«Թրամփի ուղու» դեպքում ՀՀ բոլոր սահմանային և մաքսային կետերում ծառայություն կիրականացնեն ՀՀ ծառայությունները․ Միրզոյանի ասուլիսը՝ կետերով

Սպիտակ տանն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը և պատասխանելով լրագրողներից ստացված հարցերին։

Արարատ Միրզոյանի ասուլիսի առանցքային հատվածները՝ կետերով․

  • Փաստաթղթում մի քանի անգամ ընդգծվում է՝ TRIPP-ն իրականացվելու է ՀՀ լիակատար ինքնիշխանության ներքո։
  • Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին ու հրապարակվել է։ Չկա որևէ պայման, որ բարձրացվել է, բանակցվել է և ունի համաձայնություն, բայց չենք հրապարակել ինչ-ինչ նկատառումներով։
  • TRIPP զարգացման ընկերությունը կունենա բաժնեմասերի ամերիկյան վերահսկիչ փաթեթ, սակայն կլինեն որոշ սկզբունքային հարցեր, որտեղ ՀՀ-ն, չունենալով վերահսկիչ փաթեթ, կունենա իր վերահսկողությունը, այսինքն՝ կլինեն հարցեր, որտեղ անկախ բաժնեմասերի չափից, առանց ՀՀ համաձայնության, ոչինչ տեղի ունենալ չի կարող։
  • ՀՀ բոլոր սահմանային և մաքսային կետերում ծառայություն են իրականացնելու ՀՀ ծառայությունների ներկայացուցիչները։
  • «Ֆրոնտ օֆիս – բեք օֆիս»-ի իմաստն այն է, որ երբ քաղաքացին կամ սահմանազատողը, բիզնեսի դեպքում՝ հաճախորդն այցելում է տվյալ երկիր կամ ընկերություն և ուզում է որոշակի ծառայություն ստանալ, նա չի տեսնում այդ ծառայությունների մշակման, իրականացման ամբողջ ծավալը և մոտավորապես «մեկ պատուհան» սկզբունքով ինչ-որ մարդիկ իրեն բարեհամբույր սպասարկում են, թղթերն ու տվյալները հավաքագրում են: Թե հետո ինչպես է ընթանում այդ գործընթացը, ինչպես են տվյալները մշակվում, ինչպես է որոշում կայացվում, դա արդեն տեղի է ունենում հետնաբեմում՝ «բեք օֆիսում»: 

Leave a Comment