Ֆլորենտինոն քեզ դուրս է շպրտելու․ Սիմեոնեն սադրել է Վինիսիուսին դերբիի ժամանակ

Movistar-ի տեսախցիկները Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի ժամանակ ֆիքսել են «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի և «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի միջև տեղի ունեցած ուշագրավ միջադեպը։

Չնայած «Ռեալը» հաղթում էր Վալվերդեի վաղ գոլի շնորհիվ, արգենտինացի մասնագետը պահը բաց չթողեց բրազիլացուն հունից հանելու համար։ Երբ Վինիսիուսը մոտեցավ եզրագծին, Սիմեոնեն նրան ասաց. «Ֆլորենտինոն քեզ դուրս է շպրտելու, հիշի՛ր խոսքերս»։ Այս արտահայտությունից հետո ֆուտբոլիստը մի քանի վայրկյանով շեղվեց խաղից՝ կենտրոնանալով մարզչի ասածի վրա։

Սա առաջին դեպքը չէ, երբ «Ատլետիկոյի» ներկայացուցիչները փորձում են հոգեբանական ճնշման ենթարկել Վինիսիուսին։ Լա Լիգայի առաջին շրջանի խաղում (որտեղ «Ատլետիկոն» հաղթել էր 5:2 հաշվով) Կոկեն նույնպես սադրել էր բրազիլացուն՝ ակնարկելով, որ «Մբապեն խլում է նրա տեղը»։

Նշենք, որ Վինիսիուսն այնքան էլ լավ մարզավիճակում չէ․ նա գոլ չի խփել հոկտեմբերից, իսկ նրա վարքագիծը խաղադաշտում դժգոհություն է առաջացրել նույնիսկ «Սանտիագո Բերնաբեուի» երկրպագուների շրջանում։ Պայմանագրի երկարաձգման հարցի ձգձգման ֆոնին՝ նրա ապագան «Ռեալում» ավելի ու ավելի հաճախ է հարցականի տակ դրվում։

Չնայած բրազիլացու անհաջող խաղին՝ «Ռեալին» հաջողվեց հաղթել Վալվերդեի և Ռոդրիգոյի գոլերի շնորհիվ։

Leave a Comment