Դինամոն պարզապես մեծ ակումբ չէ․ Սանդրո Պերկովիչ — Armsport.am

«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 6-րդ տուրի՝ Կիևի «Դինամոյի» դեմ հանդիպմանն ընդառաջ կիսվել է իր սպասելիքներով։

«Մենք գիտենք, թե ում դեմ ենք խաղում, և պետք է պատրաստ լինենք։ «Դինամոն» պարզապես մեծ ակումբ չէ, այն հարուստ պատմություն ունեցող հզոր ակումբ է՝ շատ լավ կազմով։ Նրանք վերջերս մարզչական փոփոխություն են կատարել։ Թիմը դավանում է հարձակողական ոճ, եզրային պաշտպանները շատ ակտիվ են միանում գրոհներին։ Ֆիզիկապես շատ ուժեղ կոլեկտիվ է»,- նշել է մարզիչը։

Պերկովիչն ընդգծել է, որ թեև կիևցիների ընթացիկ արդյունքները դեռևս լիովին չեն համապատասխանում «Դինամոյի» կարգավիճակին, ինքը մեծ հարգանքով է վերաբերվում մրցակցին․

«Ես լիովին գիտակցում եմ, որ եթե ցանկանում ենք արդյունքի հասնել, վաղը պետք է լինենք առնվազն այն մակարդակի վրա, ինչ «Լեգիայի» դեմ խաղում էր»։

Պատասխանելով այն հարցին, թե ում է համարում մրցակցի ամենավտանգավոր ֆուտբոլիստը, Պերկովիչը նշել է․

«Ես չեմ սիրում առանձնացնել անհատներին, քանի որ ֆուտբոլը թիմային մարզաձև է։ Բայց եթե պետք է նշել մեկ խաղացողի, ես կառանձնացնեմ Անդրեյ Յարմոլենկոյին»։

Հիշեցնենք, որ «Դինամո» — «Նոա» հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 18-ին:

Leave a Comment