2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին հինգ ամիս անց ավելացավ ևս մեկը, որը խիստ կարևոր է գնահատվում տարածաշրջանի ապաշրջափակման «խաղի կանոնները» հասկանալու համար։ Նոր հայտարարությունը, որը ընդունել և հրապարակել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, քաղաքական և տեխնիկական ասպեկտներով սահմանում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրականացման ձևը, սկզբունքները, բաժնեմասերը և այլ մանրամասներ։
Սա, սակայն, վերջնական փաստաթուղթը չէ, ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումից հետո Վաշինգտոնում հեռավար ասուլիսի ժամանակ ասել է արտգործնախարար Միրզոյանը։ Վերջնական փաստաթուղթը պարունակելու է իրավական ձևակերպումներ, սակայն, միջանկյալ հայտարարության կետերն այլևս փոփոխման ենթակա չեն։
«TRIPP համաձայնագիրը իսկապես կդառնա աշխարհի համար մոդել». ԱՄՆ-ի պետքարտուղար այս համոզմունքը TRIPP-ին է առնչվում․ Մարկո Ռուբիոն վստահ է՝ նախագիծը տնտեսական բարգավաճման «դռներ կբացի»՝ առանց կասկածի տակ դնելու կամ խաթարելու սեփական ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի գնահատմամբ՝ փաստաթուղթը շատ կարևոր է և շոշափում է հայ հասարակության համար զգայուն հարցեր։ Սակայն սա միջանկյալ փաստաթուղթ է։
«Ուզում եմ ասել, որ սա էլ վերջնական փաստաթուղթը չի լինելու։ Սա նշանակալի ձեռքբերում եմ համարում Հայաստանի և բոլոր գործընկերների համար՝ և՛ Միացյալ Նահանգների, և՛ մեր հարևանների համար։ Շատ շահեկան մի փաստաթուղթ, որը մեծ հաշվով ընկած է օգոստոսի 8-ի Հռչակագրի և վերջնական այդ պայմանագրերի՝ ընկերության հիմնադրման և կանոնադրության, և հնարավոր այլ վերաբերելի իրավական փաստաթղթերի միջև»։
Փաստաթղթով սահմանվում են «Թրամփի ուղի» ծրագրի իրականացման քայլերը՝ ձևից և բովանդակությունից մինչև բաժնեմասեր ու կարգավորումներ։ Լուծումներ են նախանշված բոլոր այն հարցերին, որոնք մինչև այս պահը Հայաստանի հանրության շրջանում կասկածների, մտավախությունների և շահարկումների տեղիք են տվել։

Միրզոյանը հատուկ ընդգծում է, որ Ռուբիոյի հետ համաձայնեցված է այն, ինչ կա տեքստում։ «Չկա որևէ պայման, որը բանակցվել է, բայց չի հրապարակել ինչ-ինչ նկատառումներից ելնելով»,- հայտարարել է նախարարը։
TRIPP-ի կյանքի կոչման փաստաթղթում ամերիկյան կողմն իր ակնկալիքները ձևակերպել է 4, հայկական կողմը՝ 7 կետով։ Եվս 3 կետով Միացյալ Նահանգները ձևակերպել է իր ակնկալած օգուտը TRIPP-ից։ Կետերից մեկը հետևյալն է՝ ԱՄՆ, Եվրոպայի և Ասիայի միջև հավելյալ առևտրային ուղիներ՝ ապահովելով, որ մարդիկ և ապրանքները տեղաշարժվեն՝ անկախ աշխարհաքաղաքական փոփոխություններից։ Հայաստանն ակնկալիքը ձևակերպել է 5 կետով։ Ըստ այդմ՝ Հայաստանի տարածքը, որը կապում է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ, կենսական օղակ է ստեղծում Տրանսկասպյան առևտրային երթուղու և հաղորդակցության առումով։ Հայաստանի արտգործնախարարն ընդգծում է․
«Ես կարևոր եմ համարում TRIPP-ի այս մեծ ռեգիոնալ կոնտեքստում Հայաստանի ներկայացումը։TRIPP—ը լոկալ նշանակության տրանսպորտային հանգույց չէ, լոկալ նշանակության կապ չէ։ Մեծ հաշվով, եթե փաստաթղթից շեղվելով նաև անդրադառնանք TRIPP-ի և ապաշրջափակման ոգուն, ես այստեղ երեք շերտ եմ տեսնում։ Առաջինը երրորդ երկիր-երրորդ երկիր փոխկապակցվածությունն է։ Պայմանական Կենտրոնական Ասիա-ԵՄ, օրինակ, TRIPP-ի միջոցով։ Երկրորդ շերտը Նախիջևան և Ադրբեջան փոխկապակցվածություն է, և երրորդ շերտը, մեծ հաշվով, մեզ համար թերևս ամենակարևորը Հայաստան և երրորդ երկրներ փոխկապակցվածությունն է երկու ուղղություններով` Հայաստան-Կենտրոնական Ասիա և Հայաստան-Արևմուտք։ Եվ ահա այս փաստաթուղթը այս ընկալումը արտացոլում է»։
