ԱՄՆ դեսպանների հետկանչն ազդել է Բայդենի օրոք նշանակված դիվանագետների վրա․ գրում է Bloomberg-ը:
ԱՄՆ դիվանագետների ասոցիացիան սա համարել է դիվանագիտական կորպուսի «քաղաքականացում» և ԱՄՆ հեղինակության խաթարում արտերկրում:
Աշխարհի տարբեր ծայրերից մի քանի տասնյակ ԱՄՆ դեսպանների հետկանչը վտանգավոր ազդանշան է ուղարկում»,- LinkedIn-ում հայտարարել է Ամերիկյան արտաքին ծառայության ասոցիացիան։
Bloomberg-ը հաղորդում է, որ Պետդեպարտամենտում շրջանառվող ցուցակներից մեկը ներառում է մոտ 30 դեսպանի անուն: Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ դեսպանների հետկանչը ստանդարտ ընթացակարգ է, և որ նախագահ Դոնալդ Թրամփն «իրավունք ունի ապահովել, որ ԱՄՆ ավագ դեսպաններն առաջ մղեն իր օրակարգը»։
Այնուամենայնիվ, ինչպես նշվում է հոդվածում, նման նախադեպը խախտում է ԱՄՆ-ի վաղեմի ավանդույթները, որոնց համաձայն՝ դիվանագետները մնում են իրենց պաշտոններում նույնիսկ վարչակազմի փոփոխությունից հետո։
Ամերիկյան արտաքին ծառայության ասոցիացիան (AFSA) հայտարարել է․ «Ամերիկան այսպես չի վարվում։ Առանց պատճառի ավագ դիվանագետներին հեռացնելը խաթարում է ԱՄՆ հեղինակությունն արտասահմանում և անհանգստացնող ուղերձ է հղում մասնագիտական արտաքին ծառայությանը»։
Նախկինում The Washington Post-ը և The New York Post-ը հաղորդել էին Աֆրիկայում, Եվրոպայում, Ասիայում, Մերձավոր Արևելքում և Արևմտյան կիսագնդում ԱՄՆ 48 դեսպանների հետկանչի մասին: Associated Press-ը հայտնել էր, որ Վաշինգտոնը հետ է կանչում Ջո Բայդենի վարչակազմի օրոք իրենց պաշտոնները զբաղեցրած դիվանագիտական առաքելությունների 29 ղեկավարների: Ըստ AP-ի՝ դիվանագետներին տեղեկացվել է, որ նրանց պաշտոնավարման ժամկետը լրանալու է 2026 թվականի հունվարին, բայց նրանք կպահպանեն իրենց կարգավիճակը և կկարողանան Վաշինգտոնում նոր պաշտոններ զբաղեցնել: Կադրային փոփոխությունները կանդրադառնան նաև Հայաստանում, Հյուսիսային Մակեդոնիայում, Չեռնոգորիայում և Սլովակիայում ԱՄՆ դեսպանատների վրա։