«Ինձ համար ակնհայտ է, որ եպիսկոպոսների հայտարարած այս հավաքի հետևում կանգնած է անձամբ վարչապետը, և նրա նպատակն ամբողջությամբ եկեղեցին իրեն ենթարկեցնելն է, որպեսզի եկեղեցու առաջնահերթությունն այլևս չլինի իր սահմանադրական առաքելությունը։ Մինչդեռ մեր Սահմանադրությունը հստակորեն ճանաչում է ազգային եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում, հոգևոր կյանքում և ազգային ինքնության պահպանման գործում, իսկ օրենքը հռչակում է եկեղեցու ինքնակառավարման իրավունքը նվիրապետության սահմաններում»,- Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր ղեկավար, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մայր Աթոռի բակում երկու հակընդդեմ ցույց է անցկացվում՝ մեկը 10 եպիսկոպոսների հորդորով Կաթողիկոսին հանգստի կոչելու, մյուս հատվածն ի պաշտպանություն կաթողիկոսի է հավաքվել։
Ըստ նրա՝ այս ամենից ակնհայտ է, որ վարչապետը որևէ լիազորություն չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին, և նույն սկզբունքով որևէ իշխանական ներկայացուցիչ՝ առավել ևս պաշտոնյա, իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին կյանքին․ «Մենք նաև չպետք է մոռանանք, որ մեր եկեղեցին այսօր գտնվում է ադրբեջանական թիրախում, և Ադրբեջանի իշխանությունը պետական ծրագրով մեր եկեղեցին հայտարարել է թշնամական կառույց։ Այստեղ շատ կարևոր է գիտակցել, որ մենք չենք կարող և չպետք է ապրենք մշտական տագնապի և լարվածության մեջ, այն տպավորությամբ, թե հայ ժողովուրդը պայքարում է իրար դեմ։ Այս ամենը, ինչ տեղի է ունենում, ծառայում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգին։ Այս գործընթացների արդյունքում մեր երկիրը չի զարգանում, նոր աշխատատեղեր չեն ստեղծվում, մեր անվտանգությունը չի ամրապնդվում, զինված ուժերը չեն զարգանում, ադրբեջանական զինծառայողները չեն հեռանում մեր սահմաններից։ Սա օրակարգ է, որը մեզ պառակտում և թուլացնում է»։
Ըստ Արման Թաթոյանի՝ լուծումը մեկն է․ «Մենք պետք է ունենանք այնպիսի իշխանություն և այնպիսի պետություն, որտեղ իշխանությունը չի միջամտում եկեղեցու ներքին գործերին, այլ բացառապես գործում է օրենքի շրջանակներում, և այդ դեպքում նաև եկեղեցականները չունեն որևէ անհրաժեշտություն զբաղեցնելու կամ հավակնելու պետական պաշտոնների»։
Ըստ նրա՝ կարևոր է նաև արձանագրել, որ նման արշավները միջազգայնորեն անընդունելի են և դատապարտելի, քանի որ դրանք ոտնահարում են կրոնի ազատությունը, հոգևոր ազատությունը՝ թե՛ մեր ժողովրդի, թե՛ հոգևորականների և քաղաքացիների համար․ «Այս միջոցառումները ակնհայտորեն քաղաքական բնույթի են դարձել։ Այն, որ նրանք մի եկեղեցուց մյուսն են գնում, չի նշանակում, որ գնում են որպես հավատավոր քրիստոնյաներ։ Չի կարող մարդը հայտարարել, որ քրիստոնյա է և միաժամանակ տարածել թշնամանք, ատելություն, օգտագործել բառապաշար, որը հասնում է նույնիսկ խուլիգանական մակարդակի։ Այդ պայմաններում անհեթեթ է խոսել հոգևոր պահանջմունքների մասին։ Եթե այդպես էր՝ ինչո՞ւ առաջ չէին գալիս եկեղեցի, ինչո՞ւ հիմա են պարտաճանաչ կերպով հայտնվում բոլոր այն վայրերում, որտեղ կառավարության ղեկավարն է լինում, ստեղծելով տպավորություն, որ ՔՊ-ն արտագնա նիստեր է անցկացնում եկեղեցիների բակերում։ Սա քաղաքական արշավի մաս է, եկեղեցու դեմ արշավի անբաժան օղակ։ Մենք իրավունք չունենք սա դիտարկել որպես առանձին գործողություն։ Սա մեծ շղթայի մի մաս է, և յուրաքանչյուր քայլ ուղղված է նույն նպատակին հասնելուն։ Երբ դրսից չի ստացվում, փորձում են ներսից պառակտել եկեղեցին՝ սկզբում առանձին հոգևորականների միջոցով, հետո՝ արդեն եպիսկոպոսների մակարդակով»։
Հարցին՝ չեք կարծո՞ւմ, որ Վեհափառը պետք է հավատավոր ժողովրդի հետ կապի դուրս գա և արձագանքի հնչեցվող մեղադրանքներին, Արման Թաթոյանը պատասխանեց․ «Դա եկեղեցու գործն է։ Ամենայն հայոց կաթողիկոսն ինքն է որոշում, թե երբ և ինչ ձևաչափով հանդես գա։ Եկեղեցին պարբերաբար հանդես է գալիս ուղերձներով, և այդ հարցը եկեղեցու ներքին դիսկուրսի մաս է։ Մեզ մեջ արհեստականորեն ներմուծել են այս հակադրությունը՝ մեզ իրար դեմ հանելու համար, և մենք չպետք է թույլ տանք, որ դա վերածվի մեր ինքնության դեմ պայքարի գործիքի»։
Ուղիղ միացումը Մայր Աթոռի բակից ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: