Տարածաշրջանն այսօր Հայաստան-Ադրբեջան հարթությունում վերածվում է կայունության ու համագործակցության միջավայրի՝ արձանագրել է Նիկոլ Փաշինյանը՝ ողջունելով TRIPP նախագծի առաջընթացը։ Վարչապետն այսօր մասնակցել է «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» թեմայով «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» կազմակերպած ֆորումին։ Միջոցառմանը մասնակցել են նաև օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ ու փորձագետներ:
TRIPP նախագիծը նոր հնարավորություններ է բացում ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով քննարկմանը: Վարչապետի գնահատմամբ՝ քաղաքական ու տնտեսական դրական զարգացումների կուլմինացիան դեռ առջևում է։
«Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում, Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում։ Հայաստանին սպառնացող վտանգները 2026 թվականի հունվարի 14-ի առավոտյան ժամը 08։00-ի դրությամբ առավել կայուն և պակաս սպառնալիքներ պարունակող միջավայրում չի եղել։ Իհարկե, սրանում դեր ունեն այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունեցել, ինչպես նաև նախօրեին Վաշինգտոնում TRIPP նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը․ այս ամենը միջավայրն ամբողջությամբ փոխում են»։
Վարչապետի կարծիքով՝ գործընթացն ավելի մեծ տեմպերով է առաջ ընթանում, քան կարելի էր ենթադրել, իսկ տարածաշրջանն այսօր Հայաստան-Ադրբեջան հարթությունում վերածվում է կայունության և համագործակցության միջավայրի․
«Ըստ էության, աշխարհը փոթորկվում է: Իսկ Հայաստանի Հանրապետությունը և մեր տարածաշրջանն այսօր քայլ-քայլ, առնվազն՝ Հայաստան-Ադրբեջան հարթությունում վերածվում է կայունության ու անվտանգության մի միջավայրի, համագործակցության մի միջավայրի, որը չափազանց կարևոր է և շատ մեծ ձեռքբերում է»։
Վարչապետի խոսքով՝ այս պրոցեսների տրամաբանական շարունակությունը կլինի նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացումը։
«Ես չեմ ուզում առաջ անցնել, բայց ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու։ Օրինակ՝ Հայաստան-Թուրքիա սահմանին ակնհայտորեն կամուրջներ պետք է կառուցվեն, առնվազն Մարգարայում կամուրջ պետք է կառուցվի, Ախուրիկում կամուրջ պետք է կառուցվի։ Ախուրիկում ակնհայտ է, որ մաքսային և սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն, Երասխում մաքսային և սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն: Կանխատեսում եմ, որ հավանականությունը մեծ է, որ նաև Իջևան-Ղազախ հատվածում մենք կարող ենք ունենալ որոշակի զարգացումներ, նաև հարավային հատվածում մենք ունենք որոշակի զարգացումներ»։
Որպես բանախոս քննարկմանը մասնակցող դեսպան Քրիստինա Քվինը վստահեցնում է, որ ԱՄՆ-ն հանձնառու է շարունակելու աշխատանքը և տեսնելու իր ներդրած ջանքերի արդյունքը տարածաշրջանում։
«Երբ 2023թ․փետրվարին առաջին անգամ ժամանեցի Հայաստան, սահմանագոտում շատ հաճախ էին կրակոցներ հնչում։ 130 հազար արցախցիներ բռնի տեղահանվեցին։ Հիմա այլ իրավիճակ է։ Հայաստանն ու ԱՄՆ–ն իրենց համագործակցությունը 2025թ-ին հասցրեցին ռազմավարական համագործակցության մակարդակի»։
Դեսպանը հուսով է, որ ՀՀ-ը TRIPP-ի իրագործմամբ կդառնա տնտեսական հանգույց ողջ տարածաշրջանի համար։
Սահմանային կրակոցների բացակայությունը պայմանավորված է նաև ԵՄ դիտորդական առաքելության ներկայությամբ՝ կարծում է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, Վասիլիս Մարագոսը: Դեսպանը համոզված է, որ առաքելությունը նույնպես նպաստել է խաղաղության օրակարգի առաջմղմանը՝ ապահովելով տեսանելի արդյունքներ։
«Անցյալ տարի մեր ձեռքբերումները շատ նշանակալի էին։ Մենք ռազմավարական նոր օրակարգ ենք ընդունել։ Իրականացվում են գնումներ Հայաստանի զինված ուժերի համար, խոսքը ոչ մահաբեր աջակցության մասին է․ անվտանգությունը միայն բանակով կամ զինտեխնիկայով չի սահմանափակվում»։
ԵՄ-ն ավելի քան 250 մլն եվրո է ուղղել սոցիալ-տնտեսական ծրագրերին՝ հիշեցնում է Մարագոսը, նկատում նաև, որ առաջիկայում տեսանելի առաջընթաց կլինի նաև վիզաների ազատականացման գործընթացում։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ փաստում է, որ Հայաստանի համար այսօր սպառնալիքների բնույթն է փոխվել։
«Եթե այլևս կարճաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով ռազմական սպառնալիք չկա, ապա հիբրիդային սպառնալիքների վտանգը մի քանի անգամ ավելացել է: Եվ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, մոտակա 5-6 ամիսների ընթացքում ավելի շատ բախվելու է հիբրիդային սպառնալիքների: Նաև սա է եղել պատճառը, որ հետաձգել ենք ազգային անվտանգության ռազմավարության հրապարակումը»։
Ըստ Արմեն Գրիգորյանի՝ օգոստոսի 8-ից հետո տարածաշրջանում անվտանգային միջավայրը փոխել է և պետք է գտնել նոր սպառնալիքներին հակազդելու արդյունավետ քայլերը։