ՊՍԺ-ի պատմություն կերտողները՝ ՖԻՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականում — Armsport.am

Հայտնի է 2025 թվականի ՖԻՖԱ-ի տղամարդկանց խորհրդանշական հավաքականի կազմը, որտեղ գերիշխող դիրք ունեն ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստները։

Լավագույնների ցանկում ընդգրկվել են ՊՍԺ-ի 6 խաղացողներ, ովքեր առանցքային դեր են ունեցել ակումբի՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու և Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ դուրս գալու գործում։ Նրանց թվում են դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման (ով արդեն տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»), պաշտպաններ Աշրաֆ Հակիմին, Վիլիան Պաչոն, Նունո Մենդեշը, կիսապաշտպան Վիտինյան և հարձակվող Ուսման Դեմբելեն։

Աստղային կազմում տեղ են գտել նաև Քոուլ Փալմերը և իսպանացի 18-ամյա հրաշամանուկ Լամին Յամալը։

ՖԻՖԱ-ի 2025 թ․ խորհրդանշական հավաքականը

  • Դարպասապահ՝ Ջանլուիջի Դոնարումա (Իտալիա)
  • Պաշտպաններ՝ Աշրաֆ Հակիմի (Մարոկկո), Վիլիան Պաչո (Էկվադոր), Վիրջիլ վան Դեյկ (Նիդերլանդներ), Նունո Մենդեշ (Պորտուգալիա)
  • Կիսապաշտպաններ՝ Քոուլ Փալմեր (Անգլիա), Վիտինյա (Պորտուգալիա), Պեդրի (Իսպանիա), Ջուդ Բելինգհեմ (Անգլիա)
  • Հարձակվողներ՝ Ուսման Դեմբելե (Ֆրանսիա), Լամին Յամալ (Իսպանիա)

Ընտրությունը կատարվել է 2024 թ․ օգոստոսի 11-ից մինչև 2025 թ․ օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածի ելույթների հիման վրա։ Թեկնածուների ցուցակը կազմել է ՖԻՖԱ-ն՝ ֆուտբոլային շահագրգիռ կողմերի հետ համատեղ։ Հաղթողները որոշվել են ֆուտբոլային փորձագետների և FIFA.com-ում գրանցված երկրպագուների քվեարկությամբ (յուրաքանչյուր խմբի ձայները ունեցել են հավասար կշիռ):

Ընտրության կարգը նախատեսում էր 1 դարպասապահի, 3 պաշտպանի, 3 կիսապաշտպանի և 2 հարձակվողի պարտադիր ընդգրկում, իսկ մնացած տեղերը բաշխվել են ամենաշատ ձայներ հավաքած դաշտային խաղացողների միջև։ Տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված խաղացողը ավտոմատ կերպով ընդգրկվել է խորհրդանշական հավաքականում։

Leave a Comment