2026թ. շուրջ 240 դպրոց այլեւս չի լինի՝ ներառյալ սահմանամերձ շրջաններում, օրինակ, կփակվեն նաեւ Սյունիքի մարզի Սալվարդ, Հացավան, Թասիկ գյուղերի դպրոցները: Կառավարությունը որոշել է փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցները վերամիավորել, խոշորացնել: «Խնդիրը լուրջ է: Մի կողմից՝ ունենք դպրոցներ, որտեղ 1 դասարանում սովորում է 1,2,3,4 աշակերտ, ինչը հնարավորություն չի տալիս երեխաներին լիարժեք սոցիալիզացվել: Պատկերացրեք՝ երեխան մենակ է նստած դասարանում կամ 2-3 հոգով, դա կրթության որակի վրա էլ ազդում, որովհետեւ նմանատիպ դասարանում աշխատող ուսուցիչներն էլ մի տեսակ հոգնում են երեխաներից, երեխան էլ՝ ուսուցչից, բազմազանություն չկա: Նաեւ դպրոցներում ոչ միշտ է հաջողվում ուսուցիչներ գտնել: Հաճախ մեկ ուսուցիչը մի քանի առարկա է դասավանդում: Այսինքն, խնդիրն առկա է, եւ այս թեման նաեւ 10 տարի առաջ էր քննարկվում», – Aravot.am-ի հետ թեմայի վերաբերյալ զրույցում նշեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
«Ժամանակին գտնվել էր լուծում, որն իմ կարծիքով ավելի ճիշտ կլիներ իրականացնել, քան այս նոր մոտեցումը: Այն ժամանակ որոշվել էր, որ փոքր դպրոցներում 1-4-րդ դասարանները լինելու են: Այսինքն 5-րդ դասարանից երեխաները կտեղափոխվեն այլ գյուղ, իսկ մինչեւ 4-րդ դասարան կշարունակեն սովորել իրենց գյուղում գտնվող դպրոցում: Այս տարբերակի դրական կողմն այն էր, որ նախ փոքր երեխաների խնդիրը կարգավորվում էր, որովհետեւ եթե հիմա 6 տարեկան երեխային գյուղից գյուղ ես տեղափոխում, խնդիրներ են ծագում, այլ բան է, երբ 10-11 տարեկանն է գնում հարեւան գյուղ: Իմ կարծիքով, շատ կարեւոր է, որ գյուղում դպրոց լինի, որովհետեւ դպրոցն ինչ-որ իմաստով գյուղի մշակույթի մաս է կազմում, գյուղում սեպտեմբերի 1 է լինում, Վերջին զանգ…Հիմա նման սիմվոլիկ բաներից էլ գյուղերը կզրկվեն:
Մյուսն ուսուցիչների հարցն է, լինելու են կրճատումներ՝ տնօրենների, ուսուցիչների, հաշվապահների, պահակների: Գյուղերում դպրոցը եզակի կառույցներից է, որը քիչ թե շատ աշխատատեղեր է ապահովում, իսկ հիմա այդ աշխատատեղերը կպակասեն, եւ մարդիկ հակված կլինեն գնալ այն գյուղերը, որոնցում դպրոց կա: Ով հնարավորություն ունի, կգնա: Գյուղից դուրս կգա մտավորական, կրթված խումբը, եւ արդյունքում՝ ավելի կաղքատանա գյուղը, դա կբերի նրան, որ մնացողներն էլ կամաց-կամաց կսկսեն մտածել հեռանալու մասին:
Մյուս մտահոգությունս այն է, որ ունենք փոքր դպրոցներ, որոնք փակման ենթակա են, բայց շատ լավ դպրոցներ են, ինչպես օրինակ Վայքի Բարձրունի անունով գյուղի դպրոցը: Ես գիտեմ, որ այդ գյուղի դպրոցը շատ լավ որակ է տալիս, մեծ թվով երեխաներ ընդունվում են բուհ՝ ինքնուրույն պարապելով, քանի որ գյուղը կտրված է, եւ անգամ կրկնուսույցի մոտ չեն կարողանում գնալ: Կարծում եմ նման բաներն էլ պետք է հաշվի առնել, եւ այն դպրոցը, որ այս պահին լավ է աշխատում, պետք չի փակել, որովհետեւ հաստատ ավելի վատ է ինտեգրվելու նոր դպրոցին:
Մի խոսքով խնդիրները շատ են լինելու, գումարած ճանապարհների հեռավորությունը, ձմռան ամիսներին հաստատ սուր խնդիրներ լինելու են, մասնավորապես, Գեղարքունիքի, Շիրակի մարզերում: Ես ավելի կողմնակից էի նախորդ որոշմանը, որի դեպքում մինչեւ 4-րդ դասարան մնում է գյուղում: Այս դեպքում գոնե դասվարը, տնօրենը մնում են, գյուղում գոնե սեպտեմբերի 1 կլիներ, գուցե ինչ-որ թատերախումբ գար, մինչդեռ գյուղն առանց դպրոցի անշունչ տարածք է դառնում»:
Սերոբ Խաչատրյանը նաեւ հավելեց, որ եթե հիմա մինչեւ 100 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչները հավելավճար են ստանում, ապա դպրոցների խոշորացվելու դեպքում՝ շատ ուսուցիչներ ավելի պակաս կվարձատրվեն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: