Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համար իրենց գործունեությամբ զրոյական օգտակար գործողության գործակից ունեցող հոգևորականները հերթով ու շարքով համալրում են «Եկեղեցու բարենորոգում» կրոնա-քաղաքական աղանդի շարքերը։ Վստահ չեմ, որ վերջին օրերին աղանդին միացածները խորապես գիտակցում են իրենց արածի հետևանքները, սակայն մի բան վստահաբար կարող ենք ասել, որ, ըստ իրենց, իրենք դուրս են եկել Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ ազգընտիր Վեհափառ Հայրապետի դեմ։
Այս հոգևորականները՝ նախկին թե գործող, իրենց, այլևս իրավամբ, տիրադավ թեմակալ առաջնորդների մեղսավոր ազդեցության տակ են։ Նրանք այդ որոշումը, կարծում եմ, ինքնուրույն չեն կայացրել, ինչը, սակայն, ամենևին չի արդարացնում նրանց արարքը։
«Եկեղեցու բարենորոգում» կրոնա-քաղաքական աղանդին միացած եկեղեցականներին միացնում է ատելությունը, որը նրանք իրենց մեջ արմատավորել են ինչ-որ կեղծ և ճշմարտության հետ աղերս չունեցող բամբասանքներով, չարախոսություններով, ինչը հատուկ է մորթապաշտ ու վախկոտ անձնավորություններին։ Կրկնեմ, որ հնարավոր է, որ նրանք իսկապես դեռևս չեն գիտակցում, որ իրենք զինվորագրվել են կրոնա-քաղաքական աղանդին, սակայն նույն պնդումը չեմ կարող անել նրանց տիրադավ առաջնորդների պարագայում, քանի որ նրանք շատ լավ հասկանում են, որ իրենք հերձվածողական շարժման համահիմնադիրներ են դարձել, ընդ որում, հետագա ուսումնասիրություններն ու քննությունները, վստահ եմ, կբացահայտեն շարժման ակունքներում գտնվող նաև այլ մարդկանց անուններ։ Հայրենադավ տիրադավները կորցնելու բան այլևս չունեն և, բնականաբար, որքան հնարավոր է ավելի շատ կամակատարների իրենց հետ դեպի դժողք կտանեն կամ գոնե կփորձեն տանել։ Պետք է արդյո՞ք մենք տխրենք սրա համար։
Կարծում եմ, այո, իսկապես այստեղ տխրելու բան կա, որովհետև բավականին տհաճ զբաղմունք է այս Սուրբ Ծննդյան օրերին խոսել Եկեղեցու մեջ հերձվածի առաջացման փաստի մասին։ Ես ինքս էլ թեև կարգալույծ քահանա եմ և այժմ չեմ քահանայագործում, սակայն ապրում եմ իբրև քահանա։ Ես հավատարիմ եմ մնում իմ օծմանը և հավատարիմ եմ մնում այն գրված և չգրված կանոնակարգին, որը դարերով գոյություն ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում։
Միանում եմ միլիոնավոր այն հայորդիներին, ովքեր հավատարիմ են մնում Մայր Աթոռ Սուր Էջմիածնին, միանում եմ բոլոր այն ուխտապահ հոգևորականներին, ովքեր այս փորձության օրերին չեն ուրանում նախ և առաջ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին և ապա նաև Նրա անդավաճան նախախնամությունը վայելող Ամենայն Հայոց Հայրապետին, ովքեր չեն ուրանում իրենց ճակատի և ափերի վրա դրոշմված Սրբալույս Մյուռոնը և մեր Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգը։ Խստագույնս դատապարտում եմ ավազահիմն «Եկեղեցու բարենորոգում» կրոնա-քաղաքական աղանդի եկեղեցամարտ և պետականակործան գործողությունները։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: