սահման ստանալ, այսինքն՝ Իրանի հետ սահմանը լինի ադրբեջանական։ Անվտանգության ոլորտում երկրորդ ռիսկը փախստականների հարցն է։ Իրանի հյուսիսում ապրում են 15 միլիոն ադրբեջանցիներ։ Հաշվի առնելով, որ Հնդկաստանից զենք ստանալու հիմնական ուղին Իրանով է, մենք այս հարցում ևս խնդիրներ ենք ունենալու։ Եթե իրականանա ամենավատ սցենարը, մենք դեպի Պարսից ծոց ելք չենք ունենալու։ Տնտեսական խնդիրներ են առաջանալու։ Մեր էքսպորտի 30%-ն իրականացվում է Իրանով։ Կան նաև քաղաքական խնդիրներ։
- Այո՛, Թուրքիային պետք է թույլ, բայց կայուն Իրան, այլ ոչ մասնատված։ Իսկ մենք դրանից ակնհայտորեն չենք շահելու։
- Մենք չենք կարող դիմակայել սահմանում, եթե այստեղ փորձեն ներթափանցել հազարավոր զինյալ խմբեր։
- Այս սերիալի առաջին սերիան Իրանի ու Իսրայելի միջև 12-օրյա պատերազմն էր, երկրորդ սերիան ներկայիս ցույցերն են, երրորդը կլինի ԱՄՆ-ի հասցրած հարվածներն Իրանին։ Իրանի դեմ լայնածավալ հարձակում չեմ կանխատեսում, բայց կարող են տարբեր սցենարներ գործի դրվել։
- Երբ դու խուսափում ես պատերազմից, դու միշտ ստանում ես այդ պատերազմը, և Իրանում դա հասկանում են։ Դրա համար Իրանը շարունակ հայտարարում է, որ իրենք պատրաստ են պատերազմի, բայց միևնույն ժամանակ՝ պատրաստ են նաև բանակցությունների։ ԱՄՆ հատուկ բանագնաց Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Արաղչիի միջև բանակցային խողովակը գործում է։
- Երբ մենք խոսում ենք Իրանում ռեժիմի հնարավոր փոփոխության մասին, պետք է տեսնել՝ արդյո՞ք տվյալ երկրի քաղաքական էլիտայում կան պառակտումներ։ Իրանի քաղաքական էլիտայում նման բան չի նկատվում։
- Իրանի դեսպանի հայտարարությունից հասկացվում է, որ ՀՀ-ում Իրանի դեսպանատան առջև տեղի ունեցած հակակառավարական ցույցերը Հայաստանն առնվազն կարող էր թույլ չտալ։ Սա թափանցիկ ակնարկ էր, և կարծում եմ, ՀՀ կառավարության ու Իրանի դեսպանի միջև քննարկելու բաներ կլինեն։
- Իրանը կարող է դիմել կոշտ քայլերի՝ թույլ չտալ զենքի տրանզիտ, տնտեսական էքսպորտ, առաջացնել էներգակիրների հետ կապված և այլ խնդիրներ, եթե Հայաստանի իշխանությունը հատի իրանական կարմիր գծերը։

- Առաջիկա 30 տարում Հայաստանը չի դառնա ԵՄ անդամ, և երբ ասում են՝ Հայաստանը գնում է դեպի Արևմուտք, դա պետք է հասկանալ՝ դեպի Թուրքիա։
- Աշխարհում ամեն ինչ արագ է փոխվում։ Մեկ տարի առաջ ոչ ոք չէր կարող հավատալ, որ Եվրոպայի թիվ մեկ մտահոգությունը կլինի ոչ թե Ուկրաինան, այլ այն, որ թույլ չտա ԱՄՆ-ին խլել Գրենլանդիան։
- Իրանում ավելի լավ են հասկանում, որ եթե Թուրքիան մտնի տարածաշրջան, ապա նրան շատ դժվար կլինի այստեղից հանելը։ Այդ գիտակցությանը Ռուսաստանը եկավ 2024թ․Սիրիայի դեպքերից հետո։
- Ալյասկայում Պուտինի և Թրամփի միջև երկու հարց է քննարկվել՝ ԱՄՆ-ՌԴ հարաբերություններ և ուկրաինական կարգավորում։ Այլ հարցեր կարծես թե չեն հասցրել քննարկել, բայց դա չի նշանակում, որ TRIPP-ի մասին խոսակցություն չի եղել։
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը, մինչ Պուտինի հետ վերջին առանձնազրույցը, հայտարարել էր.
