
Նյու Յորքի կենտրոնում գտնվող մետրոյի չգործող կայարաններից մեկում Նոր տարվա առաջին րոպեներին տեղի է ունեցել նորընտիր քաղաքապետ Զոհրան Մամդանիի երդման արարողությունը, տեղեկացնում է Reuters-ը։
Old City Hall կայարանը դադարել է ուղևորներին սպասարկել նախորդ դարի կեսերին և զբոսաշրջիկների համար իր դռները բացում է տարին միայն մի քանի անգամ։
Երդման արարողության ժամանակ նորընտիր քաղաքապետը խոստացել է հետևել Միացյալ Նահանգների Սահմանադրությանը և Նյու Յորքի օրենքներին։
34-ամյա Մամդանին կպաշտոնավարի չորս տարի ժամկետով։ Այնուհետև ևս մեկ անգամ առաջադրվելու հնարավորություն կունենա։
Նա ծրագրում է ընդլայնել մատչելի բնակարանային ծրագրերը, զարգացնել հանրային տրանսպորտը և շեշտը դնել սոցիալական ծառայությունների վրա։
Մամդանին առաջին քաղաքապետն է, որը երդում է տվել Ղուրանի վրա։ Նրա կողքին է եղել կինը՝ Ռամա Դուվաջին։