Փաստաթղթով Հայաստանն ու Միացյալ Նահանգները ընդունում են, որ TRIPP-ի հաջողությունը կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումից, Հայաստան-Թուրքիա ամբողջական կարգավորման առաջընթացից, ԱՄՆ կայուն ներգրավվածությունից, տարածաշրջանային գործակցությունից և կայունությունից։
«Մեծ հաշվով, այս խաղաղության ինստիտուցիոնալացումը և TRIPP-ի իրագործումը մեկը մյուսի պատճառն է, նաև՝ հետևանքը։ Որովհետև նա է այս մյուսի պատճառը․ որքան ամրապնդվի խաղաղությունը, այնքան ավելի կմեծանան հնարավորությունները TRIPP-ի իրականացման և դրանից բխող բենեֆիտների համար, որքան ավելի առաջ գնանք TRIPP-ի իրականացմամբ, աշխատի TRIPP-ը, այնքան ավելի կամրապնդվի խաղաղությունը»։
Ուշագրավ են տեխնիկական կարգավորումները։ Հայաստանը պարտավորվում է մշակել տարբերակված ընթացակարգեր մարդկանց, մեքենաների և ապրանքների համար՝ Ադրբեջանի հիմնական տարածքից Նախիջևան և հակառակ ուղղությամբ։
«Ընդհանրապես, մենք ուզում ենք մեր բոլոր սահմանների ուղղություններով ունենալ հնարավորինս հեշտ անցման ընթացակարգեր, իհարկե, որևէ կերպ չխախտելով, չխոցելով, չստորադասելով մեր ինքնիշխանությունն ու իրավազորությունը և անհրաժեշտ գործընթացները, որոնք պետք է արվեն` անձի վերիֆիկացիա և այլն։ Ընդ որում, կրկին հստակ ասում ենք` այդ ընթացակարգերը պետք է լինեն, մեջբերում եմ․«Հայաստանի օրենքների, կարգավորումների և միջազգային համաձայնագրերի հիման վրա ու միջազգային չափանիշներին համապատասխան։ Սա մենք պետք է բոլոր սահմաններում ուզենանք ունենալ։ Ենթադրում եմ` մեր հարևաններն էլ, որևէ երկիր մոլորակի վրա»։
TRIPP-ի վերաբերյալ հայտարարությունը ենթադրո՞ւմ է իրավական կամ քաղաքական պարտավորություններ և պայմանավորվածությունների չպահպանման դեպքում պատասխանատվության կիրառման մեխանիզմներ, թե՞ այն մնում է քաղաքական հռչակագրի մակարդակում՝ «Ռադիոլուրի» հարցին արտգործնախարար Միրզոյանն ասում է։

«Մենք ուրիշ ճանապարհով ենք գնում, ոչ թե գտնում ենք երկրներ և նրանց անունները գրում ենք որպես երաշխավոր կամ երաշխիք, ինչպես հասկանում եմ, սա նաև մեր մյուս գործընկերների մոտեցումն է, նաև՝ հարևանների, այլ փորձում ենք այնպիսի փոխշահավետ համագործակցության հարաբերությունների մեխանիզմ ստեղծել, այնպես գծել այս ամբողջ համակարգը, որ իր գործունեությունը լինի շահավետ բոլոր հնարավոր մասնակիցների համար` Հայաստանի համար, Ադրբեջանի համար, Միացյալ Նահանգների համար, և հենց այս փոխշահավետությունն է, որ պետք է ապահովի իր երկարակեցությունը, կենսունակությունը»։
Պետք է ստեղծվի TRIPP զարգացման ընկերություն` ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով և սկզբունքային հարցերում՝ Հայաստանի վերահսկողությամբ։ Ընկերությունը պատասխանատու կլինի TRIPP-ի զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով՝ նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Այդ տարիների համար TRIPP զարգացման ընկերության բաժնեմասը կլինի 74%, Հայաստանինը՝ 26%։ Գործակցությունը ևս 50 տարով կարող է երկարաձգվել։ Երկրորդ փուլում ընկերությունում Հայաստանի կառավարության մասնաբաժինը կհասնի 49%-ի։ Տոկոսային մեծ տարբերությունը արտգործնախարարը բացատրում է ամերիկյան կողմի ներդրումների ծավալով։
Կառուցապատման իրավունքները կարող են ներառել, բայց չսահմանափակվել փաստաթղթում թվարկված ուղղություններով։ Դրանք արդեն կարող են կառավարել TRIPP զարգացման ընկերության «դուստր» կամ հատուկ նշանակության ձեռնարկությունները։
Փաստաթղթում ներկայացված ուղղություններն են․
- երկաթուղային ենթակառուցվածքներ՝ երկաթուղիներ, տերմինալներ, կայարաններ, շարժակազմի կառույցներ,
- ճանապարհային ենթակառուցվածքներ՝ մայրուղիներ, ճանապարհներ, կամուրջներ, թունելներ,
- էներգետիկ ենթակառուցվածքներ՝ էլեկտրահաղորդման համակարգեր, նավթատարներ, գազատարներ,
- թվային ենթակառուցվածքներ՝ օպտիկամանրաթելային ցանցեր,
