Ամոյանը՝ UWW-ի մրցանակակիր «Տարվա վերադարձ» անվանկարգում

Ամոյանը՝ UWW-ի  մրցանակակիր «Տարվա վերադարձ» անվանկարգում

19 դեկտեմբերի 2025 – 16:33 AMT

PanARMENIAN.Net – Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ UWW-ն, ամփոփել է 2025 թվականի մրցաշրջանի արդյունքները՝ տարբեր անվանակարգերում։

«Տարվա վերադարձ» անվանակարգում հաղթող է ճանաչվել 77 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ, Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը, հայտնում է Panorama.am-ը։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ֆեյսբուքյան էջում նաև հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացվում է հայ մարզիկի մրցելույթների ուղին և հաղթանակին հասնելու բարդ ճանապարհը։

Ըստ UWW-ի՝ Ամոյանն անցել է բարդ փորձությունների միջով՝ իր վերջին աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելով 2021 թվականին Օսլոյում՝ 72 կգ քաշային կարգում։ Այնուհետև նա տեղափոխվել է 77 կգ քաշային կարգ, ինչը ուղեկցվել է մարտահրավերներով և բարդություններով։ 2022 և 2023 թվականների աշխարհի առաջնություններում, ինչպես նաև 2024 թվականի Օլիմպիական խաղերում, նա սահմանափակվել է բրոնզե մեդալներով։

Սակայն 2025 թվականը դարձել է բեկումնային։ Զագրեբում անցկացված աշխարհի առաջնությունում 26-ամյա մարզիկը հանդես է եկել իր կարիերայի ամենահաջող գոտեմարտերով։ Եզրափակիչ փուլում նա 9։1 հաշվով առավելության է հասել գործող օլիմպիական չեմպիոն Նաո Կուսակայի (Ճապոնիա) նկատմամբ՝ հռչակվելով Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն։

«Ես աշխարհի չեմպիոն դարձա 2021 թվականին [72 կգ քաշային կարգում], բայց ես իսկապես ուզում էի դառնալ աշխարհի չեմպիոն 77 կգ քաշային կարգում։ Երկու տարի պայքարում էի վնասվածքների դեմ, և ոչինչ այնպես չէր ընթանում, ինչպես պետք է։ Բարեբախտաբար, այս աշխարհի առաջնությունում ես պատրաստ էի՝ մտավոր, ֆիզիկապես և ֆունկցիոնալ առումով, և Աստծո շնորհիվ ես կարողացա հաղթանակ տանել և դառնալ աշխարհի կրկնակի չեմպիոն», – ասել է Մալխաս Ամոյանը։

Leave a Comment