«Քաղաքական ուժը, որը ասում է՝ «Արցախը թոկ է», հիմա սրտի ցավով է ասում՝ էնտեղ հեղաշրջում տեղի ունեցավ»․ ՔՊ-ական եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորները լեզվակռիվ արեցին

«Մոգական է, պարոն Կոնջորյան, քաղաքական ուժը, որը ասում է՝ «Արցախը թոկ է, Արցախը մեր հանրապետության անկախությանը խոչընդոտ է», հիմա սրտի ցավով է ասում՝ էնտեղ հեղաշրջում տեղի ունեցավ։ Բա հեղաշրջվածն ինչի՞ չէր բողոքել, որ իրեն շրջել են։ Ոնց որ թե՝ ինքն էլ դեմ չէր շրջվելուն»,- ԱԺ արտահերթ նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին դիմեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Հայկ Կոնջորյանն իր ելույթում ասել էր՝ ընդդիմությունը ժամանակին ողջունեց Արցախում հեղաշրջումը եւ օրեր անց Արցախը հանձնվեց։ Հայկ Կոնջորյանը նաեւ հայտարարել էր՝ ընդդիմությունը դեմ է, որ իշխանությունը վարկ է վերցրել՝ զենք գնելու համար։

«Մենք չենք ասում, թե ինչո՞ւ եք վարկ վերցրել զենք առնելու համար, չենք ասում, թե ինչո՞ւ եք զենքի վրա շատ փող ծախսում, մենք ասում ենք, որ ավելի քիչ է ծախսվում, քան պետք է։ Բայց վեր կենալ ասել՝ 8 միլիարդ դոլար վարկ ենք վերցրել եւ 8 միլիարդի զենք ենք առել․․․բա ճանապարհ ինչի՞ հաշվին եք կառուցել։ Ակնհայտ է չէ, որ 8 միլիարդի զենք չեք առել։ Ակնհայտ է, որ այն ուղղակի մանիպուլյացիա է եղել եւ պետք չի այստեղ ասել, որ ընդդիմությունը չի ուզում, որ զենք առնենք»,- ասաց Խաչատրյանը։

Հայկ Կոնջորյանը հակադարձեց՝ իրենք չեն ասել՝ «Ղարաբաղը թոկ էր», ասել են՝ «Ղարաբաղի հարցն էր թոկ» ու դրանք տարբեր բաներ են եւ այդ հարցը թոկ սարքողներից մեկը եղել է Ռոբերտ Քոչարյանը, որից ապօրինի գույքի բռնագանձման պահանջով պետության ներկայացրած հայցագինը մոտավորապես այնքան է, ինչքան հիմա իրենք վարկ են վերցնում՝ արցախցիների բնակապահովման ծրագրի համար։

«Ռոբերտ Քոչարյանը դոլարային մուլտիմիլիոնատեր է դարձել․ բա մի հատ սրա մասին էլ խոսեք»,- ասաց Հայկ Կոնջորյանը՝ հավելելով, որ ընդդիմությունը հեքիաթներ է պատմում։

Նրան երկրորդեց Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ երբ խոսվում է 2023 թվականին Ղարաբաղում իշխանափոխությունից եւ դրան հաջորդած էթնիկ զտումից, պետք է հիշել նաեւ այն, որ ՀՅԴ-ն 2022 թվականին 004 շրջաբերականում գրել է․ «․․․Միաժամանակ, ակնհայտ է, որ ոչ մի արմատական խնդիր չի կարող լուծվել, մինչեւ չփոխվի Արցախի իշխանությունը, Արցախի քաղաքականությունը չվերադարձվի ազգային ուղեգիծ, չվերականգնվի Արցախի գործոնը»։

«Երբ այս մարդիկ փոխեցին Արցախի իշխանությունը, օրեր անց, ԼՂ-ում չմնաց որեւէ անձ։ Վերջ»,- ասաց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment