Անհապաղ արձագանքել Նարեկ Սամսոնյանի հացադուլի պահանջին. այն է՝ անհապաղ ազատ արձակել Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին ապօրինի կալանքից: Առավել հրատապություն դրսեւորել Նարեկ Սամսոնյանի հարցում, որը արդեն 6-րդ օրն է, գտնվում է հացադուլում: Այսօր այս բովանդակությամբ ու պահանջով նամակներ են փոխանցվել ԵԽ, ՄԱԿ երեւանյան գրասենյակներին ու մի շարք օտարերկրյա դեսպաներին: Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ «Անտիֆեյքի» աշխատակազմը բողոքի ակցիաներ է իրականացնում միջազգային կազմակերպությունների, դեսսպանատների դիմաց, փոխանցում իրենց պահանջներով նամակները:
-Բոլոր այս կառույցները Հայաստանում տարիներ շարունակ ներդումներ են արել խոսքի ազատության, ժողովրդավարական արժեքների պաշտպանության համար: Այսօր գործ ունենք խոսքի ազատության տոտալ բռնաբարության հետ,- լրագրողների հետ զրույցում ասաց «Անտիֆեյքի» խմբագիր Աստղիկ Մաթեւոսյանը:
Նա հարց առաջ քաշեց՝ արդյոք նորմալ է 6 օր շարունակ չարձագանքել քաղաքացու՝ հացադուլը որպես վերջին գործիք ընտրելու քայլին. «Մենք կարող ենք գործ ունենալ մարդու առողջության ու կյանքի անդառնալի կորստի հետ»:
ՀՀԿ երիտթեւի նախագահ Հենրիխ Դանիելյանն էլ նկատեց, որ Նարեկ Սամսոնյանի հացադուլը պայքարի ձեւ է ընդդեմ այն ռեժիմի, որը չի նայում մարդու իրավունքներին ու խոսքի ազատությանը։ «Այլ պայքարի միջոց օգուտ չի տալիս: Նարեկը այդ մենախցում իր բողոքի ձայնը փորձում է ավելի հնչեղ դարձնել՝ այս ճչացող անարդարությանը հանրային հնչեղություն տալու համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: