«Ուզում են «Օազիսը» խլեն, եթե շատ խոսեց, անունը կտամ էդ մարդու, խելոք վեր ընկնի տեղը»․ Վարդան Ղուկասյան

ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու մյուսների գործով դատական նիստում հարցաքննվեց Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման օրոք Գյումրու քաղաքապետարանում առանցքային պաշտոն զբաղեցրած անձանցից մեկը՝ Արտյոմ Մազմանյանը։ Նա զբաղեցրել է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը։

Վկայից հետաքրքրվեցին, թե ինչ մասնակցություն է նա ունեցել հողերի մասնավորեցման գործընթացին։ Արտյոմ Մազմանյանը պատասխանեց, որ դա առնչություն չի ունեցել իր գործառույթի հետ։

Հարցին՝ հնարավո՞ր է իր պարտականությունները չի իմացել, վկան պատասխանեց․ «Էդպես ո՞նց կարող է»։

Նա նորից կրկնեց, որ հողերի օտարման գծով քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետն է զբաղվել։

Հարցին՝ երբ նրանք կազմել են, փաստաթղթերը ներկայացրե՞լ են իրեն, ասաց՝ այո, բայց ավագանու նիստի օրակարգ մտցնելու համար են դա արել, ոչ թե իր վերահսկողությանն են հանձնել։ Նա նշեց, որ կնիքը իր մոտ չի եղել, այն եղել է քաղաքապետի մոտ։

Հարցին՝ հողերը օտարելուց հաշվի առնվե՞լ է՝ այն օտարման ենթակա՞ է, թե՞ ոչ, վկան պատասխանեց․ «Այդ հարցերով զբաղվել է նաև իրավաբանական բաժնի պետը»։

«Ձեր կենտրոնական զբոսայգին քանի՞ տարվա զբոսայգի է»,-մեղադրողի հարցին՝ վկան պատասխանեց․ «Միշտ էլ զբոսայգի է եղել»։

Նա նշեց, որ վիճելի հարցերի դեպքում քաղաքաշինության բաժնի պետը իրավաբանական բաժնի պետ միասին դիմել են մարզպետարան։

Մեղադրողները նրան ասացին, որ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի կողմից տեղեկանք է տրվել, որ կենտրոնական զբոսայգին չի ընկնում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի տակ ու կարող է օտարվել։

«Բավարա՞ր է դա օտարելու», -հարցրեցին Արտյոմ Մազմանյանին։ Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը նշեց, որ կա տեղեկանք՝ հողատարածքի որոշ հատվածի մասին, այլ ոչ ամբողջ զբոսայգու։

Մեղադրողը Արտյոմ Մազմանյանին հիշեցրեց, որ նա եղել է աճուրդային հանձնաժողովի անդամ։ Նա, սակայն ասաց, որ չի հիշում իր պարտականությունները, իրավունքները, աճուրդն իրականացնելու կարգը։

«Եղե՞լ է դեպք, որ աճուրդին որևէ մեկը չմասնակցի, բայց մեկին օտարվի»,-հետաքրքրվեց մեղադրողը։

«Բացառվում է»,-պատասխանեց Արտյոմ Մազմանյանը։

Նա նշեց, որ 99 տոկոսով մասնակցել է աճուրդներին։

Նրանից հետաքրքրվեցին՝ եղե՞լ է դեպք, որ առանց մարզպետարանի, քաղաքաշինության նախարարության թույլտվության կանաչ գոտին օտարվի, սահմանափակումները հաշվի չառնեն, վկան պատասխանեց․ «Չեմ հիշում»։

«Եղե՞լ է դեպք, որ քաղաքապետը կամ փոխքաղաքապետ մի բան ասի, համաձայն չլինեք»։

«Կոնկրետ չեմ հիշում, բայց եղած կլինի»,-պատասխանեց Արտյոմ Մազմանյանը։

Մեղադրողը նշեց․ «Մենք վերցրել ենք փաստաթղթերը, ուսումնասիրել, եղել են դեպքեր, դուք չեք մասնակցել, ո՞նց եք ստորագրել»։

Արտյոմ Մազմանյանը մեկ անգամ ևս կրկնեց, որ իր գործառույթը քաղաքապետի ստորագրությունը վավերացնելն է, թե իսկականի հետ ճիշտ է, բայց իր գործառույթների մեջ չի մտնել որոշումների հիմքերին ծանոթանալը։

«Պարոն Մազմանյան, մի վախենա, ստեղ մարդ չեն մորթե, ինչ որ ճիշտն է ասա»,- տեղից միջամտեց Վարդան Ղուկասյանը։

Վարդան Ղուկասյանը պարզաբանեց, որ աշխատակազմի ղեկավար նշանակում է քաղաքապետարանի աշխատանքները կանոնակարգելը, իսկ նմանատիպ հողհատկացումներն անում են քաղաքաշինության բաժնի մասնագետները, մարդիկ գալիս են, ցանկություն են հայտնում հող գտնելու, քաղաքի գենպլանը քաղաքաշինության բաժնում է և ճարտարապետի մոտ։

«Ոչ մեկի մոտ չէ, ո՛չ իմ, ո՛չ աշխատակազմի ղեկավարի, քաղաքաշինության բաժինն է ասում՝ 60 հոդված տակ է, թե ոչ։ Մրցույթ է հայտարարվում, ավագանին որոշում է, որից հետո բոլոր մասնագետներով ստորագրած, իրավաբանով, վերջում թուղթը նայելով, որ չի խախտվել ոչ մի բան, աշխատակազմը բերում է, ու բոլորի ստորագրելուց հետո քաղաքապետը ստորագրում է։ Այսինքն` ոչ դու, ոչ ես չէինք կարող էդքան գնալ ու ստուգել, 30 հոգի մարդ է աշխատում քաղաքաշինության բաժնում»,-պարզաբանեց Վարդան Ղուկասյանը։

Նա ասաց՝ 13 տարի է խորհրդակցություն է անցկացրել ու ամեն անգամ ասել՝ «Քաղաքապետ կլինի, մարզպետ կլինի, դատախազ կլինի, միլպետ կլինի, եթե օրենքից դուրս բան խնդրի, անեք, ուրեմն դուք ԿԳԲ-ի աշխատողներ եք ու թուղթ եմ ստորագրել տվել, ասել եմ, մոտ օրերս կբերեմ թուղթը դատարան»։

Վարդան Ղուկասյանն ասաց՝ երբ խնդիր է առաջացել 60 հոդվածի հետ կապված, այսինքն` կանաչ գոտու հետ, քաղաքապետարանի քաղաքաշինության բաժինն է դա որոշում՝ կանաչ գոտի է, թե կառուցապատման ենթակա տարածք, ու փոփոխություն կատարում է քաղաքապետարանի համապատասխան բաժինը։

«Օազիսը» (կենտրոնական զբոսայգու մեջ գտնվող սրճարան է) իմ եղբորն է, ես ուրեմն էդքան խելք չունեի՞, որ անօրինական վերցնեի, գիշեր-ցերեկ ասել եմ՝ էգուց մեզի մանրադիտակով կստուգեն, ուշադիր եղեք, թշնամի, բարեկամ, բոլորին հողահատկացում արել ենք։ Ես ուրեմն պիտի գնայի, նմանատիպ բան անեի՞։

Իրենք ֆռռացնում են, որովհետև «Թումոն» ուզում է «Օազիսը» խլել, եթե շատ խոսեց, անունը կտամ էդ մարդու, խելոք վեր ընկնի տեղը։ Էս ամբողջ կռիվը «Թումոյի» և «Օազիսի» կռիվն է, ուրիշ բան չկա։

Հիմա, որ« Թումոն» սարքել են, օրինական փաստաթուղթ ունե՞ն, որ գրավել են այգու տարածքը, 50 հատ էլ ծառ են կտրել»,-հարցրեց Վարդան Ղուկասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment