Երազանքը՝ ազատություն․ տարեմուտը՝ Գորիսի բանտում (ֆոտոշարք)

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի պատիժ կրող անձինք հուզմունքով, սպասումով ու կարոտով են ակնդրում գորիսեցի երաժիշտներ Հենրիկ Տեր-Ստեփանյանի, Նարեկ Սարգսյանի ու Վախթանգ Մարտիրոսյանի կատարումները։ Բանտային առօրյան արդեն  երրորդ տարին՝  «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն է փորձել հետաքրքիր դարձնել՝  կամուրջ ստեղծելով ազատության ու անազատության մեջ գտնվողների միջեւ։  Իհարկե, կազմակերպության այս նախաձեռնությանը  աջակցել են Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Սիսիանի «Գրին Ռոդ» ընկերության տնօրեն Հրայր Գաբրիելյանն ու կապանցի գործարար Էդգար Հակոբյանը։

Վախթանգ Մարտիրոսյան

«Գորիս» քրեակատարողական հիմնարկում 104 մարդ է պատիժ կրում, որից 70-ը դատապարտյալ են։ 2025թ-ին 11 անձ ազատվել է պատժի լրիվ կրումով, պայմանական վաղաժամկետ  էլ՝ 19 մարդ է ազատվել։ Տարին  հագեցած է եղել, պատիժ կրող անձինք չեն ձանձրացել ու յուրաքանչյուրն իր հետաքրքրության սահմանում մասնակցել է տարբեր միջոցառումների։ Քրեակատարողական ծառայությունը, մենք՝ բոլոր աշխատակիցներով առաջնային տեղ ենք տալիս վերասոցիալականացման ծրագրերին, զգում ենք՝ որ դրական է ազդում  անազատության մեջ գտնվող անձանց վրա, տարբեր միջոցառումներ՝ կրթա-մշակութային, կրոնական, մարզական, որպեսզի ազատ ժամանակը նպատակային օգտագործեն։ Նաեւ այս միջոցառումներով նրանք փոխվում են, ուղղվում»,-ասաց ՔԿՀ-ի պետի տեղական Գեւորգ Նավասարդյանը։

Գևորգ Բաղդասարյան, Գևորգ Նավասարդյան

Կապան համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Լավրենտ Ստեփանյանն առաջին անգամ է քրեակատարողական հիմնարկում։ Հիմնարկի պետ Գեւորգ Բաղդասարյանը  բանտային առօրյան է նրան ներկայացնում, ավագանու անդամը «Գորիս» ՔԿՀ-ի վերջերս նորոգված գրադարանին գրքեր է նվիրում։

«Շատ կարեւոր են նման միջոցառումները պատիժ կրող անձանց համար, հատկապես որ կառավարությունը վերջին տարիներին  պատժիչ քաղաքականությունից անցել է սոցիալականի։ Պակաս կարեւոր չեն ազատազրկման վայրերից վերադարձողների անցնցում ինտեգրումը, ուստի առաջիկայում «Հանուն Ազատության» ՀԿ-ի հետ քննարկելու ենք որոշակի քայլեր, ինչու չէ նաեւ նախագծեր կներկայացնենք ավագանու  քննարկմանը», -նշեց  ավագանու անդամը։

2023թ,-ից անազատության մեջ գտնվող  Վրեժ Բաղդասարյանը  4 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել։ Զղջում է կատարվածի համար, աղոթում է ամեն օր ու բոլորին  հորդորում՝ զգույշ մնալ փորձանքներից։ Հայաստանի բոլոր բանտերում  գտնվողներին շուտափույթ ազատություն է մաղթում։

Չնայած տոնի խորհրդին ու տոնական համերգին՝ ազատազրկված անձինք մտախոհ են, մտովի կարծես իրենց ընտանիքներն են տեղափոխվել։ Նրանք սակավախոս են՝  հրաժարվում են հարցազրույցից,  իսկ տարեմուտի գիշերը  մի երազանք են պահել՝  2026-ը թող ազատության տարի լինի։

Համերգի մանրամասները՝ տեսանյութում։

 

Լուսանկարներն ու տեսանյութը  հրապարակվում են ազատազրկված անձանց համաձայնությամբ

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment