100 մետրից գոլ, Ֆիգուն՝ մարզումներին և կասկածելի կապեր․ Ուկրաինական մամուլը՝ Նոայի մասին

Ուկրաինական հայտնի Champion.com.ua մարզական պարբերականը Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի «Դինամո» Կիև – «Նոա» հանդիպմանն ընդառաջ ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի փոխչեմպիոնի մասին։

Հոդվածագիրը վերլուծել է երևանյան ակումբի սրընթաց վերելքը՝ հիմնադրումից մինչև եվրագավաթային փլեյ-օֆֆ, անդրադարձել ակումբի սեփականատիրոջը, աստղային հյուրերին (Լուիշ Ֆիգու), ինչպես նաև չի շրջանցել թիմի շուրջ պտտվող խոսակցությունները՝ կապված ռուսական տրանսֆերների և բուքմեյքերական ոլորտի հետ։

Ստորև ներկայացնում ենք ուկրաինական կայքի հոդվածի հայերեն թարգմանությունը։

Գոլ 100 մետրից, «եղբայրական» ակումբ Իտալիայում, Ֆիգուն՝ մարզումներին․ Ինչպե՞ս «Նոան» 8 տարում անցավ հիմնադրումից մինչև ԿԼ փլեյ-օֆֆ ճանապարհը

Երիտասարդություն. Եթե փորձենք մեկ բառով բնութագրել եվրագավաթային մրցաշրջանում Կիևի «Դինամոյի» վերջին մրցակցին, ապա «Նոա» ֆուտբոլային ակումբին ամենաշատը սազում է հենց այս բառը։

Երևանը ներկայացնող ակումբը Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի ամենաերիտասարդ մասնակիցն է՝ ընդ որում, մեծ տարբերությամբ։ Եթե երիտասարդությամբ երկրորդը համարվող Լառնակայի ԱԵԿ-ը հիմնադրվել է 1994 թվականին, ապա «Նոան»՝ միայն 2017-ին։ Նույնիսկ եթե հաշվի առնենք բոլոր երեք եվրագավաթները, «Նոան» մնում է ամենաերիտասարդը (համեմատության համար՝ Եվրոպա լիգայի ամենաերիտասարդ մասնակիցը՝ «Միդտյուլանդը», ստեղծվել է 1999-ին, իսկ գերմանական «ՌԲ Լայպցիգը»՝ 2009-ին)։

Պարզապես պատկերացրեք՝ երբ «Նոան» անցկացնում էր իր պատմության առաջին մրցաշրջանը, Վիտալի Բույալսկին արդեն «Դինամոյի» հիմնական խաղացող էր, իսկ Անդրեյ Յարմոլենկոն՝ կիևցիների կազմում 99 գոլ խփած մեկնել էր նվաճելու Եվրոպան։

Մեկնարկը. արագ անվանափոխություն և բազա՝ Արարատի տեսարանով

Ակումբն իր պատմության սկզբում կոչվում էր «Արցախ», սակայն 2019-ին այն գնեց «Նոա» հոլդինգը և անվանափոխեց ի պատիվ Նոյ նահապետի։ Ըստ ավանդույթի՝ Նոյյան տապանը հանգրվանել է Արարատ լեռան վրա, որի տեսարանի ներքո էլ մարզվում են «Նոայի» ֆուտբոլիստները։

Հոլդինգը ժամանակին ուներ մեծ հավակնություններ՝ ինտեգրվելով այլ երկրների ֆուտբոլային շուկաներ։ «Նոայի» սեփականությունն էին դարձել գերմանական «Յուրդինգենը», իտալական «Սիենան», իսկ յուրմալյան «Լոկոմոտիվը» վերանվանվել էր «Նոա Յուրմալա»։ Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով արտասահմանյան նախագծերը ձախողվեցին, և խնդիրներ կարող էին սպառնալ նաև երևանյան ակումբին, որը 2022/23 մրցաշրջանն ավարտեց մրցաշարային աղյուսակի հետնապահների շարքում։

Բայց «Նոայի» բախտը բերեց։ Ակումբի սեփականատեր դարձավ հայաստանցի խոշոր գործարար Վարդգես Վարդանյանը։ Նրա գործընկերներից մեկն այսպես է բացատրել ֆուտբոլ մուտք գործելու ցանկությունը. «Մենք հողի մշակ ենք, և մեզ համար կարևոր են գյուղացիական մոտիվները։ Նոյն իջել է Արարատյան դաշտավայր և առաջինը խաղող տնկել։ Նա առաջին գինեգործն էր։ Մեր ներդրումները երկարաժամկետ են»։

Սենսացիայի արարումը. Ֆիգուն՝ ակադեմիայում, Չանչարևիչի պատմական գոլը

Սեփականատիրոջ փոփոխությունից հաշված օրեր անց «Նոայի» մարզմանը ներկա գտնվեց «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուիշ Ֆիգուն։ Վարդանյանը գումար չէր խնայում ակումբի համար. թիմում հայտնվեցին այնպիսի անուններ, ինչպիսիք են Դյումերսի Մբոկանին (թեև կարիերայի մայրամուտին) և Ալֆրեդ Ն’Դիայեն։ Իսկ «Շախտյորի» սան Արթուր Միրանյանը մեկ մրցաշրջանում խփեց 23 գոլ։

Եվրագավաթային մեկնարկը տպավորիչ էր։ «Նոան» հաղթահարեց մակեդոնական «Շկենդիայի» և մալթական «Սիլեմայի» արգելքները։ Սակայն իսկական սենսացիան տեղի ունեցավ հունական ԱԵԿ-ի դեմ խաղում։ Հայաստանում «Նոան» ոչ միայն հաղթեց հզոր մրցակցին, այլև դարպասապահ Օգնեն Չանչարևիչը մտավ պատմության մեջ՝ մոտ 100 մետրից գրավելով Թոմաս Ստրակոշայի դարպասը։

Այդ դրվագը բեկումնային էր։ Պատասխան խաղում հայերը պահպանեցին առավելությունը և դուրս եկան փլեյ-օֆֆ, որտեղ հաղթահարեցին նաև սլովակիական «Ռուժոմբերոկի» արգելքը՝ դառնալով Կոնֆերենցիաների լիգայի որակավորման բոլոր փուլերը հաղթահարած առաջին ակումբը։

«Նոայի» մեղքերը. ռուսական հետք և կասկածներ ՈւԵՖԱ-ի հետ կապերի մասին

Այս մրցաշրջանում «Նոան» շարունակում է զարմացնել՝ հաղթելով «Լեգիային» և «Ռիեկային», իսկ արտագնա խաղերում միավորներ վաստակելով։ Ակումբը դարձավ հայկական ֆուտբոլի պատմության առաջին թիմը, որը դուրս եկավ եվրագավաթների փլեյ-օֆֆ։

Սակայն այս վերելքի մասին խոսելիս չի կարելի շրջանցել նաև որոշ նրբերանգներ։ Ինչպես հայկական շատ բիզնեսներ, «Նոան» ևս զերծ չմնաց ռուսական կապերից։ Թիմում կան ռուս ֆուտբոլիստներ, իսկ կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը վերադարձավ հայրենիք ռուսական «Սոչիից», որին վճարվեց 200 հազար եվրո։

Բացի այդ, Վարդանյանի IT ընկերությունը կապված է սպորտային խաղադրույքների և առցանց կազինոների ոլորտի հետ։ Ինչպես հայտնի է, ակումբի սեփականատիրոջ և բուքմեյքերական գործունեության միաժամանակյա կապը արգելված է ՈւԵՖԱ-ի կողմից շահերի բախման պատճառով։ Այստեղ առաջանում են վարկածներ, թե ինչու է «Նոայի» ղեկավարը որպես գործընկեր ընտրել հենց Լուիշ Ֆիգուին։ Պորտուգալացին 2017-ից աշխատում է որպես ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի խորհրդական։ Չի բացառվում, որ Վարդանյանը կապեր է հաստատել Ֆիգուի հետ՝ եվրագավաթներից հնարավոր արգելքներից խուսափելու համար…

Ամեն դեպքում, «Դինամոյի» համար սա բարդ հանդիպում է լինելու, և հաղթել նման մրցակցին խիստ ցանկալի է՝ թեկուզ հանուն հեղինակության և պարգևավճարների։

Leave a Comment