Սիրելի հոգևոր հայրեր, դուք առաջնագծում եք, ձեր թիկունքն ամուր է, մի՛ վախեցեք․ Գենադի Մնացականյան

Այսօր Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի տարածքում գտնվող Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում տեղի է ունեցել հերթական սրբապղծությունը։ Ընդ որում` դրա մասին հայտարարվել էր նախապես, այսինքն, յուրահատուկ  հոգևոր մենամարտ էր հայտարարվել։ Գործող հոգևորականները խիզախություն ունեցել են «մարտի դաշտ» գնալու, սակայն, կներեք, բայց խիզախություն չեն ունեցել իրենց իրավունքները պաշտպանելու համար։

«Չէինք ուզում որևէ մեկի քթից արյուն հոսի» բացատրությունը այլևս արդիական չէ։ Մենք ամեն անգամ պարտություն ենք կրում և ավելի ոգևորում հայրենադավ տականքին։ Եթե պետք լինի, ապա ոչ թե քթից արյուն հոսելուց պետք է չվախենալ, այլ կյանքը տալուց էլ չպետք է վախենալ։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նահատակների արյունով է միշտ կանգուն մնացել, եթե այսօր մենք պատրաստ չլինենք մեր կյանքը զոհել հանուն մեր Սուրբ Եկեղեցու, ապա նորանոր եկեղեցիներ ենք հանձնելու նորահայտ աղանդավորականներին ու մի օր էլ Մայր Աթոռն ենք զիջելու։ Այսպես թե այնպես քաղաքացիական բախումներն անխուսափելի են։

«Քաղաքացիական պայմանագիր» կրոնա-քաղաքական աղանդը կանգ չի առնելու։ Մենք չպետք է այլևս «քթից արյուն հոսելուց» վախենանք, չպետք է մեր այս երկրավոր կյանքի վրա ավելի դողանք, քան անհրաժեշտ է։ Աստված վախկոտների ու դասալիքների Աստվածը չէ։ Անհրաժեշտ է անհապաղ կասեցնել եղբայրադավերի ու հայրենադավերի հաղթարշավը։ Ի՞նչ է նշանակում «չենք ուզում որևէ մեկի քթից արյուն հոսի», ես էլ չեմ ուզում, բայց մենք ավելի շատ պետք է չուզենք, որ պղծվեն մեր եկեղեցիներն ու սրբավայրերը։ Չեմ կարծում, որ եթե ազատության մեջ լիներ Մկրտիչ սրբազանը, ապա նա կարող էր նման խայտառակությունը հանդուրժել։

Արագածոտնի թեմում ծառայող իմ շատ սիրելի արժանապատիվ ու հոգեշնորհ սրբազան հայրեր, խնդրում եմ իմ այս խոսքերից չվիրավորվեք ու չնեղվեք, ես դա ամենաքիչն եմ ուզում, բայց խնդրում եմ, տեր կանգնեք ձեզ վստահված սրբություններին։ Նաև մյուս թեմերի հոգևորականներին է վերաբերում, բացառությամբ Շիրակի թեմի, որը օրինակ ծառայեց, թե ինչպես է պետք պաշտպանվել։ Մի՞թե Գյումրիում ինչ-որ մեկի քթից արյուն հոսեց։ Ոչ, չհոսեց, բայց հաղթեցին, ստորացրեցին պիղծ աղանդավորականներին ու խայտառակ անելով դուրս վռնդեցին իրենց սիրելի քաղաքից։ Սիրելի հոգևոր հայրեր, դուք առաջնագծում եք, ձեր թիկունքն ամուր է, մի՛ վախեցեք և մի՛ թույլ տվեք, որ եղբայրադավերն ու հայրենադավերը պղծեն մեր Սուրբ եկեղեցիները։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment