«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– Պարո՛ն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյան և Վլադիմիր Պուտին առանձնազրույցն ու վարչապետի այցը Ռուսաստան ինչպե՞ս կգնահատեք:
– Զարմանալի է, որ դաշնակցային մարմինների աշխատանքներին մասնակցելու Փաշինյանի որոշումն արդեն Հայաստանում արտառոց է համարվում: Թե՛ Ռուսաստանը, թե՛ ԵԱՏՄ-ն ու ԱՊՀ անդամ երկրներից շատերը Հայաստանի հետ բազմակողմ ու երկկողմ ռազմավարական համագործակցության փաստաթղթերով կապված են, ու շատ բնական պետք է լինի Հայաստանի ավելի ակտիվ մասնակցությունը հենց ԵԱՏՄ նիստերին: Մյուս կողմից՝ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի հակասական, եթե ավելի կոշտ բնորոշմամբ չասեմ, քաղաքականությունն է պատճառը, որ մարդիկ նման այցերի մեջ ինչ-որ տողատակեր են փնտրում:
ԵԱՏՄ ու ԱՊՀ գագաթնաժողովներին հատուկ անդրադարձ չեմ անի, որովհետև դրանք տարեվերջյան ամփոփիչ նիստեր են, բայց էլի մի հանգամանքի վրա ուշադրություն հրավիրեմ․ քաղաքական քծնանքը Նիկոլ Փաշինյանը դարձրել է հավատամք, նկատի ունեմ ԵԱՏՄ նիստում այն գոհունակությունը, որ նա հայտնում էր Ալիևին: Ու դա անում է այն օրերին, երբ ռազմագերիների վերաբերյալ Բաքվից գալիս են ցմահ ազատազրկման դատապարտելու վճիռների մասին լուրեր:
Անշուշտ ամենակարևորը Պուտինի հետ հանդիպումն էր, որի ընթացքում Փաշինյանը մի շատ ուշագրավ հայտարարություն է արել, որը հակասության մեջ է մտնում TRIPP-ի աշխարհաքաղաքական նպատակների հետ: Մասնավորապես նա ասել է, որ հայ-ռուսական հարաբերությունները օգոստոսի 8-ից հետո նոր հնարավորություն են ստացել:
Տարակուսելի հայտարարություն է, եթե հաշվի առնենք, որ TRIPP-ն առաջին հերթին աշխարհաքաղաքական նախագիծ է, որն ուղղված է նաև Ռուսաստանի ազդեցության սահմանափակմանը: Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանը որոշել է, հատկապես նախընտրական փուլում, աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններից եկող հնարավոր ռիսկերը կառավարելու նպատակով ցանկացած հասցեատիրոջ ասել այն, ինչը նրան ականջահաճո է: Օրինակ՝ Մոսկվայում ասում է, թե TRIPP-ը դրական էր, որովհետև բացում է նոր լոգիստիկ հնարավորություններ, ասենք, Ադրբեջանի միջով դուք կարողանում եք երկաթուղային կապ հաստատել Հայաստանի հետ: Արևմուտքում էլ, բնականաբար, այլ խոսույթ կլինի, կհպարտանա, որ մասնակցում է մի նախագծի՝ ի դեմս TRIPP-ի, որը սահմանափակում է Ռուսաստանի ազդեցությունը:
Այս երկակի դիրքորոշումներով քաղաքականությունը կարճաժամկետ կտրվածքով Նիկոլ Փաշինյանին ներքաղաքական դիվիդենտներ կարող է տալ, բայց երկարաժամկետ կտրվածքով նման երկակիությունը Հայաստանի համար ստեղծելու է անվստահելի գործընկերոջ իմիջ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններում: Սա հավասարակշռված արտաքին քաղաքականության հետ ոչ մի կապ չունի, սա, ըստ էության, արտաքին գործընկերներին մանիպուլացնելու փորձ է, նրանք կարող են լռել, չարձագանքել, բայց իրենց հետևությունը անում են:
Միայն մեկ հանգամանք կա, որի դեպքում Նիկոլ Փաշինյանի վարքագիծը շատ թե քիչ ռացիոնալ կարելի է համարել, եթե հանկարծ պարզվի, իհարկե սա խիստ տեսական վարկած է, որ Սյունիքի ճանապարհի հարցում ԱՄՆ-ն ու Ռուսաստանն ինչ-որ կոնսենսուս են ձևակերպել:
– Բացառո՞ւմ եք, որ կողմերը կգան այդ կոնսենսուսին:
– Չեմ բացառում, բայց բացառում եմ, որ եթե նման բան լիներ, Նիկոլ Փաշինյանը տեղեկացված կլիներ արդեն, հետևաբար չեմ կարծում, թե նրա խոսույթի վրա այդ հանգամանքն է ազդում, եթե նույնիսկ կա այդ հանգամանքը:
– Իսկ ինչո՞վ է բացատրվում այն, որ ներսում Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի վերաբերյալ շատ սուր հայտարարություններ են հնչեցնում, բայց գործողությունների մակարդակում այլ բան են անում:
– Գործողությունների մակարդակով էլ հակառուսական բաներ տեսնում ենք, օրինակ՝ ԵՄ-ից դրամական օգնություն խնդրելը, դա զուտ հակառուսական նախաձեռնություն է, որովհետև պարզ է, չէ՞, որ այդ գումարը տալիս են Ռուսաստանի համար խնդիրներ առաջացնելու համար: Բայց նաև, այո՛, տեսանելի է, որ ներքին այդ հռետորաբանությունն ու քայլերը չեն համապատասխանում իրար: Իսկ դա, արդեն ասացի, պայմանավորված է նրանով, որ հակասական երկակի դիրքորոշումներով քաղաքականություն է վարում, որի հիմքում ոչ թե երկրի շահերն են, այլ՝ իր իշխանությունը ռիսկերից ձերբազատելը:
– Հաջողվո՞ւմ է:
– Այս պահին ներքաղաքական առումով Նիկոլ Փաշինյանին դեռևս հաջողվում է, բայց դա իր հաջողությունը չէ, դա հետևանք է այն բանի, որ առայժմ այլընտրանքային ընդդիմադիր կենտրոն չի ձևավորվել:
– Պարո՛ն Սուրենյանց, Ռուսաստան-Հայաստան ներկայիս հարաբերություններն ինչպե՞ս կգնահատեք:
– Այդ հարաբերությունները շատ հակասական են՝ ճգնաժամի ակնհայտ տարրով, որովհետև, ըստ էության, բարձր մակարդակի բնականոն հարաբերություններ չկան, եթե հաշվի չառնենք Պուտին-Փաշինյան երբեմն-երբեմն տեղի ունեցող հանդիպումները: Բայց ես կարծում եմ, որ առայժմ այդ ճգնաժամը կառավարելի է, դուրս չի եկել սահմաններից, որ արդեն իրական սպառնալիքի վերածվի Հայաստանի համար: Բայց, իհարկե, Նիկոլ Փաշինյանը շարունակում է երկրի ռազմավարական կուրսը փոխելու քաղաքականությունը, ես դրանում համոզված եմ: Եթե լուրջ վերանայումներ չլինեն, հայ-ռուսական հարաբերություններում իրական ճգնաժամերը դեռ առջևում են:
– Իսկ ձեր գնահատմամբ՝ այդ նույն TRIPP-ի վերաբերյալ Ռուսաստանն ի՞նչ դիրքորոշում ունի ու ի՞նչ քաղաքականություն է վարում իրականում:
– Ռուսաստանն առայժմ դրա կենսագործման հավանականությունը շատ բարձր չի համարում, արձագանքներից կարելի է այդպես դատել: Առայժմ Ռուսաստանը սպասողական դիրք է գրավել, փորձում է այս տարածաշրջանում նաև Հայաստանում ռիսկերը կառավարել, մինչև ուկրաինական պատերազմը կավարտվի, ու ավելի շատ ռեսուրսներ կունենա այս տարածաշրջանում ավելի ակտիվ քաղաքականություն վարելու համար:
TRIPP-ը առայժ հռչակագիր է ամերիկյան մակարդակով, որպես հռչակագրային նախագիծ էլ դրան արձագանքում են Ռուսաստանից: Երբ գործնականացման փուլ մտնի, այդ ժամանակ նոր Ռուսաստանի ու Իրանի իրական դիրքորոշումը կտեսնենք: Այդ դիրքորոշումները չեն կարող դրական լինել, եթե Ռուսաստանի ու Իրանի շահերը հաշվի չառնվեն: Հիմա վտանգ չեն տեսնում, որովհետև իրականացման ուղղությամբ ոչ մի իրական քայլ չկա:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am