Ֆլորենցիայի «Teatro del Maggio Musicale» թատրոնը հայտարարել է բալետի ռուս պարուհի Սվետլանա Զախարովայի երկու ներկայացումների չեղարկման մասին: Պատճառը՝ Իտալիայում Ուկրաինայի դեսպանատան խնդրանքն է եղել:
Զախարովան պետք է հունվարի 20-ին և 21-ին թատրոնում կատարեր իր հեղինակային «Pa de Deux for Toes and Fingers» նախագիծը՝ ամուսնու՝ ջութակահար Վադիմ Ռեպինի մասնակցությամբ։
««Maggio» երաժշտական թատրոնը հայտարարել է, որ Սվետլանա Զախարովայի և Վադիմ Ռեպինի մասնակցությամբ բալետը, որը նախատեսված էր 2026 թվականի հունվարի 20-ին և 21-ին, ժամանակավորապես հետաձգվել է միջազգային լարվածության պատճառով, որը կարող է վտանգել ներկայացման հաջողությունը»,- նշված է թատրոնի կայքում։
Nazione թերթի տվյալներով՝ որոշումը կայացվել է Իտալիայում Ուկրաինայի դեսպանատան բողոքարկումից հետո, որը դեկտեմբերի վերջին նամակներ է ուղարկել Ֆլորենցիայի իշխանություններին և թատրոնի ղեկավարությանը, որոնցում կոչ է արվել չեղարկել ներկայացումները։