- աջակցող ենթակառուցվածքներ՝ վարչական կառույցներ, կոմունալ ծառայություններ, ապահովության և անվտանգության համակարգեր՝ համաձայն ՀՀ օրենսդրության։
Հայաստանի արտգործնախարարը համոզված է, որ հայ-ամերիկյան հայտարարության տեքստով ՀՀ լիովին ապահովագրված է իր համար անցանկալի երկրների կողմից տարբեր ուղղությունները կառավարելու հեռանկարից։
«Այնուամենայնիվ, կլինեն որոշ սկզբունքային հարցեր, որտեղ Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ չունենալով վերահսկիչ փաթեթ, կունենա իր վերահսկողությունը։ Այսինքն` կլինեն հարցեր, որտեղ անկախ բաժնեմասերի չափից, առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության ոչինչ տեղի ունենալ չի կարող։ Նախկինում էլ այս խոսակցությունը կար, ենթադրում եմ` հիմա էլ կլինի։ Դավադրության տեսություններ ենք լսել, մեկնաբանություններ, որ՝ այ հիմա որևէ տոկոս համամասնությամբ կհամաձայնվենք բաժնեմասերը կիսել, հետո ինչ-որ փուլում մեզանից թաքուն, մեր կամքին հակառակ բաժնեմասերի ինչ-որ մի մաս կարող է վաճառվել այս կամ այն երկրին։ Հիմա հստակ ամրագրում ենք, որ այդպիսի բան առանց մեր համաձայնության բացառվում է»։
- Փաստաթղթում վեց կետով սահմանված է, որ Հայաստանին է վերապահվում ազգային անվտանգության և իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը,
- TRIPP-ով առևտրի և տարանցման նկատմամբ մաքսային և սահմանային վերահսկողության իրավազորությունը և ոչ միայն։
ՀՀ-ն պահպանում է
- օրենսդիր, կարգավորիչ և դատական իրավազորությունը՝ պայմանավորված Հայաստանի ինքնիշխան տարածքում TRIPP-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ՝ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը՝ համապատասխան Հայաստանի ներքին օրենքներին և միջազգային համաձայնագրերին,
- ազգային անվտանգության և իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը,
- TRIPP-ով առևտրի և տարանցման նկատմամբ մաքսային և սահմանային վերահսկողության իրավազորությունը,
- հարկերի, մաքսային տուրքերի և առևտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իրավազորությունը,
- Հայաստանի ինքնիշխան տարածքում բոլոր հատվածներ հասանելիությունը,
- Հայաստանի ինքնիշխան տարածքում տարանցիկ երթուղու մասերում բոլոր հայկական օրենքները կիրառելու իրավազորությունը։
«Մի քանի տեղ փաստաթղթում վերաբերելի և նույնիսկ, եթե կուզեք, ոչ այդքան վերաբերելի հատվածներում պարբերաբար ընդգծվում է, որ ամբողջ գործընթացը տեղի է ունենալու և գործարկվելու են ենթակառուցվածքները Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության լիակատար պահպանմամբ։ Կարող եք ինքներդ ընթերցել։ Ինչը կասկածի տակ էր դրվում, ինչի շուրջ մտահոգություններ էին հնչում, ինչի շուրջ վախեր էին հնչում, ինչի շուրջ երբեմն անկեղծ մտահոգություններ, երբեմն ուղղակի չարամիտ մանիպուլյացիաներ էին արվում, այնքան միանշանակ է գրված, որ ցանկության դեպքում նույնիսկ մանիպուլացնելը շատ դժվար էը լինելու։ Անվտանգության և մաքսային հսկողության հատվածում նշվում է, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են և անքննարկելի»։
Ըստ հայ-ամերիկյան փաստաթղթի՝ սահմանային և մաքսային հարցերը կկարգավորվեն միջազգային չափանիշներով՝ «ֆրոնտ օֆիս-բեք օֆիս»՝ ընդունարան-գրասենյակ, գործառնական մոդելով․ մասնավոր օպերատորները կմատուցեն հաճախորդների առերես սպասարկման ծառայություններ՝ փաստաթղթերի ստուգում, խորհրդատվություն, վճարումներ: Հարկերը, տուրքերը և այլ վճարները պետք է ուղղակիորեն գանձվեն ՀՀ բյուջե։
«Բեք օֆիսը» արդեն ՀՀ պետական մարմիններն են․ մաքսային և սահմանային պաշտոնյաները կանեն ձևակերպումները, անվտանգության ստուգումը, միգրացիոն վերահսկողությունը։
TRIPP-ի գործարկման ժամկետ նախանշված չէ։ Առաջիկա ամիսներին անհրաժեշտ փաստաթղթերը կամբողջանան։ Միրզոյանը հուսով է, որ աշնան սկզբին արդեն կսկսվեն այսպես ասած «գետնի վրա» աշխատանքները։