«ՌԴ մեր գործընկերներին խնդրել եմ շտապ կարգով զբաղվել, մասնավորապես, երկաթուղու՝ Երասխից մինչև Ադրբեջան՝ դեպի Նախիջևանի սահման, և Ախուրիկի հատվածի՝ մինչև Թուրքիայի սահման, ամբողջական վերականգնմամբ: Կարծում եմ, որ առաջիկայում նույն հարցը կբարձրացնեմ՝ կապված Իջևան-Ղազախ հատվածի հետ, որովհետև կարծում եմ՝ այդ հատվածը նույնպես հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա: Հույս ունեմ՝ ՌԴ մեր գործընկերները մաքսիմալ արագությամբ այդ խնդրանքն իրականություն կդարձնեն:
Ինչ վերաբերում է հրապարակումներին, թե «Հարավկովկասյան երկաթուղին» պատրաստակամություն է հայտնել միայն Մեղրիի մասն իր տնօրինությունից Հայաստան փոխանցելուն, Փաշինյանը պարզաբանեց. «Երկաթուղու՝ Մեղրիի հատվածի հետ կապված թյուրըմբռնում կա, որովհետև այդ հատվածը Ռուսաստանի կառավարման ներքո չէ, որ հանձնեն Հայաստանին: Դա ՀՀ-ի ինքնիշխան տարածքն է, և մենք այդ ինքնիշխան տարածքի կառավարումը որևէ մեկին չենք արտապատվիրակել: Այնտեղ երկաթուղի չկա, որ մի հատ էլ կառավարվեր որևէ մեկի կողմից: Այսինքն՝ նման թեմա չկա»,- ասել էր նա: Դրանից օրեր անց տեղի ունեցավ հանդիպումը, և այդ մասին Փաշինյանը խոսեց նաև Վ. Պուտինի հետ:
- Եթե խոսքը Իջևան-Ղազախ ուղու կառուցման մասին է, ապա դա TRIPP-ից ավելի մեծ ներդրումներ պահանջող նախագիծ է։

- Ամենայն հավանականությամբ, հայ-իրանական սահմանից հայ սահմանապահները TRIPP-ի գործարկումով պետք է հեռանան, հետևաբար՝ առաջ է գալիս ռուսական ռազմաբազայի հարցը։ Բացի դրանից, կա նաև Ռուսաստանի հետ հայկական երկաթուղու համակարգի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ կոնցեսիոն պայմանագրից հրաժարվելու հարցը։ Դա կարող է որպես պատրվակ օգտագործվել ՀՀ իշխանությունների կողմից:
- Սոլովյովներն ու ռուս այլ պրոպագանդիստները որոշում կայացնողներ չեն։ Նրանց հայտարարությունները խիստ դատապարտելի են, բայց դա չի նշանակում, որ որևէ հարցի վերաբերյալ ինքն ու նման մարդիկ որոշում կայացնելու հնարավորություն ունեն, և Փառք աստծո, որ չունեն։
- Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մշտապես թիրախավորվել է Սփյուռքը և մեր Եկեղեցին: Նրանց թշնամիների ցուցակում են հայկական Սփյուռքը և Հայ Առաքելական եկեղեցին։ Բայց եկեղեցու դեմ Փաշինյանի արշավի մեջ կարող է լինել նաև այլ արտաքին հետք։ Գուցե սա ընդհանուր գլոբալիստական միտումների մասերից մեկն է։ Ես չեմ պնդում, որ Փաշազադեն կամ ինչ-որ մեկը հրաման են տվել, բայց ես տեսնում եմ, որ Փաշինյանն առնվազն դրանց ռեզոնանս է տալիս։
- Միլիտարիզացիայի գործընթաց հիմա Նախիջևանում չի նկատվում, բայց Նախիջևանում նկատվում է երկաթգծի մոդեռնիզացիա։ Պետք է հիշել նաև, որ Ադրբեջանի սահմանն արդեն 6 տարի, սկսած Քովիդի ժամանակներից, փակ է։ Ոչ մի փորձագետ չի ասում՝ ինչո՞ւ է մինչ օրս փակ: Որևէ մեկը չի կարող մեքենայով մտնել Ադրբեջան ու դուրս գալ, միայն բեռնատարներով է հնարավոր։ Բայց Ալիևն ասում է՝ դա անվտանգային նկատառումներով է արվում։ Ադրբեջանը չի զինվում Իրանի դեմ։ Ադրբեջանն այսօրվա Իրանի դեմ ոչ մի քայլ ձեռնարկել չի կարող։ Հետևաբար պարզ է՝ ում դեմ է զինվում Ադրբեջանը։ Այն մարդկանց, ովքեր չեն լսել Ալիևի ամանորյա ելույթն ու դրան հաջորդող նրա ելույթները, խորհուրդ եմ տալիս լսել։ Ալիևն իր հասարակությանը շատ պարզ պատրաստում է պատերազմի ու բացատրում է՝ ինչու իրենք չպետք է կանգ առնեն, ինչու պետք է զինվեն, իրենց բանակն ուժեղացնեն… Հստակ ասում է՝ Արևմտյան Ադրբեջանի խնդիրը պետք է լուծեն: Իսկ Արևմտյան Ադրբեջանն ըստ Ալիևի՝ Հայաստանն է:
Մանրամասները՝ տեսանյութում։