Սկիզբը՝ այստեղ
Ինչի է հանգեցնում Ալիեւի բոլոր քմահաճույքների հետ հաշվի նստելը, Ադրբեջանի պահանջները Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային կետեր դարձնելըԻնչի է հանգեցնում Ալիեւի բոլոր քմահաճույքների հետ հաշվի նստելը, Ադրբեջանի պահանջները Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային կետեր դարձնելը
Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանին ուղղված տարբեր պահանջների բավարարման ֆոնին անգամ, Բաքվից հարկ են համարում Հայաստանի եւ այլ կառույցների հետ ընդունված փաստաթղթերի առնչությամբ հրապարակային հայտարարություններ անել ու քննադատել:
Պարզվեց, վերջերս Բրյուսելում ստորագրված ԵՄ-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը «հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին»: Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որում նշում էին. «Փաստաթղթի նախաբանում եւ դրա մի շարք այլ հոդվածներում կիրառվող «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» արտահայտությունը, որ վերաբերում է Ադրբեջանի վերաինտեգրման պլանից հրաժարվելուց հետո կամավոր կերպով Հայաստան տեղափոխված մարդկանց, ինչպես նաեւ այս հարցի ընդգրկումը ԵՄ եւ Հայաստանի հարաբերությունների առաջնահերթությունների թվում, այդ մարդկանց բնորոշումը որպես «փախստականների», Ադրբեջանի հանդեպ ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի դրսեւորում է»։
Բացի այդ, նաեւ դժգոհել էին. «Փաստաթղթի այն հոդվածում, որ նվիրված է հարաբերությունների կարգավորմանը ԵՄ ներդրմանը, նշվում է Միջազգային դատարանի վճիռների լիարժեք, անհապաղ եւ արդյունավետ կատարման մասին։ Որեւէ կասկած չկա, որ խոսքը Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերի մասին է», ապա պնդել, որ փոխադարձ հայցերի թեման` «բացառապես երկկողմ հարաբերություններին է վերաբերում»։
Պաշտոնական Բաքուն բողոքում է նաեւ, որ ադրբեջանական բանտերում գտնվող հայերը Երեւանի եւ Բրյուսելի մեջ ստորագրված փաստաթղթում անվանվում են «գերեվարված անձինք»։ Բաքուն նաեւ դժգոհ է, որ ԵՄ-Հայաստան ռազմավարական փաստաթղթում որեւէ հիշատակում չկա TRIPP-ի մասին, փոխարենը «հիշատակվում է տարածաշրջանային կոնսենսուսից զուրկ հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»։ «Նման իրավիճակը հարցեր է առաջացնում Հայաստանի կողմից TRIPP նախագծի կյանքի կոչման հետ կապված», – ասված է հայտարարությունում։
«Հաշվի առնելով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից նախաստորագրված համաձայնագրի 7-րդ հոդվածով կողմերը պարտավորվում են որեւէ երրորդ ուժի ներկայացուցիչների չտեղակայել սահմանի երկայնքով, հավելյալ անհանգստություն է առաջացնում, որ Ադրբեջանի դեմ որպես քարոզչական գործիք օգտագործվող Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) գործունեությունը դադարեցնելու փոխարեն՝ Երեւանն ու Բրյուսելը այդ առաքելության ներկայության պահպանումը եւ դրա օպերատիվ գործունեությունն առաջնահերթություն են համարում», նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ «Հիշատակված առաջնահերթություններից բացի, ռազմական եւ պաշտպանական թեմաների շեշտադրումը նպաստում է Հայաստանի միլիտարիզացիային»,- նշել էր գերատեսչությունը։
Այնուհետեւ ամփոփել էին. «Այս խնդիրները, օգոստոսի 8-ից հետո ձեռք բերված առաջընթացի ֆոնին, վերստին ի հայտ են բերում նախորդ հակամարտության տարրեր եւ լուրջ կասկածներ են առաջացնում Հայաստանի մտադրությունների վերաբերյալ: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը եւ ԵՄ-ն կոնկրետ քայլեր կձեռնարկեն այս անցանկալի դրույթները լուծելու համար, որոնք չեն արտացոլում ներկայիս իրողությունները:
Այսինքն, Բաքուն Երեւանին ու Բրյուսելին խորհուրդ է տալիս` վերացնել, իրենց պատկերացմամբ` վնասակար դրույթները: Ահա, թե ինչի է հանգեցնում Ալիեւի բոլոր քմահաճույքների հետ հաշվի նստելը, դրանցով առաջնորդվելը եւ Ադրբեջանի պահանջները Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային կետ դարձնելը:
Բաքվի պահվածքը, մեղմ ասած, տարօրինակ է ոչ միայն այն պատճառով, որ ԵՄ-ն ողջունել է օգոստոսին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը, այլեւ` մի քանի առիթներով, ԵՄ-ն վերահաստատել է իր ամուր աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հետագա ամրապնդմանը եւ ինստիտուցիոնալիզացմանը:
Հայաստանի արտգործնախարարության խոսնակի մակարդակով Ադրբեջանի ԱԳՆ-ի վերոնշյալ հայտարարությանը արձագանք հնչեց: Արձանագրվեց, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ երկկողմ ձեւավորված եւ խորացող գործընկերության բովանդակությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա: «Այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներն, այլեւ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը եւ սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը։ Ակնհայտ է, որ սա ինքնին միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին», նշել էր խոսնակ Անի Բադալյանը` «Ազատության» հարցմանն ի պատասխան:
Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա ակնհայտ է, որ կենտրոնացած են Ռուսաստանի կողմից ապատեղեկատվական արշավի ընդլայնման թեմայի ուղղությամբ եւ Հայաստանը նաեւ դիտարկվում է այս համատեքստում:
Ռուսաստանը ընդլայնում է իր ապատեղեկատվական արշավը Հայաստանում, անցյալ շաբաթ հայտարարեց ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի արտահերթ նիստում։ «Ռուսաստանն ու նրա պրոքսիներն ընդլայնում, արագացնում են իրենց ապատեղեկատվության արշավը, այդ թվում՝ Հայաստանում՝ հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ»,- նշել էր Կալլասը։
Իսկ դեկտեմբերի 15-ին Կալլասը Բրյուսելում հայտնեց, որ 2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը օգնություն է խնդրել ԵՄ-ից։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ այս հարցը քննարկվելու է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի՝ այսօր Բրյուսելում կայանալիք նախաճաշի ընթացքում։ «Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, եւ մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային», – ասել է Կալլասը։
Նշյալ հանդիպման արդյունքներով, ՀՀ ԱԳՆ-ից հայտնեցին, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել էր ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձեւաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը, որին մասնակցել էին Կալլասը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը եւ ԵՄ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, եւ որ քննարկման ընթացքում ԵՄ անդամ երկրներն աջակցություն են հայտնել` «Հայաստանի ժողովրդավարական զարգացման, դիմակայունության ամրապնդման, ինչպես նաեւ հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցերում»: Իսկ «տարածաշրջանային զարգացումների համատեքստում ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին»։
Այս առիթով էլ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Արմենպրես»-ին լրացուցիչ պարզաբանել էր, թե Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ոլորտում համագործակցությունը նորություն չէ։ «Տարբեր ուղղություններով Հայաստանի դիմակայունության բարձրացման, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցությունը շարունակական է եւ նոր չի սկսվել։ Գործընկերության զարգացմանը զուգահեռ դիտարկվում, մշակվում, հաստատվում են ՀՀ ժողովրդավարական, տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված տարբեր նախաձեռնություններ։ Այդ սկզբունքով ընդունվեցին, օրինակ՝ այս պահին իրականացման ակտիվ փուլում գտնվող «Դիմակայունություն եւ աճ» ծրագիրը, Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման մասին որոշումը։ Բացառություն չէ ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համահունչ ապահովելու ճանապարհին հնարավոր հիբրիդային սպառնալիքներին հակազդելու նպատակով փոխգործակցությունը, ԵՄ աջակցությունը՝ հաշվի առնելով այս ուղղությամբ ԵՄ ու անդամ երկրների փորձն ու գործիքակազմը։ Համապատասխանաբար, այո, կան այդ ուղղությամբ համատեղ քննարկումների արդյունքում ձեւավորված նախաձեռնություններ, որոնց շուրջ որոշումների կայացման պարագայում հանրությունը պատշաճ կտեղեկացվի»,- նշել էր ԱԳՆ խոսնակը։
Խորհրդարանական ընտրություններից առաջ, ըստ ամենայնի, իշխանություններն Արեւմուտքից աջակցությամբ` նոր թափ կհաղորդեն ներքաղաքական կյանքում ընդդիմադիրների նկատմամբ իրենց գործողություններն էլ ավելի կոշտացնելով եւ դրանք արդարացնելով:
Ներհայաստանյան զարգացումներում ՀՀ իրավապահները «արտաքին միջամտության», «հիբրիդային սպառնալիքների» առնչությամբ ի՞նչ կոնկրետ հանցագործություններ են բացահայտել` ընդդեմ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության, որոնց հակազդելու հարցերում իշխանությունն ակնկալում է աջակցություն:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.12.2025
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: